ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը». Լևոն Մկրտչյան

Նոյեմբերի 22, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր ականավոր գիտնականների մեծարմանը նվիրված գիտաժողովներն առանձնակի կարևորություն ունեն՝ գիտության նկատմամբ հասարակական և պետական վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից. «Հասարակությունները զարգանում են, պետությունները գոյատևում և իրենց շարունակականությունը պահպանում են կոնկերտ մարդկանց միջոցով: Գիտության, արվեստի, կրթության, մշակույթի, տնտեսության և ընդհանրապես մնացած բոլոր ոլորտներում միշտ լինում են անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը: Այս իմաստով ակադեմիկոս Բրուտյանը, լինելով խորհրդային գիտական դպրոցի ներկայացուցիչ, իր գործունեությամբ կարողացավ կապ ստեղծել անցյալի և ներկայի միջև»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես խորհրդային տարիներին այնպես էլ այսօր կան գիտնականներ, ովքեր կարողացել են մեր երկրի և ժողովրդի անունն ու պատիվը բարձր պահել, մեր ազգային կերպարն արժանապատիվ ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս:

Հատկապես փիլիսոփայական միտքը չափազանց կարևոր է երկրի ու ժողովրդի տեսակն ու առանձնահատկությունը պահպանելու և ընդգծելու առումով: Աշխարհի շատ ժողովուրդներ իրենց աշխարհընկալումը ձևավորում են փիլիսփայության դպրոցների միջոցով: Մեր աշխարհընկալումն իբրև ժողովուրդ կերտվել է դեռևս 5-րդ դարում. ավանդույթները, որոնք ձևավորվել են հայ փիլիսոփայական մտքի ականավոր գործիչների, մասնավորապես ակադեմիկոս Բրուտյանի կողմից, պահպանվել են մինչև մեր օրերը»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության մեջ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող մի շարք փիլիսոփաներ՝ Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կյոխլերը, Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա Ապոստոլոպոլուն, Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ, Նյու-Հէվն) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Տ. Մարսուպեանը, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալաժ Մեզեյը, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա Բազակը, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հասարակագիտական ֆակուլտետների փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսեևը:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Միջազգային փիլիսոփայության ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Ի պատիվ ակադեմիկոսի՝ ՀՊՄՀ փիլիսոփայության ամբիոնը անվանակոչվել է Գեորգ Բրուտյանի անունով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ