Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ: Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարևոր է՝ դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից : Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Վ. Մանուկյանը:
ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում ներկայացրել է բարձրացված հարցումների պատասխանները, նշելով, որ օտար լեզուների, այդ թվում նաև ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով. «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որևէ ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է: Երբ մենք անցյալ տարի ուսումնասիրեցինք բուհական կրթության մասնագիտական պատկերը՝ պարզվեց, որ բարձրագույն կրթությունը խիստ հումանիտարացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է, հիմնական բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Օրինակ առաջին անգամ երկար տարիների ընթացքում մենք արդեն ֆիզիկայի ֆակուլտետում ունենք թափուր տեղեր: Մենք հասկանում ենք, որ բնական գիտությունների հեղինակության և պահանջարկի բարձրացումը պետք է դպրոցներից սկսենք: Եվ այստեղից առաջ եկավ օտար լեզուների հայեցակարգի խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտական ուղղությունների զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է օտար լեզուներով: Բոլոր միջազգային և տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել, պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունենրի ուսուցումը, այլ տեխնիկական և մասնագիտական բառապաշարի զարգացումը: Երբ մենք օտար լեզուների ուսուցման ներկա վիճակը համեմատեցինք օրինակ խորհրդային ժամանակների հետ, արձանագրեցինք մի քանի կարևոր հիմնահարցեր, որոնց լուծումները մեթոդական նոր մոտեցումներ են պահանջում: Նախկինում բոլոր օտար լեզուների ժամերը կիսվում էին՝ փոքր խմբերով էր կազմակերպվում՝ առավելագույնը 10-15 հոգով: Սա առաջ է բերում լրացուցիչ դասաժամերի խնդիր և դրան մենք պետք է լուծում տանք: Մյուս խնդիրն այն է, որ մեր երեխաներն անհամեմատ ավելի բարդ վիճակում են, քանի եվրոպական երկրների երեխաները, որտեղ առաջին դասարանից միանգամից երեք լեզվի ուսուցման խնդիր է դրվում: Մեր երեխաները առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ դասարանից ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/: Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են և դա երեխաների մոտ աշխարհընկալման և լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում: Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել և ռուսերենը, և լատինական որևէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով: Իսկ հարցադրումը, թե ինչու են առանձին դրվել անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի հայեցակարգերը՝ ռուսերենից ունի հետևյալ պատասխանը. ԿԳՆ-ն նախապես մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմեներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի մտավ քաղաքական տիրույթ և սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո բուհերում ևս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում. կան ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ խորացված օտար լեզուների ուսուցմամբ դպրոցների ստեղծումը կարևոր է՝ բոլոր լեզուների համար: Նախարարի խոսքով՝ ֆրանսերենի խորոցված ուսուցմամբ դպրոցների մեթոդաբանության մշակման հարցում ԿԳՆ-ն համագործակցել է «Այլաս Ֆրանսես» /Ayla Francis/, անգլերենը՝ Բրիտանական խորհուրդներ, իսկ ռուսերենը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունների հետ. «Կրկնում եմ՝ միակ պետական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու չի կարող այլ կարգավիճակ ունենալ, մնացած լեզուները օտար լեզու են և այս հայեցակարգերով ևս մի անգամ ամրագրվում է այդ թեզը: Իսկ օտար լեզուների ուսուցման համար սահմանվում է երկու մակարդակ՝ համընդհանուր և խորացված: Խորացված ուսուցումը կարող է կազմակերպվել մի շարք համապատասխան ուղղությամբ դպրոցներում»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Անդրադառնալով ռուսերենի հայեցակարգի վերաբերյալ հանրային սուր արձագանքներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ լեզուն հայ հասարակության համար պետականության և անկախության ամենկարևոր խորհրդանիշն է: Այս սուր արձագանքները նաև ցույց են տալիս մեր հասարակության պատրաստակամությունը՝ պաշտպանելու պետական անկախությունը:
Նիստի ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է Հանրային խորհրդի անդամների հարցերին:
Գրքերը լուսավորում են հոգին, ոգեշնչում ու զորացնում են մարդուն,
նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ,
սրում են միտքը և մեղմացնում սիրտը:
Ու. Թեքերեյ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարաններ։
Այցի նպատակն էր սաների մոտ ձևավորել գրադարան հաճախելու և ընթերցասրահներից օգտվելու մշակույթ, նպաստել սան-գրադարան կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:
«Ընտանիք» կենտրոնի Շիրակի մարզի գյուղական համայնքներում և Գյումիրում գործող խմբակների դեռահասները գրադարանում ծանոթացան գրքերի հսկայական պաշարին, գրադարանից օգտվելու կանոններին և գործունեությանը, հետաքրքրաշարժ և ուսանելի տեղեկություններ հավաքեցին գրքերի հավաքագրման վերաբերյալ, ինչպես նաև գրադարաններ հաճախելիության ցուցանիշների մասին։
«Շփվելով» գրապահոցների հետ, սաներն առանձնացրեցին իրենց նախընտրելի գրական ժանրերի ստեղծագործությունները և գրադարանավարների հետ համատեղ նստեցին կլոր սեղան քննարկման։ Սաներից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե ինչու է ընտրել տվյալ ստեղծագործությունը: Նրանք իրենց ինքնատիպ և յուրօրինակ մոտեցմամբ, հիմնավոր մեկնաբանություններով կարողացան հետաքրքրություն առաջացնել գրքասեր ընկերների մոտ՝ տվյալ ստեղծագործության վերաբերյալ:
Սաներն ընթերցեցին նաև Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուից «Էս գրքի ճամփի խրատը» առակը և գրադարանավարների հետ միասին կատարեցին համապատասխան վերլուծություններ:
«Մենք այսօր հուզված ենք և ուրախ, որ այսպիսի գեղեցիկ և անհրաժեշտ նախաձեռնություն եք կազմակերպել և երեխաներին գրադարան եք բերել: Դուք նպաստում եք, որ նրանք մուտք գործեն գրքերի աշխարհ, անմիջապես շփվեն նրանց հետ: Ձեր այս այցով դուք նպաստում եք նաև, որ երեխան «կապվի» գրադարանի հետ, ավելի շատ զբաղվի ինքնակրթությամբ և նրա մոտ զարգանա գրասիրություն: Իսկ դա այսօր մեծ և դրական գործ է: Շնորհակալություն Ձեր այցի համար»,- իր խոսքում նշեց կենտրոնական գրադարանի գիդ-քարտուղար Ասյա Ղարիբյանը:
Կենտրոնի սաները գրադարաններից հեռացան տպավորված, խորը մտորումներով և նորից վերադառնալու պատրաստակամությամբ։
Հ. Սարգսյան
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ՀՀ անկախության 26 ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին իրականացրեց ‹‹Մենք կերտում ենք նոր արշալույս›› խորագրով գեղարվեստական միջոցառում և կենտրոնի սաների ձեռքի ստեղծագործ աշխատանքների ցուցահանդես:
Ծրագրի նպատակն էր դեռահասներին հաղորդակից դարձնել ՀՀ անկախության տոնին՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն, արժևորել անկախ պետականություն ունենալու գաղափարի կարևորությունը, սաների մեջ սերմանել հայրենի հողը պաշտպանելու ձգտում։
Ցերեկույթին ներկա էին Երկրապահ կամավորական միության անդամներ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Մուշեղ Նավոյանը և «Արիության» մեդալակիր Ավետիք Մելքոնյանը, ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցներ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, «Վարզգեն Սարգսյան» մեդալակիր Էդգար Մկրտչյանը, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր Արտյոմ Մուրադյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Ընտանիք» կենտրոնի շրջանավարտ զինծառայողներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ։
Ներկաները նախ դիտեցին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդեսը և մասնակից դարձան միջոցառմանը, որն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։
Սաները հանդիսավոր կերպով ընթերցեցին Հայաստանի անկախության մասին ընդունված հռչակագրից հատված, ներկայացրեցին պետական խորհրդանիշերը՝ ընդգծելով պետականություն ունենալու կարևորությունը և անհրաժեշտությունն ազգային ինքնության պահպանման գործում։
Միջոցառումների ընթացքում հնչած ռազմահայրենասիրական երգերի և պարերի կատարումներն անտարբեր չթողեցին ներկաներին. դահլիճը ներշնչված հայրենասիրական գաղափարներով և մասնակիցների ելույթներով, ևս միացավ կատարումներին: Սահիկահանդեսով ցուցադրվեց նաև հայ ժողովրդի բազմադարյա պատմական անցյալը՝ միահյուսված 26-ամյա Անկախ Հայաստանի կերտած ուղուն: Այնուհետև ներկայացվեց բեմականացում՝ «Հավերժի ճամփորդը», որի մեջ մարմնավորված էր բոլոր ժամանակների հերոսների, գիտության բարձրունքները նվաճած մտավորականների կերպարները։
Միջոցառման մասնակիցները պարտավորվեցին հետևել Հայաստանի պատմությունը կերտած հերոսների օրինակին՝ պահպանել և շենացնել դժվարությամբ ձեռք բերված ազատ հայրենիքը, պայքարել պետական սահմանների խաղաղության ու ապահովության համար և դառնալ այդ ամենի փոխանցողն ապագա սերունդներին։
Տոնական միջոցառումը եզրափակեցին կենտրոնի պարարվեստի խմբակի սաները՝ հաղթական «Քոչարի» պարով, որին միացավ ոգևորված հանդիսատեսը։
Նշենք, որ «Ընտանիք» կենտրոնում անցկացված ցերեկույթին նախորդել էր սեպտեմբերի 21-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառումը։ Կենտրոնն ակտիվ մասնակցություն ունեցավ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության Գյումրու կայազորի 55035 զորամասի համատեղ կազմակերպած քաղաքային տոնակատարությանը։
Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության և զորամասի ներկայացուցիչներ, զինծառայողներ, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ։
Զինվորական շքերթի, բանակային ձեռնամարտի, գեղարվեստական ելույթների դիտումից հետո ներկաների ուշադրությունը կենտրոնացավ «Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներին, մասնավորապես ռոբոտաշինության խմբակի սաների նախագծած և ստեղծած ռոբոտների ցուցադրությանը։ Սաները ներկայացնելով իրենց աշխատանքները, նշեցին որ աշխատում են նոր համակարգեր ծրագրավորելու ուղղությամբ, փորձում են կատարելագործել արդեն ստեղծած ռոբոտները և պատրաստ են իրենց ներուժը հետագայում ներդնել երկրի ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացմանը։
Իսկ զինվորական ոլորտի ներկայացուցիչները մանրամասն ծանոթացան հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած ռոբոտներին և սաներին հարցեր ուղղեցին երկրի անվտանգության ապահովման գործընթացում դրանց կիրառության և օգտակարության վերաբերյալ:
Հ. Սարգսյան
Այսօր դպրոցական առօրյան տոնական էր. Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի բակում հավաքված աշակերտներին և ուսուցիչներին ողջունեց աշակերտական խորհուրդը (կազմակերպիչ Աիդա Չիլինգարյանի անմիջական օժանդակությամբ) ՀՀ Անկախության 26 - ամյակի կապակցությամբ:
Հոգեթով երգով ու երաժշտությամբ պատմության հերթական շրջապտույտում գալշոյանականները տոնեցին մեր հինավուրց երկրի նորագույն անկախության 26 - ամյակը, որը ավարտվեց տնօրենի շնորհավորանքի խոսքով և նրա ներկայացրած պատվոգրերով: Պատվոգրերը տրված էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մեր դպրոցի << ՖՈՒՏ-ԶԱԼ>>, <<ԲԱՍԿԵՏԲՈԼ >>, << ՖՈՒՏԲՈԼ >> թիմերին ( մարզիչ`Հ.Նազարյան) ՀՀ անկախության 26-ամյա հոբելյանին նվիրված մարզական խաղերում 3-րդ տեղը գրավելու համար:
Միջոցառման ավարտին յուրաքանչյուրի հոգում խնկարկվեցին մեր զինվորի, հայ քաջի հիշատակը, մեր պատմությունը... Պատմություն , որ դարերի հոլովառույթում գրվում է մեր ձեռքով, գրվում է մեզնից աննկատ...
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024