Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Samsung» ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ համագործակցության հնարավորությունը:
Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր:
Կապանի հ.13 հիմնական դպրոցի գրադարանում կայացավ միջոցառում՝ նվիրված գրադարանավարի օրվան: Դասվար՝ Աստղիկ Դանիելյան
Միջոցառման նպատակն էր ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև հերթական անգամ հարգանքի և շնորհակալության խոսք ասել գրադարանների աշխատակիցներին, ովքեր կարևոր դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման գործում։ IVա դասարանի աշակերտները երգով ու ասմունքով կարևորեցին գրքի դերը մարդու կյանքում: Թեև այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը, այնուհանդերձ գիրքը երբեք չի կորցնի իր արժեքն ու գրավչությունը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Բրյուսել: Հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում ծրագրերի իրականացումը։
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է «Փոփոխության սերունդ» ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և նախաձեռնությունը ողջունել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի երկու համայնքում՝ Սևանում և Վանաձորում գործող դպրոցներում բացվում են անգլերենի ուսուցման ակումբներ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորել է կրթության համակարգում ժամանակին համընթաց քայլելու մարտահրավերը, որի շրջանակում առաջնային է դիտվում օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացության զարգացումը. «Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Օտար լեզուների զարգացումն ու իմացությունը, ընդհանրապես: Մայրենի լեզվի՝ հայերենի իմացությունը բացարձակ արժեք է և մեզ համար ունի առաջնային նշանակություն և մեր կրթության մեջ ազգայինն ունի շատ խորը արմատներ: Քիչ առաջ դպրոցի բակում ազգային պարերով մեզ դիմավորած երեխաներն արդեն ազգայինը կրում են իրենց մեջ՝ որպես արժեհամակարգ, բայց աշխարհին հաղորդ լինելու համար նրանք նաև պիտի օտար լեզուներ իմանան: Լեզուն այն գործիքն է, որով պետք է մեր ազգայինը ներկայացնենք աշխարհին, նաև հաղորդակից դառնանք այլ մշակույթների հետ. երբ դու ունես քո ազգայինը, կարող ես նաև միջազգայինը վերցնել՝ ստեղծագործել, համեմատել, համադրել, տարբերել և գնահատել: Սրանք կարևոր ընկալումներ են, որոնք դրված են կրթության և դաստիարակության հիմքում: Արագ փոփոխվող աշխարհում շատ դժվար է հասկանալ, թե երեխաներն ապագայում ինչ ուղղությամբ կարող են գնալ, որովհետև մեզ շրջապատող աշխարհի հետ փոխվում են նաև մասնագիտությունները: Կան դեռևս չհորինված մասնագիտություններ, որոնք պիտի ապագայում ընտրեն այսօրվա դպրոցականները: Այս իմաստով կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է, որն իրապես բարդ գործ է: Մենք առանձնացնում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների իմացությունը, որպես հիմնարար ուղղություններ և օտար լեզուների իմացությունը՝ հասկանալով, որ լինելով փոքր երկիր երեք լեզվի իմացությունը մեզ համար կարևոր է: Այս իմաստով ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի օտար լեզվի հավելյալ իմացությունը դպրոցում, ողջունելի է»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում, «Փոփոխության սերունդ» ծրագրի շրջանակում կահավորվել է առանձին ընթերցասրահ, որտեղ հյուրերի ներկայությամբ տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը:
Անգլերենի ակումբների գործարկումը երեխաներին հնարավորություն կտա բարելավել անգլերենի իմացությունը Բրիտանական խորհրդի տրամադրած և ՀՀ ԿԳ նախարարության սահմանած կարգով Կրթության ազգային ինստիտում փորձաքննություն անցած գրականության միջոցով: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել Բրիտանական խորհրդի «Սովորել անգլերեն` պատմություններ կարդալու միջոցով» ծրագրից, որը կնպաստի լեզվի իմացության բարելավմանը և աշխարհընկալման զարգացմանը:
Ծրագրի շրջանակում շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա ներգրավվել ակումբների աշխատանքում: 40 ուսուցիչ կանցնի Բրիտանական խորհրդի վերապատրաստման դասընթացները՝ սովորելով հեքիաթասացություն, սոցիալական ձեռնարկատիրության դասավանդման հմտություններ: Ակումբի աշխատանքներում ներգրավվում են դասընթացն անցած ուսուցիչները, որոնք նույն դպրոցներում դասավանդող անգլերենի մասնագետներն են:
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները: Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Ամեն տարի , որպես բարի ավանդույթ, Կապանի N13 հիմնական դպրոցի հարկի ներքո հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը,որը հավաստում է այն իրողությունը, որ դպրոցը կարևորում և արժևորում է մանկավարժների դերը աճող սերնդի ոչ միայն կրթության, այլև հայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչողության գործում:/IV դասարանի դասվար Անի Ավետիսյան/Բոլոր ժամանակներում էլ մեծարել են ուսուցչին և խորին ակնածանքով վերաբերվել նրան: Հայ ուսուցչին` առավել ևս, որովհետև նրան է վերապահված եղել մեր լեզուն, մշակույթը և ազգային ինքնությունը իր հայեցի դաստիարակությամբ պահպանելու առաքելությունը: Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը իր երախտագիտությունը հայտնեց մանկավարժներին այն բանի համար, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն և պարտքի մեծ գիտակցմամբ են սովորում՝ կարողանալով փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնել:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024