2016 թվականի մեկնարկին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի հիմնական մարտահրավերների ուղղությամբ նախանշվող արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը: ՀՀ ԿԳՆ հաշվետվության սեղմ տարբերակում ներկայացված են վերոնշյալ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ տարվա ընթացքում ձեռնարկված բարեփոխումները և համակարգի ձեռքբերումների համապարփակ պատկերը:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում` բեռնաթափելով 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական ծրագիրը` սովորողների ընտրությանը թողնելով նախընտրելի 3 առարկաներ: Այս տարի առաջին անգամ 12-րդ դասարանի ավարտական քննությունները տեղի կունենան դեկտեմբերի վերջին, իսկ ընտրված 3 առարկաների միասնական քննությունները` հունիսին:
Մշակվել են հանրակրթության պետական կրթակարգը, առարկայական չափորոշիչները և ուսումնական ծրագրերի վերանայման հայեցակարգը: «Ազգային կրթակարգի» նախագիծն ավարտական փուլում է գտնվում:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Արարատյան բակալավրիատի կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի առաջին փուլը կմեկնարկի մարզային ավագ դպրոցներից:
ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ կրթության զարգացման 2017-2025թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ սահմանվել են կրթության զարգացման նպատակները, գերակայությունները և գործողությունների շրջանակը:
Գյուղական դպրոցների և էլեկտրոնային կրթության զարգացման շրջանակում կազմակերպվել են փորձնական տեսադասեր` մարզային դպրոցների մասնակցությամբ: Ընտրվել են հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին: Հեռավար և էլեկտրոնային կրթության համար ընտրվել է առավել արդյունավետ համարվող առարկայախումբը /«Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/:
Մշակվել է հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույց՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ` անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի ենթախմբերով: Հայեցակարգի մշակման նպատակը հանրակրթական դպրոցների սովորողների օտար լեզուների տրիապետման մակարդակի բարձրացմանը նպաստելն է:
Ձևավորվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է մշակել կոնկրետ մեթոդաբանություն և ապահովել իրավական դաշտ` իր տեսակի մեջ եզակի կլաստերի ձևավորման համար: Այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն` նաև գիտության բաղադրիչը:
Հայաստանում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը 2016թ. ավելացել է 78-ով. ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 260 հանրակրթական ուսումնական հաստատություն, որոնցում ընդգրկված է շուրջ 6700 երեխա:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաները ներդրվել են ևս 5 ավագ դպրոցում: Հանրակրթական մարզային դպրոցներում բացվել է 125 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ, առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել շուրջ 700 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ շուրջ 20 ուսուցչի:
«Կրթության բարելավում» վարկային նոր ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում հիմնվել է շուրջ 30 նախակրթարան` շուրջ 600 երեխայի ընդգրկմամբ:
Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկայից, որոնց մասնակցել է շուրջ 1460 սովորող, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ շահելով 15 մեդալ` 1 ոսկի, 3 արծաթ և 11 բրոնզ:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2016 թվականին ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է դպրոցական նախաճաշ: Ծրագրում ընդգրկված է 23014 աշակերտ:
2016 թվականին ՀՀ կառավարության, Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի և Բրազիլիայում գործող Սովի դեմ գերազանցության կենտրոնի համակազմակերպմամբ Հայաստանում անցկացվել է «Երեխաների սնուցման 18-րդ համաշխարհային ֆորումը»: Հայաստան էին ժամանել 65 երկրների մոտ 250 պատվիրակներ, այդ թվում` երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի նպատակն էր ֆորումին մասնակից երկրների կառավարություններին ներկայացնել դպրոցական սնուցման տարբեր ծրագրերի կարևորությունը և դրանց ազդեցությունը կրթական, առողջապահական, սոցիալական և այլ ոլորտների վրա:
Երևանում չինարենի խորացված դպրոցի կառուցման նպատակով կնքվել է համաձայնագիր` «Չինաստանի աջակցությամբ Հայաստանում չինական դպրոցի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ»:
Վարկային ծրագրերի շրջանակներում ուսումնասիրված և ընտրված անհետաձգելի հիմնանորոգման կարիք ունեցող թվով 20 ավագ դպրոցներից 5-ում այս տարի սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ: Պատրաստվել են նաև թվով 12 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Պետբյուջեի միջոցներով հիմանորոգման աշխատանքներ են կատարվել 2 ավագ դպրոցում, 1 վարժարանում, 1 ուսումնարանում և 1 քոլեջում:
ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ավագ դպրոցի 12-րդ դասարանի ծրագիրը:
Մշակվել և սահմանված կարգով քննարկման է ներկայացվել «Սովորողների ռազմահայրենասիրական հայեցակարգը»:
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը: Հայ դպրոցականներն արժանացել են 5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:
ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Վերանայվել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասնագիտությունների ցանկը` համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, Որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական դասակարգիչներին:
Պետական հավատարմագրում չունեցող ՄԿՈւ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցել է 68 շրջանավարտ, որոնցից 46-ը ստացել է պետական նմուշի դիպլոմ:
Առկա ուսուցման ձևով` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունվել է շուրջ 3850 ուսանող, միջին մասնագիտական կրթական ծրագրով` շուրջ 7700 ուսանող, հեռակա ուսուցմամբ` շուրջ 250 ուսանող:
Մշակվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 12 չափորոշիչ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր:
Հանրապետության մարզերի 7 արհեստագործական ուսումնարաններում հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:
Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում նոր՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը մինչև ամսվա վերջ կներկայացվի ՀՀ կառավարություն: Նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:
Կարևորելով ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի որոշակի թեթևացման անհրաժեշտությունը` ՀՀ բուհերի ռեկտորներին հանձնարարվել է ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար (նաև առաջին կուրսի առաջին կիսամյակում) կատարել ուսման վարձի առավելագույն զեղչ (առնվազն 50 տոկոս)` առանց հաշվի առնելու ուսանողի ՄՈԳ-ը:
Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարան հիմնադրամն անցել է որակի միջազգային հավատարմագրում` Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության /AERES/ կողմից:
Կազմակերպվել են բակալավրի կրթական աստիճանի ամփոփիչ ատեստավորման քննություններ, որոնց արդյունքում ոչ պետական բուհերի նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136-ը:
Պետության կողմից շարունակվել է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման գործընթացը՝ 50-100%-ի չափով: 2016 թվականին բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 1136 առաջին կուրսեցիների հատկացվել է ուսման վարձավճարի 50-100% չափով փոխհատուցում, որը կազմել է 280.764.700 դրամ: Հատկանշական է, որ 2014/2015 ուսումնական տարվա համեմատությամբ տեղի է ունեցել ուսման վարձի փոխհատուցման էական աճ գումարային տեսքով, եթե 2014/2015 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում (2-րդից 4-րդ կուրս) փոխհատուցվել էր 1030 ուսանողի ուսման վարձը` 223.800.800 դրամի չափով, ապա 2015/2016 ուսումնական տարում, նույն կրթական աստիճանում ընդրկվել է 1379 ուսանող՝ 306.941.920 դրամ ուսման վարձի փոխհատուցման չափով: 2014/2015 ուսումնական տարում մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 40 ուսանողի ուսման վարձը, 2015/2016 ուսումնական տարում փոխհատուցվել է 52 ուսանողների ուսման վարձը:
2016-2017 ուստարվա օտարերկրյա պետությունների բուհերում միջազգային պայմանագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում Չինաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով գործուղվել է 46 ՀՀ քաղաքացի: Նույն` միջպետական պայմանագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի շրջանակում ՀՀ բուհեր այս տարի ընդունվել է 61 օտարերկրյա քաղաքացի:
2016թ. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 23 երկրի 622 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ
Հայաստանում իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում, որին մասնակցել է 65 ուսուցիչ` 17 երկրից:
«Սփյուռքի համար մանկավարժական և մասնագիտական կադրերի պատրաստումը համալսարաններում և ասպիրանտուրայում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել 24 երկրի 790 սփյուռքահայ, որոնցից 160-ը՝ սիրիահայեր:
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների թափուր պաշտոնների համար կազմակերպվել են թվով 2 ռեկտորի և 39 քոլեջի, ուսումնարանի և դպրոցի տնօրենի մրցույթներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցելու համար դիմել է 773 հավակնորդ, որոնցից 559-ին շնորհվել է հավաստագիր:
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ քննությանը մասնակցել է 30 հավակնորդ, որոնց բոլորին շնորհվել է հավաստագիր:
Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 22 ուսուցիչ:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԳ նախարարի հրամաններով նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա են ստացել 112, հանրակրթական կրթական ծրագրով՝ 22, նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով` 2, բակալավրի` 1, մագիստրոսի` 2 ուսհաստատություններ: Գործունեության թույլտվություն է տրվել նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով` 43, բարձրագույն կրթական ծրագրով` 17 մասնագիտությունների:
Կասեցվել են հանրակրթական ծրագրերի 4 լիցենզիաների գործողություններ և դադարեցվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 3 լիցենզիաների գործողություններ:
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Ստեղծվել է Կրթության ազգային ինստիտուտի կրթական ակադեմիան YouTube-ում՝ https://www.youtube.com/user/ruzaniko, որտեղ տեղադրված են 46 կրթական բովանդակությամբ տեսադասեր: Դրանք դիտվել են մոտ 79000 անգամ:
Մշակվել է «Սոցիալական ցանցերը որպես հեռավար ուսուցման գործիք» ծրագիրը, որի նպատակն է աջակցել մանկավարժների սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանը, ինչպես նաև ուսումնական և կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այս ծրագրով հեռավար եղանակով վերապատրաստում է անցել ՀՀ մարզերի գյուղական դպրոցների 32 ուսուցիչ:
ԿՏԱԿ-ի կողմից իրականացվել են 1420 կրթական ուսումնական հաստատություններ ընդգրկող Հայաստանի կրթական ցանցի սպասարկման, կառավարման և ցանցային սարքավորումների պահպանման աշխատանքները։ Ուսումնական հաստատություններին տրամադրվել են պահուստային կապի միջոցներ (յուրաքանչյուր դպրոցին մեկական 3G մոդեմ):
Վայոց Ձորի մարզում «Մեկ երեխա–մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների տարրական դասարաններում ապահովվել է անլար կապի ծածկույթ, իսկ առնվազն 5 Մբ/վրկ թողունակությամբ կապուղով դպրոցները միացվել են ՀԿՑ կենտրոնական հանգույցին։
Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը (http://www.armedu.am/), հարստացվել է բովանդակային պարունակությունը: Կրթական ֆորումում () ստեղծվել են շուրջ 80 նոր թեմաներ (ընդամենը` 1130 թեմա), կատարվել են 1260 գրառումներ (ընդամենը` 15310 գրառում), գրանցվել են 300 օգտվողներ (ընդամենը` 4340 գրանցված օգտվող):
«Հեռավար ուսուցում» համակարգով (http://learning.armedu.am/) ուսուցիչների համար կազմակերպվել են «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 4 դասընթացներ (մասնակցել է 91 ուսուցիչ, 51-ը ստացել են հավաստագրեր) և ուսումնական առարկաների 56 հեռավար դասընթացներ (ընդհանուր առմամբ «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպվել են շուրջ 140 դասընթացներ՝ գրանցված 1740 մասնակիցների համար):
«Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am) ըստ դասակարգված բաժինների տեղադրվել է ավելի քան 2090 նոր ուսումնամեթոդական էլեկտրոնային պաշար (պաշարների ընդհանուր քանակը` 5732), գրանցվել են ավելի քան 1050 նոր օգատագործողներ (գրանցվածների ընդհանուր քանակը` 2367):
http://schoolsite.am կայքում ըստ մարզերի և ըստ կրթության կազմակերպման ձևի տեղադրվել են ուսումնական հաստատությունների կայքերի հղումները:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ստորագրվել է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Ծրագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում հայ գիտնականներին` օգտվել ԵՄ գիտական դրամաշնորհներից, ընդգրկվել համատեղ գիտական ծրագրերում: Այդ համատեքստում Երևանում կայացել է հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը, որին մասնակցել են ԵՄ հանձնակատարներ Յոհաննես Հանը և Կարլոս Մոեդաշը, եվրոպական երկրների կրթության և գիտության նախարարներ:
Կայացել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովը:
Ֆինանսավորվել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվող 5 գիտական թեմա:
Տարվա ընթացքում կազմակերպվել են գիտական ծրագրերի ֆինանսավորման ավելի քան 20 ներպետական և միջազգային մրցույթներ:
Վերանայվել և վերահաստատվել է Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկը` հայաստանյան գիտական ներուժին համապատասխանեցվելու միտումով:
Ստեղծվել է ԲՈՀ-ի` թվով 62 մասնագիտական խորհուրդների ցանցը, ընդ որում 1-ին անգամ մասնագիտական խորհուրդ կգործի նաև Գյումրիում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Հանձնվել է 465 գիտական աստիճանի վկայագիր /34 դոկտոր և 431 թեկնածու/:
Բեկանվել կամ կրկնական քննարկման է ուղարկվել 46 աշխատանք /6 դոկտոր և 39 թեկնածու/` արտագրության հայտնաբերման /16 դեպք/ և բացասական կարծիքների հիմնավորմամբ:
Հաստատվել և հանձնվել է 288 գիտական կոչման դիպլոմ /68 պրոֆեսոր և 220 դոցենտ/:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով ընդունվել է 180 ահազանգ, որից 111-ը` Երևանից, 69-ը` մարզերից: Բոլոր ահազանգերը համապատասխան ընթացք են ստացել ինչպես նախարարության հանրակրթության վարչության, այնպես էլ կրթության պետական տեսչության կողմից:
Գործարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքի նոր տարբերակը /www.edu.am/:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ