ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Շոշափելի արդյունքներ` ներառական մասնագիտական կրթության ոլորտում

Հոկտեմբերի 12, 2017
Պաշտոնական լրատու

Արմավիրի արվեստի պետական քոլեջում այսօր պաշտոնապես բացվել է սոցիալական ձեռնարկություն, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի արդյունք է:  Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, ոլորտի աշխատակիցներ, քոլեջի ուսանողներ:    

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» 15.2 մլն եվրո բյուջետային աջակցության  ծրագրի մասին. այն իրականացվելու է 2017-2019 թթ.-ին և ուղղված է լինելու ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված ոլորտի՝ գյուղատնտեսական կրթության զարգացմանը: «Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդներն ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն` լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է դեսպանը ծրագրի մասին, որի հիմնական իրականացնողներն են` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրով 5 ուսումնական հաստատություններից  յուրաքանչյուրին տրամադրվել է 9 մլն դրամ` սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար: «ԵՄ աջակցությաւնը շատ կարևոր է ՄԿՈՒ ոլորտում ծրագրերի իրականացման և դրանց որակի բարձրացման համար: Կոնկրետ այս ծրագրով թիրախները շատ հստակ են ընտրված. քոլեջների ներսում ստեղծված սոցիալական ձեռնարկություններն իրենց ստացած եկամուտները կուղղեն ուսհաստատության կանոնադրական ծախսերին: Ներկայումս ՀՀ կրթական բոլոր օղակներում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք ընդգրկում են նաև ՄԿՈՒ ոլորտը, և ԵՄ ծրագրերը վստահաբար կօգնեն` դրանք հասցնել իրենց ավարտին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր առանց որակյալ կրթության հնարավոր չէ առաջ գնալ և բավարարել  աշխատաշուկայի պահանջները: Համոզված եմ, որ իրականացվող բարեփոխումներից հետո որակյալ կադրեր կպատրաստենք. ներկայումս մեծ է պահանջարկը հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը` շնորհակալություն հայտնելով Եվրոպական Միությանը և դեսպան Պյոտր Սվիտալսկուն` կրթության ոլորտի աջակցության համար:  

Նշենք, որ ծրագրի նպատակն է` բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում  սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակում Արմավիրի արվեստի պետական քոլեջում ստեղծվել է տպագրատուն, որը վերանորոգված և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Բացի այդ, «Սեյվ դը չիլդրեն»-ի դրամաշնորհային ծրագրով Արմավիրի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար իրականացվել են կարճաժամկետ դասընթացներ` ներառական մասնագիտական կրթություն իրականացնելու և հաստատության ֆիզիկական մատչելիությունն ապահովելու նպատակով՝ այսպիսով աջակցելով նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը և աշխատանքի տեղավորմանը:

Ընդհանուր առմամբ` ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ  երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ