Educational materials

Նորություններ

Հայաստանում վերապատրաստվում է 83 սփյուռքահայ ուսուցիչ
30-07-2010

Շարունակվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Հայաստանում: Աշխարհի տարբեր ծայրերից հանրապետություն ժամանած 83 ուսուցիչները ակտիվորեն մասնակցում են նրանց համար կազմակերպվող բոլոր միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ընթանում է նախատեսված կարգով. ուսուցիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

Այս անգամ դասընթացներից 18 եւ ավելի ժամ բացակայողների հավաստագիր չստանալու մասին պայմանը չի կիրառվում, քանի որ անհարգելի բացակայություններ դեռ չեն գրանցվել: Ն. Վարդանյանի հավաստմամբ, բոլոր 83 մանկավարժներն էլ վերջում կստանան ՀՀ ԿԳ նախարարության եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի վկայագրեր: Սփյուռքահայ ուսուցիչները, լսարանային դասաժամերից բացի, մասնակցել են ճանաչողական բնույթի միջոցառումների` եղել են Մատենադարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, պատմության թանգարանում, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Մ. Սարյանի, Հ. Թումանյանի անվան թանգարաններում, նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են «Ալմաստ» օպերան:

Մինչեւ ծրագրի ավարտը սփյուռքահայ մանկավարժները կայցելեն նաեւ Փարաջանովի անվան թանգարան: Նրանց համար կազմակերպվել են նաեւ մի շարք էքսկուրսիաներ դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Սեւան, Հաղարծին, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սարդարապատ: Առաջիկայում ուսուցիչները կմեկնեն Օշական: Հանդիպումներ են նախատեսվում ՀՀ սփյուռքի նախարարի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կավարտվի օգոստոսի 9-ին: Այն մեկնարկել էր հուլիսի 12-ին:

Նշենք, որ այս տարի ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչները ժամանել են Ռուսաստանից, Հունաստանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Էստոնիայից, Բելառուսից, Սիրիայից, Կանադայից, Թուրքիայից, Բրազիլիայից, Բելգիայից, Իրանից, ԱՄԷ-ից, Արգենտինայից եւ Իսպանիայից: Ամենաշատը` 29 հոգի, դիմել են Սիրիայի ուսուցիչները` Հալեպ, Քեսաբ, Գամիշլի, Լաթաքիա քաղաքներից: Վերապատրաստումը իրականացվում է չորս ուսումնական ծրագրերով` մանկապարտեզի, մեկօրյա, տարրական եւ միջին ու ավագ դպրոցների ուսուցիչների համար:


Armenia Educational News