ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Ընտանիք» կենտրոն. Մանրանկար աշխատանքների ցուցահանդես Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Մայիսի 19, 2017
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 10-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի պատկերասրահում բացվեց ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի  սաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրումը կշարունակվի  մինչև մայիսի 14-ը:

«Ասլամազյան քույրեր» խորագրով ծրագրի նպատակն էր սաներին ծանոթացնել «Ասլամազյան քույրեր» թանգարանի նմուշներին, ներկայացնել գյումրեցի նկարչուհիների ազդեցությունը քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի վրա, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանել համագործակցությունը մշակութային օջախների հետ:

Մինչ ցուցահանդեսի բացումը սաները շրջեցին թանգարանում՝ բացահայտելով գյումրեցի նկարչուհիների կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ մանրամասնություններ: Նրանք ծանոթացան Մարիամ  և Երանուհի Ասլամազյանների գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, Շիրակի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Տեր Նշան քահանա Պանֆյորովը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, արվեստագետներ, ծնողներ, սաներ: Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց  «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանին և մանրանկարչության խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին՝ համագործակցության և մատաղ սերնդի մոտ հայկական մշակութային արժեքների պահպանմանը նպաստելու, դրանց կրողները և շարունակողները լինելու ձգտում ձևավորելու համար:

Այնուհետև ներկաները դիտեցին կենտրոնի 10-18 տարեկան սաների շուրջ 25 մանրանկար աշխատանքները, որոնցում արտացոլված էր Ասլամազյան քույրերի  ստեղծագործություններին բնորոշ գունային երանգներ: Հյուրերը բարձր գնահատեցին սաների ստեղծագործ մտքի արդյունքը և կատարողական հմտությունները: Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները լավագույն աշխատանքների հեղինակներին  հանձնեցին  պատվոգրեր:

 

Հ. Սարգսյան

Ազգային վարկանշավորման համակարգ