Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը:
Ներսիսյանը մեկնարկում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Լեոթիդիանիի հետ և հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ, իսկ Առստամյանը կամային հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։ Առաջին ռաունդում 2։3 հաշվով զիջելուց հետո` Առստամյանը հաջորդիվ հաղթել է 4։1 և 5։0 հաշվով:
Հայ բռնցքամարտիկներից մեկնարկում պարտություն են կրել Լևոն Վարդանյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկներից այսօր ռինգ դուրս կգա պատանիների աշխարհի առաջնության հաղթող Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։
Անահիտ Բադալյանը շուրջ 40 տարի աշխատում է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Նա միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներից է, և 2023 թվականը որոշիչ էր նաև նրա համար:
«Թեև արդեն թոշակառուի տարիքի եմ և մանկավարժական գործունեության երկարատև տարիների ընթացքում հասցրել եմ իմ ավանդն ունենալ սերունդների կրթման կարևոր գործում, բայց ես ինձ դեռ շատ երիտասարդ եմ զգում և ուզում եմ աշխատել։ Այդ իսկ պատճառով որոշեցի փորձել ուժերս՝ գնալ կամավոր ատեստավորման, և հաջողելու դեպքում, շարունակել աշխատանքս դպրոցում»,- ասում է ուսուցչուհին։
Անահիտ Բադալյանը, հաղթահարել է կամավոր ատեստավորման շեմը` ապահովելով 67 տոկոս արդյունք և արդեն նախորդ տարվանից սկսած՝ բարձրացված դրույքաչաձով աշխատավարձ է ստանում։ Ասում է՝ թեև կամավոր ատեստավորման համար տրված գրականության ցանկը ծավալուն էր և դժվարհասանելի, այդուհանդերձ փորձել է պատշաճ պատրաստվել։
«Իմ ուսանողության տարիներին ես լավ կրթություն եմ ստացել և կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքում վերաթարմացրի գիտելիքս, նաև նոր մեթոդների ու մոտեցումների ծանոթացա, որոնք այսօր կիրառում եմ դասապրոցեսում։ Դրանք ինչ-որ առումով նաև հեշտացրել են գործս՝ օրվա դասը աշակերտների համար առավել ընկալելի դարձնելով»,- պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորմանը դիմել է անվստահությամբ, քանի որ անորոշությունը, լարվածությունը խանգարում էին․ «Սակայն այսօր հասկանում եմ, որ կարող էի ավելին։ Հիմա մտածում եմ դիմել նաև առաջիկա փուլին՝ միավորներս բարելավելու հաստատակամությամբ։ Կոլեգաներիս ևս խորհուրդ եմ տալիս դիմել, փորձել ուժերը և օգտվել տրված հնարավորությունից։ Ճիշտ է՝ թեստերում անճշտություններ կային, որոնք ավելորդ շփոթություն էին առաջացնում, բայց կարևորը դրանք շտկվեցին։ Կարծում եմ՝ հաջորդ փուլերում կամավոր ատեստավորման գործընթացը բոլոր կողմերի համար առավել թեթև և խնդիրներից հնարավորինս զերծ կլինի»,- խոսքը եզրափակում է Հրազդանի հմ․ 12 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։
Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝
B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),
C դաս (արգելքների բարձրությունը՝ 100 սմ),
D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):
D դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը (Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը` «Միրաժ» ակումբից։
C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Խալաթյանը (Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը («Սիլ» ակումբ), իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:
B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան Փոխանցիկ հուշագավաթին:
Հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:
Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն էր՝ 185 կգ արդյունքով:
Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն, 0 էր ստացել:
Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Թաիլանդում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:
Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցներին, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ ուղղությամբ ներկայացնելու համար. «Դուք ցույց եք տվել ձեր վերաբերմունքն այնպիսի կարևոր բարեփոխմանը, ինչպիսին հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես նոր չափորոշչի ներդրումը դպրոցներում դարձնենք ավելի ընդգրկուն և լավագույն փորձը՝ առավել տեսանելի, և այս նախաձեռնությունն այդ նպատակով է արվել»:
Ըստ նախարարի՝ հանրային խոսակցություններն առավելապես կենտրոնանում են եղած խնդիրների շուրջ, որը թեև շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս այս բարդ գործընթացը շարունակաբար բարելավել, սակայն մյուս կողմից էլ մանկավարժների աշխատանքն ու արձանագրված դրական առաջընթացը ստվերում են մնում. «Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուս դպրոցների ուսուցիչների, տնօրենների և աշխատակիցների համար: Այս մեխանիզմը ձեզ թույլ կտա պատմել ձեր աշխատանքի մասին, իսկ մեզ՝ ճանաչել կատարված աշխատանքը: Ձեր արձագանքը շատ բարձր ենք գնահատում, քանի որ երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախություններ, կասկածանքներ և վախեր լինում: Նույնիսկ դրական նախաձեռնություններին հաճախ դժվարությամբ են մասնակցում, հետևաբար կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն եք ցուցաբերել և մասնակցել»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` հրաշալի աշխատանքներ են եղել, և ներկայացված յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ուսումնասիրվել է:
«Կարևոր է, որ նոր չափորոշիչը դպրոցներում կայանա, կարևոր է լավագույն փորձի մասին առավել իրազեկվել՝ միմյանցից սովորելու առումով»,- վստահություն է հայտնել Ժաննա Անդրեասյանը:
Ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչները հնարավորություն ունեն այնուհետ մասնակցելու տարվա լավագույնի մրցույթին, որը ենթադրում է որոշակի պարգևատրում. տվյալ ամսվա ներկայացված հայտերով ուսուցիչիչը դառնում է իրավասու՝ հայտնվելու տարվա լավագույնի ցանկերում»:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, թե՛ դրական կողմերի, թե՛ խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:
Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև չափորոշչի արդյունքի անկախ գնահատման գործընթացից. «Ուրախ ենք, որ ունենք չափորոշչի ՀԲ անկախ գնահատման արդյունքը, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը չափորոշիչը լուծում է: Դա մեր երեխաներին տրամադրվող կրթության որակի բարձրացումն էր, կրթական առաջընթացի գրանցումը: Տավուշի մարզի արդյունքներով վեց ամսվա կրթական առաջընթացի արդյունք ենք գրանցել, ինչը, ի պատիվ մեր ուսուցիչների, իրականացվելով ամենաբարդ ժամանակահատվածում՝ համավարակի սահմանափակումների, ետպատերազմյան շրջանում, դրական է եղել: Սա առաջին հերթին վկայում է մեր համատեղ աշխատանքի մասին, որը պետք է արժևորել և գնահատել: Մեր հաջողությունների մասին պետք է հաճախ խոսենք, որ դրանք մեզ ոգևորեն եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և շնորհավորել ամսվա լավագույնը լինելու առիթով:
«Նախատեսում էինք, որ բոլոր մարզերից մասնակցություն կունենանք, բայց դեռևս չունենք այդ պատկերը: Դա պայմանավորված է առաջին փորձի բարդությամբ, և դուք եք այն համարձակները, որոնք ուղղորդող են մյուսների համար: Այս ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են՝ ձեզնից լսելու կարևոր խնդիրների կամ հաջողությունների մասին, որոնք թե՛ մտածելու տեղիք են տալիս, թե՛ ոգևորում են: Այդպիսով կհասկանաք ոլորտի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում նախարարը և տեղակալը պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բուհերի ընդունելության համակարգում կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսուցչի օգնականի, դպրոցների հոգեբանների գործունեությանը, գնահատման նոր համակարգին, ըստ նոր չափորոշչի քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:
Պատասխանելով ավագ դպրոցի կրեդիտներով բուհ ընդունվելու հնարավորության մասին հարցին` նախարարը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրման հիմքում կրթական արդյունքի փոխճանաչումն է, ինչը նշանակում է, որ բուհը պետք է ճանաչի կոնկրետ դպրոցի կրթական արդյունքը:
«Կրեդիտային համակարգի ներդրումը պետք է արվի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո: Այժմ աշխատանքներ են ընթանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նոր նախագծում, հիմք ընդունելով ՀՀ կրթության՝ մինչև 20230 թվականը զարգացման ծրագրի հիմնական պահանջները, բուհերի ընդունելության համակարգի նոր մոտեցումներ են ամրագրվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` հույս հայտնելով, որ հանրային քննարկման փուլում դպրոցներն ակտիվ կլինեն` ներկայացնելով առաջարկներ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման իրենց փորձը: Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով` «Առողջ ապրելակերպ» խմբակի ներդրման սկզբնական շրջանում, երբ ծնողների մոտ տարատեսակ մտահոգություններ և չպարզաբանված հարցեր կային, ծնողների հետ կազմակերպել են հանդիպում` ներկայացնելով խմբակի ուսումնական ծրագիրը և նպատակը. «Մեր մասնագետներին լսելուց և իրենց հուզող հարցերի մասին պարզաբանումներ ստանալուց հետ ծնողների հիմնական մտահոգությունները փարատվեցին»,- պատմել է տնօրենը: Նա նաև նշել է, որ դպրոցում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են սեմինարներ` գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ:
Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանի կարծիքով` նախագծային ուսուցումն աշակերտի կարողունակությունների զարգացման լավագույն մեթոդներից է, և կարելի է որոշ առարկաների դեպքում քննությունը փոխարինել նախագծային աշխատանքով:
Այս առնչությամբ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ նման հնարավորություն այս տարի տրված է Տավուշի մարզի դպրոցներին, որտեղ 9-րդ դասարանի ավարտին սովորողն իր ընտրությամբ կարող է քննություն հանձնել կամ նախագծային աշխատանք իրականացնել:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման փորձը:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարն իրազեկել է նաև, որ ակնկալում է լավագույն մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցությունն այս տարի նախատեսվող ուսուցչական երկու համաժողովներին, որտեղ վերջիններս կարող են հանդես գալ նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հաջողված փորձը:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024