ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագիրը

Փետրվարի 13, 2017
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի մեկնարկի մասին։

 Ազգային համայնքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանում հանրակրթական դպրոցներին ուսուցիչների շրջանում օտար լեզվի հմտությունների ցածր մակարդակով, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանում ծրագրի լայն տարածման համար։ Օտար լեզվին չտիրապետելու պատճառով դպրոցներից սահմանափակ թվով ուսուցիչներ են կարողանում օգտվել համաեվրոպական համայնքի հնարավորություններից։ Բացի դա ուսուցիչները կաշկանդվում են սկսել միջազգային համագործակցության պրոյեկտներ, քանի որ կարծում են, որ չունեն բավարար հմտություններ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Դպրոցների համագործակցության հայաստանյան վիրտուալ համայնքի ստեղծումն հնարավորություն կտա դպրոցներին, տնօրեններին, ուսուցիչներին ու աշակերտներին ապահով ու մասնագիտացված միջավայրում իրականացնել համագործակցային ծրագրեր հայերեն լեզվով, փոխանակվել փորձով, կիսվել արդյունքներով, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։ Ազգային պրոյեկտներում ձեռք բերված փորձն ու հմտությունները հետագայում հիմք կհանդիսանան միջազգային հարթակ դուրս գալու համար։

Վիրտուալ համայնքը կազմակերպվելու է հատուկ մասնագիտացված պլատֆորմի միջոցով, որը հնարավորություն կստեղծի ուսուցիչների համար իրենց հաշիվներով կապվել այլ դպրոցների ուսուցիչների հետ, միասին նախագծել և իրականացնել համագործակցային ծրագրեր` ներառելով իրենց աշակերտներին  և տեղադրել այդ ծրագրերի արդյունքները և կիրառել դրանք նաև իրենց ամենօրյա ուսուցման գործընթացում։

Ծրագրի էությունը առնվազն երկու տարբեր դպրոցների ուսուցիչների կողմից համատեղ կրթական ծրագրերի նախագծումը, իրականացնումն ու ամփոփումն է՝ նրանցում ներառելով նաև աշակերտների խմբեր։ Աշակերտները կարող են լինել ինչպես մեկ ամբողջ դասարան, այնպես էլ դասարանի մաս, կամ տարբեր դասարանների հավաքական թիմ, անգամ տարբեր տարիքների, եթե այդպիսի բան նախատեսվում է պրոյեկտով։

Ազգային պրոյեկտների համար նախատեսվում է Մենթոր դպրոցների համակարգի ներդրումը։ Այս համակարգում փորձառու, կրթական և մանկավարժական ավելի լավ ռեսուրսներ ունեցող դպրոցները առցանց կկապվեն սկսնակ և սակավ ռեսուրսներ ունեցող դպրոցներին, կաջակցեն նրանց ինչպես բաց դասեր ու վերապատրաստումներ կազմակերպելու միջոցով, այնպես էլ կրթական պաշարների և այլ ռեսուրսների տրամադրմամբ, համատեղ ուսումնական գործընթաց կազմակերպելու միջոցով։

Ծրագրի խոշոր նպատակներից է նաև խթանելը ուսուցիչների կողմից ՏՀՏ գործիքների կիրառումը ամենօրյա ուսումնական գործընթացում, ուսուցիչների ու աշակերտների ծանոթացումը նոր մեդիա տեխնոլոգիաներին ու գործիքներին։

Ծրագրի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հնարավորություն կտա մեր ուսուցիչներին ու աշակերտներին լինել ավելի նախաձեռնող, նոր տեխնոլոգիաների ու մեթոդների հանդեպ ավելի ընկալունակ ու պատրաստակամ։

Նախատեսվում է կազմակերպել սեմինար-դասընթացներ ինչպես առցանց, այնպես էլ տարածաշրջանային հանդիպումների ընթացքում։ Դասընթացները ներառելու են թեմաների հնարավորինս լայն շրջանակ․ ՏՀՏ և մեդիա գործիքներ, մանկավարժական և մեթոդական վերապատրաստումներ և այլն։

Առավել լավ արդյունք ապահովելու համար նախատեսվում է համայնքի ձևավորումն իրականացնել փուլերով։ Սկզբնական շրջանում որպես դպրոց-կենտրոններ հանդես կգան այն դպրոցները, որոնք արդեն մասնակցում են Իթվինինգպլյուս ծրագրին։

Համագործակցային ծրագրեր իրականացնելիս ուսուցիչների ու աշակերտների մոտ կզարգանան թիմային աշխատանքի հմտությունները, կձևավորվի միասնական պատասխանատվության զգացում համատեղ աշխատանքի լավ արդյունք ունենալու համար։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նախատեսվում է ապահովել դրա արդյունքների ճանաչողությունը, մասնավորապես համագործակցային ծրագրերի իրականացումը կարելի է ներառել ուսուցիչների տարակարգ ստանալու պահանջների, ինչպես նաև դպրոցների վարկանշավորման համակարգի մեջ։

 

Նախապատմություն

2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանականերում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։

Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ, որոնք նախկին Արևելյան գործընկերության երկրներում կոչվում են Աջակցող գործընկեր գործակալություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։

2013թ․ից մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 100-ից  ավելի դպրոցներ և շուրջ 450 ուսուցիչներ (նախկին Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը կոչվում է Իթվինինգպլյուս)։

2013թ․ ից Հայաստանի դպրոցներն ու ուսուցիչները ակտիվորեն մասնակցել են հանրակրթական ամենատարբեր առարկաներ ներառող բազմակողմանի պրոյեկտների հիմնականում անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

2013թ․ մինչ այժմ ավելի քան 30 ուսուցիչներ մասնակցել են Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված կոնտակտ-սեմինարների, վերապատրաստման դասընթացների և կոնֆերանսների, հանդես են եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։

2014-2016թթ․ ամեն տարի Հայաստանում կազմակերպվել են միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել են եվրոպական տարբեր երկրների ընդհանուր առմամբ ավելի քան 100 ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Առավել փորձառու և հաջողություններ արձանագրած ուսուցիչներից ընտրվել են Իթվինինգի տարածաշրջանային դեսպաններ, որոնք, ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հետ միասին կազմակերպում և համակարգում են մարզերի աշխատանքները, ցուցաբերում են աջակցություն ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցերում։

Համայնքին միանալու գործընթացն իրականացվել է փուլերով։ Յուրաքանչյուր փուլից հետո բոլոր տարածաշրջաններում իրականցվել են հանդիպում սեմինարներ, որի ընթացքում ծրագրին նոր միացած ուսուցիչներին ներկայացվել են ծրագրի առավելությունները, օգուտներն ու հնարավորությունները։ Մանրամասն բացատրվել է գործիքակազմը, տրվել է մանկավարժամեթոդական աջակցություն հաջող և որակյալ պրոյեկտներ իրականացնելու, տարբեր մեթոդներ օգտագործելու, աշակերտներին և իրենց այլ գործընկերներին մոտիվացնելու և այլ հարցերում։ Այս հանդիպում սեմինարներին մասնակցել են նաև ԿՏԱԿ-ի մարզային համակարգողները և տարածաշրջանների պատասխանատու ուսուցիչները։

Տարվա ընթացքում իրականացվում են նաև առցանց սեմինարներ, որոնք վերաբերվում են ստեղծագործական մեթոդներին ու տեխնոլոգիաներին, մեդիա գործիքներին և այլն։ Այս դասընթացների համար օգտագործվել են Ինչպես Իթվինինգ պորտալի, այնպես էլ «Հայկական կրթական միջավայրում» գործող «Հեռավար ուսուցում» համակարգի հնարավորությունները:

Ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու համար կազմակերպվել են նաև տեղեկատվական արշավներ ինչպես առցանց, այնպես էլ մարզերում, մասնավորապես խոշոր հանդիպումներ են կազմակերպվել Սյունիքի և Լոռու մարզերի դպրոցների տնօրենների համար:

Յուրաքանչյուր տարվա ավարտին, ինչպես և Իթվինինգի մասնակից մնացած երկրներում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է տարեկան ամփոփիչ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվում են կատարված աշխատանքները, քննարկվում և նախանշվում են հաջորդ տարվա հիմնական ուղղություններն ու թիրախները, սահմանվում են նպատակները և աշխատանքի գնահատման չափորոշիչները։ Ամփոփիչ կոնֆերանսի ժամանակ իրականացվում է նաև Ազգային մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում առավել հետաքրքիր և Որակի համաեվրոպական չափանիշներով առավել բարձր գնահատականների արժանացած պրոյեկտների մասնակից ուսուցիչները ստանում են Որակի ազգային հավաստագրեր ու մրցանակներ, իսկ նրանցից լավագույնները մասնակցում են Որակի համաեվրոպական մրցանակաբաշխության մրցույթին։

2013-2016թթ․ հայաստանցի ավելի քան 30 ուսուցիչներ ստացել են Որակի համաեվրոպական մոտ 50 հավաստագիր։

Գործարկվել և հաջողությամբ շահագործվում են ԻթվինինգպլյուսՀայաստան ծրագրի ազգային կայքը և ֆեյսբուքյան էջը: Կայքի միջոցով անընդհատ աջակցություն է ապահովում տարբեր առցանց գործիքների միջոցով:

2013-16թթ. իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքում անհրաժեշտություն առաջացավ ունենալ Դպրոցների համագործակցության ազգային համակարգ, որը կօգտագործվի ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, տարբեր դպրոցների և ուսուցիչների միջև համագործակցության և գործընկերային հարաբերությունների հաստատման և այլ նպատակներով։

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…