Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը հեղինակի հետ:
-Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է վերջինիս առաքելությունը:
– «Հայկական երգերի ժողովածու»-ի միտքը վաղուց էր հասունացել, քանի որ երգի միջոցով որևէ լեզու դասավանդելը՝ գործընթացն ավելի հաճելի և դյուրին է դարձնում, միաժամանակ նպաստելով՝ լեզվի հնչերանգի, բառի կայուն ընկալմանը և լեզվամտածողության զարգացմանը:
-Ի՞նչ լսարանի համար է նախատեսված հիշյալ ձեռնարկը:
– Այն նախտեսված է նախադպրոցական, դպրոցական, միջին և բարձր տարիքի դպրոցահասակների, ինչպես նաև ուսուցիչների և հայերենն ու հայ երգը ուսումնասիրել ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:
-Ինչպե՞ս է կատարվել երգերի ընտրությունը:
-Ձեռնարկը հրաշալի միջոց է հայ երաժշտական մշակույթին հաղորդակից լինելու համար, քանզի ներառում է հայոց ազգագրական երգերից ու հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերի ժառանգությունից ընտրված 68 երգ: Կատարվել է երկսկզբունք ընտրություն. նախ՝ թեմատիկ բաժանումով, երկրորդ՝ հայ երգի համապատկերի ներկայացումով:
-Տիկի´ն Շողիկ, նմանօրինակ առաջի՞ն դասագիրքն է:
-Հայ իրականության մեջ կարծում եմ անդրանիկ ձեռնարկն է, որովհետև տրված են երգերի հայերեն բնագրերը, դրանց թարգմանությունները, տառադարձությունն ու նոտագրումը:
– Ի՞նչ արձագանքներ եք ստացել:
-Գրքի վերբերյալ գրվել են գրախոսություններ, հնչել մի շարք դրվատանքի խոսքեր ո´չ միայն հայաստանյան մասնագետների, այլև՝ Ռուսաստանի հայկական դպրոցների ուսուցիչների կողմից, որոնք բոլորն էլ առանձնանում են օբյեկտիվությամբ:
Գրախոսականներով և կարծիքներով հանդես են եկել՝ մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, բ. գ. թ., դոցենտ Աշոտ Գալստյանը, բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, մ. գ. թ., դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը, գրքի խմբագիր բ. գ. թ. Լուսինե Հայրիյանը և այլք:
– Տիկի´ն Շողիկ, այս աշխատանքին զուգահեռ՝ արդեն երեք տարի է դասավանդում եք նաև «Արի տուն» ծրագրի Հայոց լեզվի արագընթաց դասընթացներում, ի՞նչ փորձառություն տվեցին այդ տարիները:
– Նշեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած մասնակիցների հետ: Այդ կարճ ժամանակահատվածում փորձում ես նրանց մեջ ներարկել հայերենի հանդեպ այն սերը, որը հետագայում կարող է ինքնուրույն ծլարձակել:
Միաժամանակ այս դասընթացների ընթացքում ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ հեղինակային ուսումնական ձեռնարկներիս՝ «Ռուս-հայերեն զրուցարան»-ի, «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանի», «Հայակական երգերի ժողովածու»-ի և այլ գրքերի մեթոդական ուղենիշը ճիշտ է, ինչն էլ նպաստում է լեզվի արագ ուսուցմանը:
Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, նշված էր. «Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:
Այսօր մենք գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում: Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովումը ներկայումս ավելի, քան երբևէ առաջնային է մեզ համար: Եվ դա այն մարտահրավերն է, որը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ ձեզ հետ համատեղ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ներկաներին Ուսուցչի օրվա կապակցությամբ, նշել է, որ հասարակությունը կրկին սկսում է արժևորել, թե ինչ կարևոր առաքելություն ունի Ուսուցչի օրը: «Եթե ցանկանում ենք, որ այս տարածքում յուրատեսակ քաղաքակրթություն ստեղծող մեր ժողովուրդը վստահորեն նայի դեպի ապագա, ապա պետք է կարողանանք ապահով ձեռքեր փոխանցել մեր վաղվա սերունդը: Այս իմաստով ուսուցչի առաքելությունն անգնահատելի է, և սա է պատճառը, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք «Ուսուցիչ» անունը կրող ծրագիրը: Այն իր մեջ ամփոփում է այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակում իրականացվող քաղաքականության շնորհիվ կկարողանանք տեսնել վաղվա ուսուցչի բոլորովին այլ կերպար՝ բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող և ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, որին վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը: Սա շատ կարևոր է պետության համար, և այս ուղղությամբ է լինելու մեր հանրակրթության քաղաքականության հիմնաքարը: Իբրև կրթության ոլորտի պատասխանատու՝ ցանկանում եմ նշել, ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կատարում է իր վրա դրած առաքելութունը, որի ապացույցը տեսնում ենք տարբեր ուղղություններով՝ ապրիլյան հերոսամարտ, աշխարհի բարձրակարգ բուհերում սովորող ուսանողների որակ, նվիրվածություն ընտանքին և ավանդույթներին: Եվ այս ամենում կարևոր դերակատարում ունեն մեր ուսուցիչները: Այս տարիների ընթացքում ունենք լավագույն մանկավարժների մի ամբողջ բանակ, որոնց փորձը, ցավոք, բավարար չենք օգտագործում: Այսուհետ պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր լավագույն մանկավարժների և կրթական հաստատությունների փորձը հասանելի լինի ամբողջ հանրապետությունում: Վստահ եղեք, որ առաջիկայում շոշափելիորեն փորձելու են փոխել ուսուցչի դերակատարումը, կարգավիճակը և, ընդհանրապես, դպրոցի դերը մեր հասարակության կյանքում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝ ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:
Մի շարք վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ վարչապետի «Հուշամեդալի» և շնորհակալագրերի:
Ուրասարի հիմնական դպրոցում գործում է DIY խմբակ, որի նպատակը շրջակա միջավայրը աղտոտումից զերծ պահելն ու երեխաներին աշխատանքային հմտություններ սովորեցնելն է: Այս խմբակի շրջանակներում մենք առաջարկում ենք խելամիտ և հասանելի լուծումներ աղբի վերամշակման համար: Պատրաստված իրերը կօգտագործվեն դպրոցի կարիքների համար: Խմբակի հերթական պարապմունքի ժամանակ աշակերտները գետաքարերից պատրաստում են պիտանի իրեր: Շնորհակալություն VOLO ընկերությանը՝ մեզ աջակցելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրիտանական խորհրդի (ԲԽ) տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Նախարարը շնորհավորել է հյուրերին՝ Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ընդգծել է անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և ուսուցման որակի ապահովմանն ուղղված Բրիտանական խորհրդի աջակցությունը:
Նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները, անդրադարձել է օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման հայեցակարգերին, որոնք հիմա ամփոփման փուլում են: Նրա խոսքով, հայեցակարգերը նաև հնարավորություն կընձեռեն միջազգային կառույցների հետ առավել ճկուն համագործակցության համար՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:
Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրենը շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` անդրադարձել է Հայաստանում խորհրդի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Տիկին Լյումսդենը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում իրականացվող ծրագրերին:
Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024