ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Շախմատի օլիպիադային մասնակցում է 15 հազար դպրոցական

Նոյեմբերի 8, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Շախմատի ակադեմիայում մասնակցել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի բացմանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ դպրոցական օլիմպիադան մեծ ճանապարհի սկիզբ է, այստեղ հաղթական  լավագույն արդյունքներ ցուցաբերածները  կարող են ապագայում  միջազգային օլիմպիականներ դառնալ. «Եթե հաջողեք, եթե  հասնեք հաղթանակների, այս օլիմպիադան ձեզանից որոշների համար կդառնա  հաջողությունների առաջին կարևոր քայլը»,- դիմելով դպրոցականներին նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օլիմպիադայի բուն նպատակը մասսայական սպորտի զարգացումն է: Նախարարի խոսքով՝ երկիրը չի կարող օլիմպիական լավ ռեզերվ ունենալ, եթե չունի մասսայական սպորտ:
«Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն,  գիտելիք, համբերություն: Այս ձևաչափով իրենց հմտությունները փորձող երեխաները  միաժամանակ դաստիարկվում են իբրև լավ քաղաքացիներ» իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ շեշտելով, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ մեր կրթական համակարգում ներմուծվել է  «Շախմատ» առարկան, որը ոչ միայն նոր կրթաձև է, այլ նաև միջազգային բրենդ: Լևոն  Մկրտչյանը շախմատի ուսուցումը հանրակթարկան ծրագրերում ներմուծելու համար շնորհակալություն է  հայտնել Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ   Լպուտյանին՝ ընդգծելով, որ աշխարհի շատ երկրներ միանշանակ ընդունում են Հայաստանի առաջատարությունն ու հեղինակությունը շախմատի ասպարեզում. «Իբրև կրթության և գիտության նախարար շատ եմ կարևորում «Շախմատ» առարկայի ուսուցումը դպրոցում, քանի որ այս առարկան, իմ խորին համոզմամբ, ունի նաև  դաստիարակչական շատ մեծ բաղադրիչ.  ձևավորում է դիմացինին հարգելու, նրա ներուժը  գնահատելու կարողություն, զարգացնում է հիշողությունը և տրամաբանությունը: Որպես կանոն շախմատով զբաղվող երեխաները դրական արդյունքներ են  ցուցաբերում նաև բնագիտական առարկաների մեջ: Այսինքն՝ սա այն առարկան է, որը դրական ազդեցություն է ունենում ողջ առարկայացանկի վրա»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցաշարերին մասնակցում են մինչև 14 տարեկան դպրոցականները: Շախմատի օլիմպիադան անցկացվում է չորս փուլերով, թիմային հաշվարկով (թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ): Շախմատի դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են արդեն 11 տարի շարունակ, այս տարվա  օլիմպիադայի երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում է շուրջ 15 հազար երեխա. Առաջին՝ ներդպրոցական փուլում ձևավորվում են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մասնակցում են երկրորդ՝ համայնքային (տարածաշրջանային) մրցումներին:
  Երկրորդ փուլում անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալիս երրորդ` մարզային փուլ: Հանրապետության շախմատի դպրոցական թիմերի երկրորդ  փուլի մրցումներն անցկացվում են 2016թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում:
Սույն թվականի նոյեմբերի 8-17-ը անցկացվում է Երևան քաղաքի համայնքային փուլը՝ ըստ վարչական շրջանների:
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով:  Խաղացողին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Անցկացվում է թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր): 
Շախմատի օլիմպիադայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթական ստորաբաժանումների աջակցությամբ: Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ