Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանը կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում հանդիսավոր կերպով հայտարարեց «Թվային տեխնիկական միջոցները` արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսի մեկնարկը:
Միջոցառմանը մասնակցում են տարբեր կրթական կազմակերպությունների (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ), Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատություններ) ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից և հարևան Վրաստանից։
Ստուգատեսի թեման կրթական տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն է։ Քառօրյա աշխատանքի ընթացքում կներկայացվեն էլեկտրոնային ուսումնական նյութեր, ֆիլմեր, տեսահոլովակներ, ուսուցման մեջ թվային միջոցների կիրառման փորձի նմուշներ, սովորողների տեխնիկական ստեղծագործության արդյունքներ և տարբեր նախագծեր:
Ի թիվս այլ զեկուցումների, առաջին օրվա ծրագրում ընդգրկված էր նաև ԿՏԱԿ–ի ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Վահե Երիցյանի «Էլեկտրոնային առաջին դասագրքերը Հայաստանում. զարգացման հեռանկարներ» թեմայով զեկուցումը՝ դպրոցներում օգտագործվող էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների վերաբերյալ։
Հայաստանում առաջին էլեկտրոնային ձեռնարկները ստեղծվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ` Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում. հեղինակային խմբի ղեկավար՝ ակադեմիկոս Սամվել Շուքուրյան: Էլեկտրոնային 14 ուսումնական ձեռնարկները Կրթության ազգային ինստիտուտը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկներ, իսկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը դրանք բազմացրել է և տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցներին։ Առաջին փորձի շարունակությունը դարձան «Խաղում ենք մաթեմատիկա» և «Խաղում ենք հայերեն» համակարգչային խաղերը ու «Քվանտ» վարժարանում ստեղծված «Ռուսաց լեզու» և «Էլեկտրոնային անգլերեն» էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, որոնք ստեղծվել են ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոնե ԾԻԳ–ի պատվերով՝ որպես պարտադիր կրթական ծրագրի օժանդակ ձեռնարկներ։ 2010թ. ԿՏԱԿ–ի պատվերով ստեղծվեց «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնական ձեռնարկը կից էլեկտրոնային սկավառակով, որն առանձին էլեկտրոնային ձեռնարկ է։
Ստուգատեսի աշխանքների ամփոփման, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 23–ին, ժամը 12–ին։





