ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

Նոյեմբերի 29, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին`  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամական Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում` ընդլայնելով համագործակցության շրջանակը:  Նրա խոսքով, հանրակրթության և բուհական ոլորտներում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը` մասնավորապես նանոտեխնոլոգիաների ուղղությամբ: «Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում և իրանական կողմի առաջարկը համագործակցել այս ոլորտում խիստ արդիական է: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը` այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլ նաև գիտության այլ  ճյուղեր»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարին`  ջերմ ընդունելության և  ոլորտում առկա համագործակցության  համար, դեսպան Սաջադին հանդես է եկել գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման առաջարկով, որը դեսպանի խոսքով նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը: Հայաստանի կրթության և գիտության նախարարը ևս կարևորել է նման հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի կրթության ոլորտի` մասնավորապես հանրակրթության հատվածի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է  կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախարար  Լևոն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը, միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանը «Հորիզոն 2020»-ի ասոցացված անդամ է և լայն  հնարավորություններ ունի եվրոպական տարբեր երկրների հետ համատեղ գիտական ծրագրերի իրականացման:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի գիտության ներուժը և գիտության ամենատարբեր ճյուղերում համագործակցության հնարավորությունները: 
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ