ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նոր ծրագրերը բարձրացրել են ՄԿՈՒ ոլորտի գրավչությունը

Հոկտեմբերի 11, 2017
Պաշտոնական լրատու

Արմենպրես մամուլի ակումբում հյուրընկալվել էր ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով լրագրողներին է ներկայացրել ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով` վերջին 1,5 տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում մեկնարկել են նոր ծրագրեր, որոնք հիմնականում իրականացվում են դոնոր կազմակերպությունների կողմից: Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ կազմակերպությունների թիվն այս ընթացքում 1-2-ից հասել է արդեն 10-ի: «Ամենակարևոր ծրագրերից մեկը դուալ կրթական համակարգի ներդրումն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ /GIZ/: «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթության ուսուցումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում այս տարվանից ՀՀ չորս ՄԿՈՒ հաստատություններում ներդրվել է դուալ համակարգի փորձարարական ծրագիր /Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջ` գինեգործություն, Տավուշի տարածաշրջանային  քոլեջ` տուրիզմ և ավտոտեխսպասարկում, Շիրակի տարածաշրջանային քոլեջ` տեղեկատվական տեխնոլոգիաներ և Երևանի հումանիտար քոլեջ` տուրիզմ/: Դուալ համակարգն աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, այսինքն` ուսումնական գործընթացին զուգահեռ, իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Սա ենթադրում է, որ 5-օրյա ուսուցման ցիկլում 2-3 օր ուսանողը կանցկացնի քոլեջում կամ ուսումնարանում, իսկ մնացած 2 օրը` գործատուի մոտ` պրակտիկ գիտելիքներ ստանալով: 3 տարվա փորձնական ծրագիր է, և ամեն տարի նախատեսում ենք 1-2 մասնագիտություն էլ ավելացնել»,- նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ դուալ համակարգում ներառված բոլոր չորս քոլեջները գործատուների շրջանում ունեն իրենց գործընկերները. Գյումրիում՚ Գյումրու տեխնոպարկը, Եղեգնաձորում` հայտնի գինեգործական ընկերությունները, Երևանում` «Կոնգրես», «Փարիզ» հյուրանոցները, իսկ Իջևանում` «Ապագա ռեզորթը»: Երկրորդ ծրագիրը, որին անդրադարձել է Արտակ Աղբալյանը, ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագիրն է, որն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը` աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևով: «Քանի որ կառավարության համար  գերակա է գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, ուստի, առանց որակյալ կադրերի` ոլորտի զարգացման մասին խոսելն ավելորդ է: Հետևանար, ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական մասնագիտությունների գծով որակյալ կադրեր պատրաստելուն: Ծրագրով նախատեսվում են գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման աշխատանքներ, ժամանակակից սարքավորումների տրամադրում, վերապատրաստումներ, բոլոր գյուղատնտեսական մասնագիտությունների գծով մասնագիտական կրթական չափորոշիչների պատրաստում, կարիերայի կենտրոնների ստեղծում` ընդհուպ մինչև ամենավերջին կետը` կոնկրետ մասնագիտությունների գծով աշխատանքի տեղավորման խնդիրը լուծելը»,-նշել է Արտակ Աղբալյանը` տեղեկացնելով, որ բյուջետային աջակցության ծրագիրը, որը մեկնարկել է հունվարի 1-ից,  կավարտվի 2020 թվականին: Երրորդ ծրագիրը, որին անդրադարձել է բանախոսը, իրականացվում է «Save the children» ՀԿ-ի հետ` ԵՄ աջակցությամբ: Արտակ Աղբալյանի խոսքով` ծրագրով հնարավորություն է ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի մասնագիտություն ձեռք բերել: «Նախորդ տարի արդեն իսկ մի քանի կազմակերպություններ իրականացրել են կարճաժամկետ վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների համար: Սա դրամաշնորհային ծրագիր է, որին հայտ ներկայացրած շուրջ 40 հաստատությունից շահել են 4-ը: Ծրագրի շրջանակում քոլեջներում ու ուսումնարաններում կհիմնվեն սոցիալական ձեռնարկություններ, որոնցում հնարավորություն կտրվի հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին աշխատել: Առաջին սոցիալական ձեռնարկությունը կբացվի Արմավիրի արվեստի քոլեջում` «Տպագրական գործ» մասնագիտությամբ, Սիսիանում` մեղվաբուծության և Իջևանում` ավտոսպասարկման գծով»,- նշել է Արտակ Աղբալյանը:

Բանախոսն անդրադարձել է Ավստրիայի կառավարության հետ օրգանական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում», ինչպես նաև բարերար Անուշավան Աբրահամյանի աջակցությամբ իրականացվող ծրագրերին: «Բարերարի աջակցությամբ 9 հաստատությունների տրամադրվել են Արմաթ լաբորատորիաներ, որոնց շնորհիվ կիրականացվի նաև ոչ ֆորմալ կրթություն:  Բացի այդ, ԿԳՆ-ՊՆ-Անուշավան Աբրահամյան համագործակցության շրջանակում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող զինվորների համար կազմակերպել անվճար կարճաժամկետ դասընթացներ: Վերջին ծրագիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, Աշխատանքի միջազգային գործակալության հետ իրականացվող ծրագիրն է, որն ուղղված է որակավորումների  համապատասխանեցմանը»,-նշել է բանախոսը:

Ասուլիսի ընթացքում Արտակ Աղբալյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերել է ՄԿՈՒ ընդունելությանը: «ՄԿՈՒ ոլորտում այս տարի ընդունելության ցուցանիշները բավականին հաջող են եղել.  7374 ուսանող ընդունվել է միջին մասնագիտական հաստատություններ, իսկ 3777 ուսանող` արհեստագործական: 2016 թվականի համեմամատ` 2000-ով ավելացել է ուսանողների թիվը: Եթե նախորդ տարի անգամ թափուր տեղեր էին մնում, այս տարի եղել են ուսանողներ, ովքեր դուրս են մնացել: Ուսանողների թվի ավելացումը պայմանավորված է դիմորդների և ծնողների շրջանում ՄԿՈՒ ոլորտի գրավչության բարձրացմամբ»,- նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը լուրջ քայլեր է անում աշխատաշուկա-ուսումնական հաստատություն կապեր ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու ուղղությամբ: «Որոշակի մասնագիտությունների գծով մեծ հաջողություններ ունենք, մասնավորապես, սպասարկման ոլորտում, որտեղ աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90-95 տոկոսի, իսկ, առհասարակ, միջին աշխատանքի տեղավորման ցուցանիշը 45-65 տոկոս է` նայած մասնագիտության գծով: Ցավոք, դեռևս կան «շաբլոն» մասնագիտություններ, որոնք գրավիչ են ուսանողի և ծնողի համար, բայց ավարտելով այդ մասնագիտությամբ` ուսանողն աշխատաշուկայում իր տեղը չի կարողանում գտնել: Մենք գնում ենք նաև այդ ճանապարհով` մասնագիտությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, մանավանդ մարզերում` տվյալ մարզի զարգացման առանձնահատկություններից ելնելով»,-նշել է Արտակ Աղբալյանը:

Ասուլիսին ավարտին բանախոսը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՄԿՈՒ բարեփոխումների ռազմավարական նախագիծը, որում նախանշվել են ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները և անելիքները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ