ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Մագիստրոսական կրթական նոր ծրագրի մեկնարկ

Սեպտեմբերի 11, 2017
Պաշտոնական լրատու

Այսօր տրվել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը վավերացվել է հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանների միջև կնքված պայմանագրերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  ծրագրով սկսվում է իրականացվել այն քաղաքական ուղղվածությունը, որը տարիներ շարունակ նախապատրաստվել է ինչպես Հայաստանի  անդամակցությամբ Բոլոնիայի գործընթացին, այնպես էլ բուհական ինքնավարության և  ակադեմիական ազատությունների շրջագծի կտրուկ ընդլայման հետևանքով: «Այս ծրագրով փաստում ենք, որ Հայաստանը շարունակում է վստահ կերպով մնալ առաջավոր ուղղվածության դաշտում, քանի որ այսօր աշխարհի լավագույն համալսարանները որոնումների մեջ են: Հատկապես  մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել մասնագիտական նոր ուղղություններ, դրանք մոտեցնել աշխատաշուկային, և այն, որ մեր համալսարանները մտել են այդ գործընթացի մեջ, շատ ողջունելի է»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ տուրիզմի ուղղվածությունը շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև, ըստ նախարարի, բուհական հանրույթի առջև այսօր մեծ մարտահրավեր կա:  «Պետք է ինչպես սպասարկել աշխատաշուկան, որը երկրի առաջնահերթություններով զարգանում է, այնպես էլ նպաստել նոր աշխատատեղերի ձևավորմանը, որովհետև բուհական կրթության առաձնահատկությունը նրանում է, որ կարողանա որևէ ուղղվածության մեջ ձևավորել բարձր որակ, որն էլ իր հերթին  կնպաստի նոր աշխատատեղերի ձևավորմանը և զարգացմանը: Այս մոդելը պետք է կիրառել հատկապես մարզային համալսարանների մակարդակում, որովհետև մենք պարտավոր ենք այդ բուհերում լուծել կրթության որակի խնդիրը: Բացի այդ, եթե կարողանում ենք ապահովել մեր ուսանողների միջազգային շարժունությունը, ապա պարտավոր ենք դա անել նաև Հայաստանի ներսում: Մենք իսկապես ունենք շատ լավ ռեսուրսներ,  և եթե չբացենք մեր համալսարանների դռները, ապա չենք կարող խոսել կրթության որակի մասին:  Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները Բոլոնիային գործընթացում ակտիվ որոնումների մեջ են. նրանց վկայականները միջազգայնորեն ճանաչելի են: Եվ այն, որ այսօր մեր ուսանողները հնարավորություն ունեն նաև օտար լեզուներով գնալ դասընթացների և մոդուլների, շատ կարևոր է: Եթե ներկայումս 10-15 ուսանողի մասին է խոսքը, ապա ծրագրի հետևանքով նրանք վստահաբար կդառնան տասնյակներ: Հիմնական խոչընդոտը լեզվական խնդիրն է, որը փորձ կարվի հաղթահարել»,-նշել է նախարարը՝ ծրագրի բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Նշենք, որ Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի կողմից իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտացման ոլորտներն են՝ նախագծերի, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը: Ծրագիրը կառուցված է միջոլորտային իմացության համակցմամբ, ինչը ենթադրում է մեկտեղել տնտեսագիտական կառավարման և տեխնիկական, ճարտարապետական իմացությունները: Սա հատկապես հայաստանյան բուհերի միջև համագործակցության աննախադեպ օրինակ է, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում համալսարանները փոխճանաչում են միմյանց ուսումնական գործընթացներն ու արդյունքները՝ իրականացնելով կրեդիտների կուտակում և փոխանցում: Համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաև մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ