ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նախարար Լ. Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Նոյեմբերի 14, 2016
Պաշտոնական լրատու

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել  միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման հնարավորությունը: Նախարարը միաժամանակ ընդգծել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում: Հաշվի առնելով  չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ Հայաստանում առկա մեծ  հետաքրքրությունը` Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի մարզերում կենտրոնի մասնաճյուղեր բացելու հնարավորությանը: 

Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության անունից պրոռեկտոր Յեն Գուոհուանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին`  ընդգծելով, որ պատմականորեն մեծ կրթական և գիտական ներուժ ունեցող Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը համատեղ նախագծերի նոր հորիզոններ են բացում: 
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների օտար լեզուների համալսարանների շրջանավարտներին Հայաստանի և Չինաստանի պետական նմուշի վկայականներ տրամադրելու ուղղությամբ:
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտոր Դոնգ Ցինի հետ։ Քննարկվել են երկու երկրների մանկավարժական բուհերի կրթական համագործակցության զարգացման` մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Այսօր նախատեսված   է նաև ՀՀ  և  ՉԺՀ կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ