ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նրանք ապրել էին ուզում…

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ասում են՝ միլիոնավոր տարիներ առաջ նախ ստեղծվեց երկիրն ու երկինքը, հողն ու ջուրը և միայն դրանից հետո լույս աշխարհ եկավ մարդը:

Նա ծնվեց ապրելու, արարելու, ստեղծելու, եղածը ավելացնելու և շատացնելու համար:

Նրանք ապրել էին ուզում…

Գարուն էր, ծաղկավառ ու գունեղ գարուն: Ձմեռային երկարատև նինջից հետո օդը ներծծված էր գարնան տաք շնչով ու բույրով: Եվ նրանց՝ քաջերի նոր սերնդին էր վստահված հայրենիքը պաշտպանելու վեհ ու սրբազան կոչումը: Սկզբունքային կեցվածքով հայրենի եզերքն էին վերահսկում մեր արծիվները: Եվ ահա ցնցվեց օդը պայթյունների համազարկից: Առաջին պահին նրանք չընկալեցին կատարվածը և ոգու թելադրանքով մղվեցին մարտի: Նրանք ոգեշնչված և ոգեկոչված մարտի ելան միայն ու միայն թշնամուն հաղթելու նպատակադրմամբ: Բայց…

  Նրանք ապրել էին ուզում, քանզի ուզում էին անել անհնարինը, որ բարգավաճ անդաստան դառնա մեր հայրենիքը, Հայաստան աշխարհը, բոլոր հայերի բնօրրանը:

  Նրանք ապրել էին ուզում… Քանզի երազում էին, որ ծնված հայ նորամանուկին տեսնեն ուրախ, խանդավառ, երջանիկ, կիրթ և ուսյալ:

  Նրանք ապրել էին ուզում… Քանզի երազում էին անել անհնարինը, որ խաղաղ ու երջանիկ վայելեն իրենց ծերությունը մեր մամիկները, մեր նաներն ու պապիկները:

  Նրանք ապրել էին ուզում… Որ շենացնեն ու վեհացնեն մեր երկիրը քարքարոտ, որ նոր բարձրունքներ նվաճեն, որ սլանա նրանց միտքը տիեզերքից էլ այն կողմ:

  Նրանք ապրել էին ուզում… Եվ այնպես-այնպես էին ուզում, որ նրանց ոտքերի տակ դղրդա հողը հայրենի, որ երկնքի կապույտ երիզը ձգվի դեպի անվերջություն, դեպի անհայտը՝ ավետելով այն բարի լուրը, որ ազատ ու խաղաղ է մեր հայրենի եզերքը, որ թշնամին ահաբեկված ու վախը սրտում՝ փախուստի է դիմել:

  Եվ այսօր Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմն. դպրոցի սաները՝ մեծից փոքր, ուսուցիչները այցելել են նրանց՝ ևս մեկ անգամ հիշելու և խոնարհվելու… Նաև դատապարտելու այն, ինչը 1915թիվ է կոչվում. Եղեռն ու ցեղասպանություն: Ու նաև … Նաև լռությամբ, անխոս ասելու. գիտենք, դուք ապրել էիք ուզում…

  Նաև ուզում էին ասել. դուք չկաք, բայց ապրում եք մեզնից յուրաքանչյուրի գիտակցության մեջ, յուրաքանչյուրի հոգում, սրտում:

  Նրանք ապրել էին ուզում… Անհնար է չհասկանալ նրանց, այդպիսին էր լռության կանչը:

 

Մ. Գրիգորյան
Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տարրական մասնախմբի ղեկավար

Ազգային վարկանշավորման համակարգ