ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել մի խումբ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին: Շնորհավորելով ներկաներին՝ ԿԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է հանրային կյանքում ուսուցչի դերակատարումը. «Առողջ հասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքը, վարկանիշն ու նրա հանդեպ գնահատանքն է: Հասարակությունները, որտեղ ուսուցիչն ամենաբարձր դասն է՝ ավելի բարձր քան գիտնականը, զինվորականը, նախարարն ու մնացած բոլորը, հասել են զարգացման առավելագույն աստիճանի: Ուսուցչի կատարած գործի արժևորումը ապրելակերպ է, միաժամանակ սեփական խնդիրների լուծման հիմնարար սկզբունք»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը և հավելել, որ ԿԳ նախարարությունը ծրագիր է մշակում, որը միտված է ուսուցիչների խնդիրներին, մասնավորապես սոցիալական իրավունքների բարելավմանը: ԿԳ նախարարի հայտարարած «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նշել է Մ. Մկրտչյանը, նախատեսվում է ամրագրել ուսուցչի բազային աշխատավարձի շեմ, որպես սոցիալական երաշխիք:
Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ Լյուդմիլա Շահումյանը, Երևանի թիվ 51 հիմն. դպրոցի անգլերենի ուսուցիչ Հասմիկ Օհանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, երաժշտության պատմության ուսուցիչ Նոնա Ոսկանյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջն. դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմն. դպրոցի տնօրեն Սեդա Ենգիբարյանը:
«Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթող ճանաչված ներքոհիշյալ մանկավարժները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով.
«Նվիրում երեխաներին» անվանակարգ - Քրիստինա Հարությունյան (Երևանի «Էլիտա» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ)
«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգ - Գայանե Կոստանդյան (ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ),
«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգ - Հայկանուշ Ալեքսանյան (ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բ. Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ),
«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար» անվանակարգ - Մարգարիտ Քուշկյան (Երևանի Ա. Մամիկոնյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն),
«Ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ - Բենիկ Բալայան (ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն),
«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ - Ստեփան Ստեփանյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն),
«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգ - Սոֆյա Հովսեփյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ),
«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգ - Արմինե Ձավարյան (ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 6 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի դաստիարակ),
«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգ - Արաքսյա Ղազարյան (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզի դաստիարակ):
Միջոցառման ընթացքում ԿԳՆ պատվոգիր և շնորհակալագիր են ստացել մոտ 6 տասնյակ մանկավարժներ:
Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, ոլորտի աշխատակիցներ, քոլեջի ուսանողներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» 15.2 մլն եվրո բյուջետային աջակցության ծրագրի մասին. այն իրականացվելու է 2017-2019 թթ.-ին և ուղղված է լինելու ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված ոլորտի՝ գյուղատնտեսական կրթության զարգացմանը: «Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդներն ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն` լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է դեսպանը ծրագրի մասին, որի հիմնական իրականացնողներն են` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրով 5 ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրին տրամադրվել է 9 մլն դրամ` սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար: «ԵՄ աջակցությաւնը շատ կարևոր է ՄԿՈՒ ոլորտում ծրագրերի իրականացման և դրանց որակի բարձրացման համար: Կոնկրետ այս ծրագրով թիրախները շատ հստակ են ընտրված. քոլեջների ներսում ստեղծված սոցիալական ձեռնարկություններն իրենց ստացած եկամուտները կուղղեն ուսհաստատության կանոնադրական ծախսերին: Ներկայումս ՀՀ կրթական բոլոր օղակներում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ընդգրկում են նաև ՄԿՈՒ ոլորտը, և ԵՄ ծրագրերը վստահաբար կօգնեն` դրանք հասցնել իրենց ավարտին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր առանց որակյալ կրթության հնարավոր չէ առաջ գնալ և բավարարել աշխատաշուկայի պահանջները: Համոզված եմ, որ իրականացվող բարեփոխումներից հետո որակյալ կադրեր կպատրաստենք. ներկայումս մեծ է պահանջարկը հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը` շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը և դեսպան Պյոտր Սվիտալսկուն` կրթության ոլորտի աջակցության համար:
Նշենք, որ ծրագրի նպատակն է` բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում Արմավիրի արվեստի պետական քոլեջում ստեղծվել է տպագրատուն, որը վերանորոգված և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Բացի այդ, «Սեյվ դը չիլդրեն»-ի դրամաշնորհային ծրագրով Արմավիրի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար իրականացվել են կարճաժամկետ դասընթացներ` ներառական մասնագիտական կրթություն իրականացնելու և հաստատության ֆիզիկական մատչելիությունն ապահովելու նպատակով՝ այսպիսով աջակցելով նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և աշխատանքի տեղավորմանը:
Ընդհանուր առմամբ` ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը.
2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:
Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդներն ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024