ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային միտում է»

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական լրատու

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է «Էրազմուս+» Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ: Այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը «Էրազմուս+» ծրագրերին: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը, որը դրական միտում է. «Համալսարանների  միջազգայնացումը համաշխարհային միտում է. ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային է միջազգայնացմանն ուղղված աշխատանքները: Հայաստանյան  բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս կարևորում են իրենց գործառույթներն ու կարևոր  քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»,-նշել է Կ. Հարությունյանը՝ կարևորելով, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագրին հայաստանյան բուհերից բացի, մասնակցում են նաև եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ:
Եռամյա ծրագրի համակարգող բուհի՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը նշել է, որ   բուհը միջազգային ծրագրեր ղեկավարելու բավականին լուրջ փորձ ունի: Նրա խոսքով՝ Հայաստանում միջազգային փորձը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ: Կստեղծվի ազգային հարթակ, կուժեղացվեն ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները.««Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /Բուսթ/» ծրագիրն ընդգրկում է լայն շրջանակ և նպատակաուղղված է ամենատարբեր գործընթացների միջազգայնացմանը»,-հավելել է Արա Երեմյանը:
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան վստահություն է հայտնել, որ ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումն ու ազգային ծրագրի արդյունավետությունը հնարավոր է մասնակիցների համագործակցության և համապատասխան քայլեր ձեռնարկելու շնորհիվ:
Լանա Կարլովան կարևորել է, որ եռամյա ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերն ու ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները, իրականացնելով ծրագրով նախատեսված  դրույթները, համագործակցեն Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերների   հետ՝ վերջիններիս միջազգայնացման  հարուստ փորձը ներդնելով   ազգային ծրագրում:
ՀՊՄՀ-ի Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն էլ նշել է, որ բուհերի միջազգայնացման համար  նախևառաջ  մշակվելու է ազգային ռազմավարություն, համապատասխան մարքետինգային գործիքակազմ, որը կբարձրացնի համալսարանի տեսանելիությունը միջազգային մակարդակում: Ծրագրի կոնսորցիումն ընդգրկում է 12 անդամ, ներառյալ՝ 5 հայաստանյան համալսարաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաև 5 եվրոպական  երկրներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ