Educational materials

Նորություններ

Այցելություն Տավուշի մարզ
26-01-2010


  

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հունվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ` ծանոթանալու տեղի կրթական հիմնախնդիրներին: Այցելությունը Տավուշ մարզ առաջինն էր նախարարի այս տարվա մարզային այցելությունների շարքում. նախատեսվում են աշխատանքային այցելություններ ՀՀ բոլոր մարզեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում. խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ղեկավարությունը, ինչպես նաև հանրակրթական ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Մարզում գործում են 46 նախադպրոցական և 81 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 45-ն ունեն սահմանամերձ դպրոցի կարգավիճակ, ավելին` այդ դպրոցներից 24-ն ունի մինչև 100 աշակերտ: Ընդհանուր հաշվով` մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված է շուրջ 1700 երեխա, իսկ հանրակրթականում սովորում  է 16922 աշակերտ: Մարզում գործում են 2 ավագ դպրոցներ` Իջևանում և Դիլիջանում, ինչպես նաև 2 բարձրագույն ուսումնական հաստատություններ, 6 պետական քոլեջներ և քոլեջների մասնաճյուղեր: Մարզի բոլոր ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում:
Բացելով խորհրդակցությունը` նախարարը նշեց, որ, համաձայն կրթական վիճակագրության,  Տավուշի մարզի հիմնական ցուցանիշները միջին հանրապետական ցուցանիշից բարձր են, իսկ մարզային ցուցանիշներից` առավել ևս: Անդրադառնալով նախադպրոցական կրթությանը` նախարարը նշեց, որ համաձայն Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի` 2010-14թթ.-ին հանրապետության 144 համայնքում հանրակրթական դպրոցի բազայի վրա  նախատեսվում է բացել նախադպրոցական կրթության նվազ ծախսատար մոդելով աշխատող դասարաններ, առավել ևս, որ հանրապետության շուրջ 600 համայնքում չկան մանկապարտեզներ, միաժամանակ առկա են դպրոցական ազատ տարածքներ: «Կրթության որակ ապահովելու համար պետք է սկսել դեռևս վաղ տարիքից. այս համատեքստում նախադպրոցական կրթությունը դիտարկվում է որպես կրթության հավասար մեկնարկային պայմաններ ապահովող և նվազագույն գիտելիքներ փոխանցող գործիք»,-նշեց Ա. Աշոտյանը` մարզի ղեկավարությանն առաջարկելով ներկայացնել այն համայնքների ցանկը, որտեղ կարելի է իրագործել վերոնշյալ ծրագիրը: Անդրադառնալով հանրակրթության բաղադրիչին` նախարարը նշեց, որ ճգնաժամի պատճառով այս տարի նվազել են դպրոցաշինության ծախսերը, թեև ՀՀ կառավարությունը որոշեց հավելյալ 5 մլրդ դրամ հատկացնել այս ոլորտին: Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ևս շարունակվելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Նա ներկաներին հավաստիացրեց, որ նոր ուսումնական տարում հանրապետության բոլոր ավագ դպրոցները կապահովվեն անհրաժեշտ դասագրքերով. նա կոչ արեց մարզի ղեկավարությանը` տարին մեկ անգամ հանդիպում կազմակերպել տեղի մանկավարժների և լավագույն մասնագետների հետ և դասագրքերի հետ կապված նրանց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել նախարարություն: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև մարզի մանկավարժական կադրերի ապահովման խնդրին. նպատակային ընդունելությունը և ուսուցիչների գործուղումը, ըստ նախարարի, այն արդյունավետ միջոցներն են, որոնց օգնությամբ խնդիրը կարելի է լուծել; Նախարարը ներկաներին նաև տեղեկացրեց, որ այս տարի կգործի տնօրենների հավաստագրման կարգը. «Մեր կրթական համակարգի թիվ մեկ խնդիրներից մեկը կառավարման որակն է, և տնօրենների հավաստագրման կարգն այն գործիքն է, որը թույլ կտա նախարարությանը հսկողության տակ պահել հանրակրթական համակարգի կառավարման գործընթացը` ապահովելով հավակնորդների համար նվազագույն չափորոշիչների համապատասխանություն «,-նշեց նախարարը և հավելեց, որ վերապատրաստման կարգը ներառելու է համապատասխան մոդուլային ծրագիր, որի հիմնական ուղղություններն են` տնտեսաիրավական գիտելիքներ, կառավարչական հմտություններ և մանկավարժահոգեբանական պատրաստավածություն: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ընդլայնվելու է նաև դպրոցների` համակարգիչներով ապահովման ծրագիրը. այս տարի ԿՏԱԿ-ր նախատեսում է ևս 300 դպրոց միացնել համակարգչային ընդհանուր ցանցին` դրանց թիվը հասցնելով 900-ի: Նախարարը մարզի ղեկավարությանը կոչ արեց ներկայացնել համապատասխան հայտեր` առաջնորդվելով, իհարկե, դպրոցների առաջնահերթություններից: Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերի փոքր դպրոցների խնդրին` նախարարը նշեց, որ ծախսերի արդյունավետության տեսանկյունից պետք է ընդունվի պետության համար ընդունելի տարբերակ. հնարավոր է համայնքային խոշորացման գործոնը, երբ կընտրվի մեկ հետակետային դպրոց և կտրամադրվի համապատասխան փոխադրամիջոց: Միաժամանակ, նախարարը հավաստիացրեց, որ այս հարցում ՀՀ կառավարությունը կփորձի մարզի ռազմավարական նշանակությանը համապատասխան լուծումներ գտնել` հաշվի առնելով սահմանամերձ համայնքների կարգավիճակը: «Հայաստանում ժողովրդագրական առաջին հարվածը կրեց կրթական համակարգը. այս տարի աշակերտների թիվը նվազել է 20 հազարով, ուստի առաջացել է ուսուցչական կազմերի պահպանման խնդիր: Մենք պետք է միասին փորձենք արդյունավետ լուծում գտնել նաև այս հարցում»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Նախարարը նաև ներկաներին տեղեկացրեց, որ միջազգային երկու ծրագրով նախատեսվում է որոշակի ֆինանսական ներդրումներ կատարել ՀՀ մարզերում. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Տավուշի և Արագածոտնի շուրջ 20 համայնքում կիրականացվի դպրոցների մարզադահլիճների վերանորոգման ծրագիր, իսկ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ որոշակի ներդրումներ կկատարվեն սահմանամերձ բնակավայրերի փոքր դպրոցների շենքերի վերանորոգման  աշխատանքներում: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մարզի նախնական և միջին, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթության, մասնավորապես, մասնավոր բուհերի լիցենզիաների տրամադրման պայմանների խստացման և կրթության որակի ապահովման խնդիրներին:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանեց նաև ուսումնական հաստատությունների տնօրենների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քոլեջ-բուհ կրթության շարունակականության, դպրոցներում «Ֆիզկուլուրա» առարկայի դասավանդման և մարզադահլիճների վերանորոգման, դպրոցաշինության, մանկավարժների ատեստավորման, դպրոցներում ընթացիկ գնահատման և այլ խնդիրների: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը մարզի ողջ մանկավարժական կազմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար. «Մեր հայրենիքի համար կարևոր այս սահմանամերձ հատվածում դուք կարողանում եք պատվով իրականացնել այն առաքելությունը, ինչի համար կոչված եք»,-նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարի հաջորդ հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների, ծնողների և  դասախոսների հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը: Մասնաճյուղի ռեկտոր Ս. Առաքելյանն անդրադարձավ բուհի մի շարք խնդիրների: Նա նշեց, որ բուհը Տավուշի տարածաշրջանն ու հարակից մարզերն ապահովում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ինչպես նաև լուծում է սահմանամերձ բնակավայրերի մանկավարժական կադրերի ապահովման խնդիրը: Ողջունելով ներկաներին` նախարարը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հանդիսանում ՀՀ մարզային լավագույն բուհերից մեկը. դրա մասին են վկայում համապատասխան ցուցանիշները և մատուցված կրթական ծառայությունների որակը: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է մշակել պետպատվերի ձևավորման նոր կարգ, համաձայն որի` մարզային բուհերը պետք է առաջնահերթություն ունենան այդ հարցում` հաշվի առնելով, որ անվճար տեղերի ավելացմամբ լուծվում է ոչ միայն տեղում կրթություն ստանալու, այլև ռազմավարական կարևոր խնդիր. «Մենք պետք է անենք հնարավորը, որը կրթությունը նախևառաջ կատարի  իր հիմնական առաքելությունը` ամրապնդի մեր ազգային պետականությունը և անվտանգությունը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Դիմելով ուսանողներին` նախարարը նշեց, որ 21-րդ դարում ուսանողը պետք է ունենա ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ. «Իրավունքներից լիարժեք կարող է օգտվել այն ուսանողը, ով լիարժեք կատարում է իր պարտականությունները, որովհետև ուսանողների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում և որակի հսկողության մեխանիզմներում պետք է հետզհետե աճի, և այստեղ մենք ապավինում ենք բանիմաց և հայրենասեր ուսանողների գիտակցությանը: Կրթությունն ապահովում է մարդու բարեկեցությունը, և գիտելիքն է, որ ծնում է բարեկեցություն. սա է գիտելիքների ձեռքբերման լավագույն խթանը: Սակայն հիշեք, որ բուհը ոչ միայն գիտելիք է տալիս. այն նաև ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, փիլիսոփայություն: Մարդը պետք է որոշակի արժեք կրի իր մեջ, հակառակ պարագայում` գիտելիքը դառնում է վնասակար և վտանգավոր»,-ուսանողներին դիմելով` նշեց նախարարը; Ա. Աշոտյանը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին շրջանավարտների ապագա աշխատատեղերի, մագիստրոսական կրթության, ուսխորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի: Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ նախագահի կողմից սահմանված Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անվան անվանական կրթաթոշակներ հանձնեց բուհի լավագույն ուսանողներին: Նախարարը եղավ նաև բուհի գրադարանում, ինչպես նաև այցելեց «Կիրառական արվեստի» ֆակուլտետի ուսանողների աշխատանքները ներկայացնող ցուցասրահ:
Նախարարի հաջորդ հանդիպումն Իջևանի թիվ 2 դպրոցի մանկավարժական խորհրդի հետ էր: Ողջունելով ուսուցիչներին` նախարարը նշեց, որ հաճելի է գտնվել ավանդույթներով հարուստ և 150-ամյա պատմություն ունեցող դպրոցում, որն ունի կուռ, մասնագիտական առումով կոփված կոլեկտիվ: Միաժամանակ, Ա. Աշոտյանն ափսոսանք հայտնեց, որ դպրոցներում առկա է տղամարդ ուսուցիչների պակաս, որն այնքան անհրաժեշտ է` հատկապես երեխաների դաստիարակության հարցում: Նա ուսուցիչներին նաև տեղեկացրեց, որ մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է մշակել ուսուցիչների ատեստավորման, դպրոցական խորհուրդների կազմավորման, ինչպես նաև տնօրենների հավաստագրման և ընտրության կարգերը: Մանկավարժները հիմնականում մտահոգված էին դասագրքերի ստեղծման գործում մանկավարժական խմբերի ներգրավվածության, երիտասարդների համար նախատեսված հեռուստահաղորդումների լեզվի և բովանդակության, ավագ դպրոցի բարեփոխումներին վերաբերող խնդիրներով:
Նախարարի հաջորդ այցն Իջևանի պետական քոլեջ էր: Քոլեջը ներառված է Եվրոպական Միության «Նոր հարևանության ծրագրի» 12 բազմագործառութային կենտրոնների ծրագրի մեջ, որի շրջանակում քոլեջում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, տրամադրվել են համապատասխան սարքավորումներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը: Ողջունելով դասախոսներին` նախարարը նշեց, որ 42-ամյա ճանապարհ անցած քոլեջը պետք է դառնա Տավուշի տարածաշրջանի աշխատաշուկան և տնտեսությունը համապատասխան մասնագիտական կադրերով ապահովող հիմնական դարբնոց. «Ամեն մարզում նմանատիպ քոլեջները կդառնան առաջատար և կսպասարկեն մարզի աշխատաշուկան, իսկ մասնագիտությունների ընտրությունն ու պայմանների ապահովումը պետք է լինի մարզի տնտեսության և հասարակության պահանջների հիման վրա»,- նշեց Ա. Աշոտյանը և հավելեց, որ վերջին տարիներին կատարած ներդրումների շնորհիվ ապահովվել է համակարգի գրավչությունը երիտասարդների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև քոլեջների դասախոսների համեմատաբար ցածր աշխատավարձին:
Աշխատանքային այցով նախարարը եղավ նաև Դիլիջանում, ուր այցելեց քաղաքի թիվ 1 ավագ դպրոց, որը նշել է իր հիմնադրման 140-ամյակը: Անդրադառնալով ավագ դպրոցի բարեփոխումներին` նախարարը նշեց, որ այն մեր կրթական համակարգի անկյունաքարային բարեփոխումներից է. «Ավագ դպրոցն այն հանգույցն է, որտեղից պետք է բացվի ճանապարհ դեպի մասնագիտական կրթություն: Ավագ դպրոցն այսօր հասարակական ընկալման խնդիր ունի. ենթադրվում է, որ այն պետք է դառնա լավագույնը տարածաշրջանում ինչպես շենքային պայմանների, այնպես էլ ուսուցչական կադրերի առումով»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:
Ա. Աշոտյանի վերջին հանդիպումը ներառական կրթություն իրականացնող Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ էր, որոնց հետ զրույցի ընթացքում նախարարը նշեց, որ այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 49 դպրոց, և այդ ցանցը հետագայում պետք է ընդլայնվի. «Ներառական կրթության ապահովումը մեր բարեփոխումների առաջնահերթություններից է: Պետք է ապահովվի երեխայի կրթության իրավունքը` անկախ նրանից` երեխան ունի առանձնահատուկ կրթության կարիք, թե ոչ; Այդ երեխաները մեր հասարակության մի մասնիկն են, և մեր բարոյական պարտքն է նրանց ճակատագիրը տնօրինել լավագույնս: Այս հարցում աշխարհում ընդունված լավագույն մոդելը ներառական կրթությունն է, և մենք պետք է անենք հնարավորը, որ այդ երեխաները դառնան հասարակության լիարժեք անդամ և ինտեգրվեն իրենց հասակակիցների շրջապատ»,-նշեց Ա. Աշոտյանը:
Ամփոփելով Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցը` նախարարը նշեց. «Այցն օգտակար էր երկու կողմերի համար էլ. իրականացվող կրթական քաղաքականությանը համահունչ` մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր համակարգի բոլոր աշխատակիցների կարծիքը: Վստահ եմ, որ բարձրացված հարցերը լուծումներ կգտնեն, որովհետև խնդիրները հիմնականում բովանդակային բնույթի էին: Չնայած առկա խնդիրներին` պետք է արձանագրել, որ Տավուշի մարզում մենք ունենք կայացած կրթական համակարգ»,-նշեց նախարարը:
Առաջիկայում նախատեսվում է նախարարի այց ՀՀ այլ մարզեր:


Armenia Educational News