ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայ-լիտվական կրթական համագործակցություն

Փետրվարի 10, 2017
Պաշտոնական լրատու

Կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միևնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա` կրթության նկատմամբ մեր երկրների առանձնահատուկ վերաբերմունքը: «Կրթության համակարգում մշտապես զգացել ենք Լիտվայի աջակցությունը, կրթական նոր համակարգի անցման ճանապահին մեզ համար կարևորվել  են  Լիտվայի և Ֆինլանդիայի օրինակները, իսկ  Բոլոնիայի գործընթացին մեր երկու երկրները գրեթե միաժամանակ են միացել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Պետրիկասն ընդգծել է, որ Հայաստանում իր գործունեության տարիներին ջանքեր չի խնայել կրթության համակարգում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացման համատեքստում` դեսպանը կարևորել է Հայաստանի ավարտական դասարանների աշակերտների համար Լիտվայի LCC միջազգային համալսարանի կողմից կազմակեպվող անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` մրցույթին ցուցաբերվող աջակցության համար` դեսպանը տեղեկացրել է, որ մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուղևորվել Լիտվա`  մասնակցելու Կլայպեդայի LCC միջազգային համալսարանի եզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում` մեկ կիսամյակ սովորելու այդ համալսարանում: 

Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանն արդեն  եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցի լիիրավ անդամ է, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում իրականացնել  գիտական, նորարարական  հետազոտություններ`  ներգրավելով տարբեր երկրների գիտահետազոտական ենթակառուցվածքները և բարձր որակավորում ունեցող հետազոտողներին: Այդ համատեքստում  նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում  նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք ընթացիկ աշխատանքային  հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ