ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

10 տարին դեռ սկիզբն է

Հոկտեմբերի 7, 2016

2016 թվականը հոբելյանական է «Այբ»-ի համար։ Այս տարի լրանում է «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը: Տասը տարի առաջ մեր երկրի բարօրությամբ ու մեր երեխաների ապագայով մտահոգ մի խումբ մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել ինչ-որ մնայուն բան, որոշում կայացրին իրագործելու իրենց երազանքը։

Իր տասնամյա գործունեության ընթացքում «Այբ» հիմնադրամը կյանքի է կոչել 20-ից ավելի կրթական ծրագիր և նախաձեռնություն, որոնք դարձել են նախատիպեր և նպաստել ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը: Կարևորագույն ու խոշորածավալ ծրագրերից են «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցըԿրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով, սիրված ու հայտնի միջազգային դպրոցական մրցույթները («Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար»«Ռուսական արջուկ. լեզվաբանությունը բոլորի համար»«Մեղու. հայերենը բոլորի համար» և այլն)։

Ընդհանուր առմամբ «Այբ»-ի շնորհիվ Հայաստանում և Արցախում կրթական ծրագրերի իրականացմանն ուղղվել է 21.118.503 ԱՄՆ դոլար (2007-2015 թթ. ընթացքում)։

«Այբ»-ի իրական հարստությունը մարդիկ են, ովքեր համախմբվել են կրթության միջոցով մեր կյանքն ու ապագան վերափոխելու գաղափարի շուրջ։ Այսօր «Այբ» ակումբը միավորում է գաղափարակից 39 անդամի` աշխարհի տարբեր անկյուններից, իսկ «Այբ»-ի բարերարների համայնքի շարքերը համալրում են տարբեր երկրներից ավելի քան 200 նվիրատու և աջակից։

Հոկտեմբերի 7-ից 9-ը կանցկացվեն մի շարք կրթական միջոցառումներ՝ նվիրված «Այբ»-ի 10-ամյակին։

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ից, «Գաֆեսճյան» քանդակների այգում (Կասկադ) տեղադրված տաղավար-դասասենյակում կանցկացվեն հետաքրքիր բաց դասընթացներ ու գիտափորձեր ծրագրավորում, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, արվեստ առարկաներից՝ հանրության ներգրավմամբ։ Իսկ 18։30-ից կսկսվի համերգային ծրագիր, որն անցկացվելու է ոչ սովորական համերգ-սեմինարի ձևաչափով։ Ելույթով հանդես կգան «Այբ» դպրոցի երգչախումբը, «Battle of Evermore» ռոք խումբը և «ԱյԲար» պարախումբը։
Ի թիվս այլ տոնական միջոցառումների՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ից 14։00-ն, «Այբ» դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն «Այբ» ակումբի անդամներ, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Դավիթ Յանը (ABBYY, «iiko», «Findo» ՏՏ ընկերությունների համահիմնադիր և նախագահ, ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (գործարար, «Henderson» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Ռուսաստան) և Արամ Փախչանյանը (ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն, Հայաստան)։

Իսկ հոկտեմբերի 9-ին կանցկացվեն արդեն ավանդական դարձած Այբական խաղերը՝ սպորտային և ինտելեկտուալ զանազան խաղերով, «Այբ» համայնքի ավելի քան 500 մասնակիցներով։


 «Այբ» կրթական հիմնադրամ

Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ

Ազգային վարկանշավորման համակարգ