ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հեռավար դասընթաց` Վայոց ձորի մարզի դպրոցների համար

Հոկտեմբերի 31, 2016
Պաշտոնական լրատու

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 208-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվել է թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը:

Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասը կազմակերպվել է «Երկրաչափություն» առարկայից, որը վարել է ֆիզիմաթ դպրոցի ուսուցիչ Արման Սարգսյանը: 
Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրել է, որ դպրոցների ընտրությունը պատահական չէ. որոշ ուսհաստատություններ գտնվում են բարձր լեռնային համայնքներում: «Առաջին փորձը ցույց տվեց, որ առկա են որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ, մի քանի դպրոցների` միաժամանակյա կապ հաստատելու, հնարավորինս շատ դպրոցներ ներգրավելու, տեղերում տեխնիկական միջոցների, ինչպես նաև մանկավարժների, դիդակտիկ նյութերի հետ կապված հարցեր: Օրինակ, դեռ չի փորձարկվել միևնույն դպրոցում տարբեր դասասենյակներից հեռակապին միանալու հնարավորությունը, որը բավականին լուրջ աշխատանք է պահանջում: Ցանկանում եմ նշել, որ նմանատիպ փորձնական տեսադասեր էլի են փորձարկվել, բացի այդ, մեր մանկավարժները հեռակապի միջոցով հաճախ են մասնակցում, օրինակ, ՌԴ-ում, Ղազախստանում անցկացվող համաժողովներին: Առհասարակ, մենք ուննեք շատ հետաքրքիր ուսուցիչներ ոչ միայն Երևանում, այլ մարզերում, առաջնակարգ դպրոցներ` Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում և այլուր: Ուղղակի մնում է հնարավորինս արագ լուծել դպրոցների տեխնիկական հագեցվածության հարցերը և մեր դպրոցները համապատասխանեցնել արդի պահանջներին»,-նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` հետայսու առավել ուշադրություն է դարձվելու գյուղական դպրոցների զարգացման հարցերին:

Հիշեցնենք, որ առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել է «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1, Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երկրորդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում` Սուրենավանի 10-րդ դասարանցիների համար:

Նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներն ընդգրկված են Հայաստանի կրթական ցանցում, որը Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է: Ցանցի կենտրոնական հանգույցում գործում է կրթական-տեղեկատվական միասնական միջավայր («Հայկական կրթական միջավայր» պորտալն իր ենթակայքերով)` ապահովելով ինչպես ուսումնական հաստատությունների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին ուսումնական հաստատությունների միջև տեղեկատվության հուսալի փոխանակումը:

Բացի այդ, գործում է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am/), որը էլեկտրոնային պաշարների միասնական տարածք է, որտեղ ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգված են կրթական, ուսումնական և մեթոդական պաշարներ (դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, շտեմարաններ, օլիմպիադաների նյութեր, սփյուռքի)՝ դրանք հասանելի դարձնելով ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար: Այն պարունակում է 5430 էլեկտրոնային պաշար, ունի 3300 գրանցված օգտագործող:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ