ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայաստանի գիտնականները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում. ԵՄ հանձնակատար

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական լրատու

Երևանում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Հանձնակատարը  երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանը անդամակցել է վերջերս: Խոսելով ծրագրի նպատակների և հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության և նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով. «Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք և հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին  հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլևս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբևէ մոտեցել են շարքային քաղաքացուն: «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը և նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում: «Բաց դռների քաղաքականությունը ճիշտ մոտեցում է. մենք սրանում համոզված ենք»,- հայտարարել է Կարլոս Մոեդասը: Հանձնակատարը նշել է նաև, որ ծրագիրը լավ հնարավորություն է Հայաստանի անհատ գիտնականների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների համար՝ ընդգրկվել եվրոպական  համալսարանական և գիտական ցանցի մեջ. «Որպես առաջին կարևոր տեխնիկական քայլ, կարծում եմ, նախ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մեր՝ իբրև ծրագրի իրականացման պատասխանատուների, հիմնական նպատակն է՝ հնարավորինս շատ թվով նոր դեմքեր ներգրավել»,- ասել է Կարլոս Մոեդասը:
Հանդիպմանը մասնակից երիտասարդ գիտնականները տարբեր հարցեր են ուղղել ԵՄ հանձնակատարին, որոնք վերաբերել են «Հորիզոն-2020» ծրագրի ընթացակարգերին, հայտերի ընտրության չափանիշներին, նպատակներին և արդյունքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատարին՝ ընդգծելով, որ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերվել է անձամբ պարոն Կարլոս Մոեդասի կողմից. «Դուք բոլորդ ունեք հնարավորություն ինչպես անհատապես, այնպես էլ կազմակերպության անունից լրացնել հայտ և մասնակցել «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին: Մեր երկրի անդամակցումն այս ծրագրին կարող է արդարացված լինել միայն ձեր ակտիվությամբ»,-դիմելով  երիտասարդ գիտնականներին՝ նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ԿԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/ և ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ