ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման նոր հնարավորություններ Սյունիքի մարզում

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և  «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր գոհունակությունն է հայտնել հուշագրի ստորագրման կապակցությամբ: «ՀՀ կրթության և գիտության նախարարության ձեռագրերից մեկն է՝ հասարակական կազմակերպություններին և մասնավոր հատվածին ակտիվ մասնակից դարձնել կրթության ոլորտի խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումն ուրախալի փաստ է այն առումով, որ վերաբերում է մասնագետների պատրաստմանը հատկապես ՀՀ Սյունիքի մարզում: Ծրագրում ընդգրկված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը: Սրանով Սյունիքի մարզի համար լուծում ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ կադրերի պատրաստման և դասախոսների որակավորման բարձրացման, որը կնպաստի մարզում ուսուցման որակի բարձրացմանը: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև գործող մասնագիտական չափորոշիչների արդիականացումը ՀՀ կառավարության գործունեության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ հուշագրով կարևորվում է  նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը: 
«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանը՝ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք նախարարության աջակցությունը ծրագրի ողջ գործընթացին: Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել գյուղատնտեսական ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը՝ հիմնականում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում: Նախարարության աջակցությունը կարևոր է նաև երկու մասնագիտությունների չափորոշիչների և կրթական ծրագրերի վերանայման գործընթացում»-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ այս պահին կազմակերպությունն  աշխատում է Սյունիքի մարզում, սակայն ծրագիրը վերաբերելու է ողջ կրթական համակարգին և տարածվելու բոլոր մարզերի ագրարային քոլեջներում: 
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը կարևորում են ծրագրի կողմից իրականացվող մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները ՀՀ Սյունիքի մարզում: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է ապահովել ՄԿՈՒ համակարգի կառույցների մասնակցությունը ծրագրի իրականացմանը` համակարգելով ծրագրով նախատեսված մասնագիտությունների ուսումնական ծրագրերի լրամշակման, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը, խրախուսել և ապահովել Սյունիքի մարզի ընտրված ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը ծրագրի իրականացվող գործողություններին, աջակցել ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացմանը աջակցող շահագրգիռ կառույցների միջև երկխոսության/քննարկումների հարթակի ստեղծման և համակարգման աշխատանքներին և այլն:
Հուշագրով ՌԶԳ ՀԿ-ն պարտավորվում է ապահովել ծրագրով նախատեսված արդյունքները` համագործակցելով ԿԳ նախարարության, Սյունիքի մարզի ընտրված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների, ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացմանը աջակցող այլ կառույցների հետ, աջակցել համապատասխան ՄԿՈՒ համակարգի կառույցներին` ծրագրով նախատեսված մասնագիտությունների համար ուսումնական ծրագրերի մշակման ընթացքում` իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները: ՌԶԳ ՀԿ-ն պարտավորվում է նաև աջակցել թիրախային ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև երկխոսության և կապերի հաստատմանը` ծրագրով նախատեսված մասնագիտությունների համար ուսումնական ծրագրերի վերանայման, մշակման և իրականացման ընթացքում, այդ գործընթացին ներգրավելով Շվեյցարիայի գործընկեր Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպության փորձառու մասնագետներին, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն թիրախային ՄԿՈՒ հաստատություններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ