Ասում են իմաստունն էլ է ունեցել ուսուցիչ…
Տոները բազմազան ու գեղեցիկ են նշվում մեր երկրում: Շատ են այն տոները, որոնց առանձնակի ենք սպասում: Սպասված է այսօր ուսուցչի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 կրթարանում:
Դեռ շքամուտքից արդեն զգացվում է տոնական տրամադրությունը, որտեղ մեծ ուրախությամբ շնորհավորանք է հղված բոլոր ուսուցիչներին:
Առաջին հարկի ճեմապակու վահանակի վրայի գունեղ շնորհավորական բացիկները հրավերք են հղում՝ ուշադիր լինել, չանտեսել իրենց: Իսկ բացիկներում այնքան ջերմ ու տաք խոսքերի շարան կա, այնքան չասված և չհնչած մտքեր, բառեր են հղված իրենց սիրված, սիրելի, անփոխարինելի ուսուցիչներին:
Հետաքրքիր է սլաքների շարժը՝ ամենքին ուղղորդում են երկրորդ հարկ, որտեղ շատ գեղեցիկ միջոցառում են կազմակերպել դպրոցական խորհրդի անդամները կազմակերպիչ Էմմա Հովհաննիսյանի աջակցությամբ:
Ահա տողանի են կանգնում դպրոցի միջին ու բարձր դասարանների սաները: Նրանք բարի, ջերմ, չկրկնված ու հուզիչ տողեր են բաժանում սիրելի մարդկանց՝ ուսուցիչներին: Մեղմ ու քնքուշ երգերը՝ նվիրված ուսուցիչներին, խրոխտ տղաների պարը՝ զուգակցված հե˜յ-հե˜յ գոչյուններով, ևս մեկ անգամ հաստատեցին այն միտքը, որ ուսուցիչները թանկ ու սիրելի են իրենց համար:
Հաճելի անակնկալներով շարանն այսօր անվերջ է, այսօր ինքնակառավարման օր է: ԵՎ դպրոցի ավագ դասարանների սաները ոգևորված և նախապես պատրաստված փոխարինում են իրենց սիրելի ուսուցիչներին՝ փորձելով նմանվել նրանց:
Իսկ ուսուցչանոցում ևս անակնկալներ կան՝ առանձնահատուկ խորհրդանշական կրծքանշաններ և յուրաքանչյուր ուսուցչի համար հատուկ քառատող:
Հաճելի ակնթարթների շարանի եզրափակիչ ակորդը դպրոցի 9-րդ դասարանի սաների անակնկալներն էին, որոնք նախաձեռնել էր դասղեկ Հ.Հարութունյանը: Թանկ ու սիրելի հուշերը երբեք չեն ջնջվի, անմոռաց հուշում կլինեն, որ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ էլ տոն ունեն…
Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար՝ Մ.Գրիգորյան
Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում, հոկտեմբերի 6-ին, 9-րդ և 10-րդ դասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայ զինվորը» խորագրով միասնական բաց դաս: Դասի նպատակն էր աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության, բանակի ու հասարակության մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ բանախոսն ամփոփել է կոմիտեի վերջին մեկ տարվա գործունեությունը:
Սամվել Հարությունյանը նախ անդրադարձել է իրավական ակտերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն ընդունել է կոմիտեի կողմից մշակված 4 որոշում: Դրանցից առավել կարևոր է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվել էին ծրագրի նպատակները և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Կոմիտեի նախագահը խոսել է նաև օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղծված Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոնի մասին, որի գործունեության հիմնական նպատակներն են լինելու` Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալների ավելացումը, ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի թեմատիկ ուղղություններով փոխգործակցության համակարգումը, գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը նպաստելը՝ ի շահ նշված ոլորտների կայուն զարգացման։
Սամվել Հարությունյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում Գիտության պետական կոմիտեում ծավալուն աշխատանք է տարվել գիտական թեմաների մրցույթների կազմակերպման ուղղությամբ, ամփոփվել են մինչ այդ հայտարարված 13 մրցույթների արդյունքները, հայտարարվել են նորերը:
Գիտական թեմաների մրցույթներից կոմիտեի նախագահը հատուկ անդրադարձել է ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամի հետ հայաստանյան և ռուսաստանյան գիտահետազոտական խմբերի համար կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ անցկացված մրցույթին, երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթին:
Ասուլիսի ընթացքում Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրել է նաև թվային տվյալներ վերջին տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի ֆինանսավորման գործընթացների մասին՝ ըստ ծրագրերի և ենթածրագրերի:
Տարվա ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նիստերի աշխատանքներին, նշանակվել են խորհրդի ենթահանձնաժողովների նախագահները, հաստատվել է ենթահանձնաժողովների անդամների ցուցակը:
2017 թ. օգոստոսի 1-ին Գիտության պետական կոմիտեում կնքվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիր:
Անդրադառնալով միջազգային համագործակցության շրջանակներում ձեռքբերումներին՝ Սամվել Հարությունյանը հատկապես կարևորել է «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքումը: Հուշագրեր են կնքվել նաև Տեսական ֆիզիկայի ասիական-խաղաղօվկիանոսյան կենտրոնի, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» Հայաստանի ազգային ներկայացուցչության, Բուլղարիայի ազգային գիտական հիմնադրամի հետ: Բանախոսը կարևորել է «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վերաստորագրման փաստը: ՄԳՏ կենտրոնը մշակում, հաստատում, ֆինանսավորում ու վերահսկում է կողմերի տարածքներում գտնվող հաստատություններում և կառույցներում իրականացվող գործունեությունը, որն առնչվում է միջուկային, ռադիոլոգիական, քիմիական և կենսաբանական զենքերին:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել են միջազգային նշանակություն ունեցող միջոցառումներ: 2016 թ. հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայացել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ՄՀՄԻ հիմնադրման 60-ամյակին: 2016 թ. նոյեմբերի 17-ին՝ «Արևելյան գործընկերության գիտության նախարարների ոչ պաշտոնական երկխոսություն» միջոցառումը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 9-ին՝ Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի եզրակացությունների իրականացմանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու մեջ գիտաինովացիոն գործունեության դերին նվիրված աշխատաժողով:
2017 թ. փետրվարի 21-25-ը ԱՄՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված ՀՀ-ում միջուկային փորձաքննության ապագա զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խթանման հարցերին:
Հոկտեմբերին նախատեսվում է այցելություն ԱՄՆ՝ Երկրի դիտարկումների խմբի 14-րդ լիագումար նստաշրջանին և Գործադիր կոմիտեի 41-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Սամվել Հարությունյանը լրագրողների հիշեցրել է նաև տարվա ընթացքում տեղի ունեցած համաշխարհային գիտական նշանակություն ունեցող մի իրադարձության մասին: Տարվա ընթացքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր քիմական տարրով` Oganesson (Og), որն այդպես է կոչվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայազգի Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանին։
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին է վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը: Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքով։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ստեղծել հնարավորություններ օտար լեզուների, մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2018թ. ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի համատեքստում և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների ռեկտորների համաժողով հրավիրելու հնարավորությունը: Կարևորվել է նաև ԵՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի կենտրոն բացելու նախաձեռնությունը:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024