ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նիստը վարել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ԱԺ և ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի ծրագրերը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այն եղել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման տարի. դրա շրջանակում իրագործվել են ավելի քան 45 ռազմավարական ծրագրեր:
2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը
Հանրակրթության ոլորտում նախարարն առանձնացրել է սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը, որի շրջանակում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ: Ըստ այդմ՝ պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը։
«Այս ուղղությամբ արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունենք դպրոցներից. համապատասխան մեթոդաբանություն ներդնելու շնորհիվ աշակերտների շրջանում մեծացել է հետաքրքրությունը սովորելու նկատմամբ, և ակնհայտ է, որ Տավուշում գրանցված արդյունքներն արդեն հասանելի են դառնում հանրապետության բոլոր դպրոցներում»,-նշել է նախարարը:
Ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ երեխաների համար
Տարրական դասարաններում միավորային գնահատում այլևս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ երեխաների համար: Այս ուղղությամբ ևս, ըստ Ժաննա Անդրեասյանի, դպրոցներից ստացվել են բավականին դրական արձագանքներ առ այն, որ աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ և թիրախային այն երեխաների համար, որոնք հավելյալ աջակցության կարիք ունեն:
Դասագրքերի արժեքը նվազել է
Նախարարը կարևորել է այն փաստը, որ նախորդ տարի էական բարեփոխումներ են իրականացվել դասագրքերի ոլորտում. նոր ձևաչափով են իրականացվել դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները, որի շնորհիվ ապահովվել է մրցակցային բաց դաշտ, և դասագրքի արժեքի էական նվազեցում է արձանագրվել՝ միջինում մինչև 26%-ով:
«Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող դասագրքերի պարագայում այս փոփոխությունը զգալի է, և մենք կարողացել ենք այս իմաստով ավելի արդյունավետ գործընթաց ստանալ: Դասագրքերի որակի առումով ևս աշխատանքները շարունակվում են. վստահ եմ, որ այս տարվա մրցույթների արդյունքում ունենալու ենք շատ ավելի որակյալ բովանդակություն, քանի որ փոխվել է նաև փորձաքննության ողջ համակարգը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ որպես հաջորդ կարևոր գործընթաց մատնանշելով հաստատությունների ենթակառուցվածքների բարելավումը՝ ՀՀ կառավարության «300 դպրոցների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի» շրջանակում:
Նոր լաբորատորիաներ դպրոցների համար
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ՏՀՏ և բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի բոլոր և այլ մարզերի ու Երևանի նորակառույց դպրոցներում. «Այս տարի միանգամից 6 մարզի դպրոցներ կստանան ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ՏՀՏ լաբորատորիաներ, որոնք աջակցություն են այս առարկաների ուսուցման՝ ավելի փորձարարական բնույթին և էապես մեծացնում են դրա արդյունավետությունը»:
Ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ դասարանների թվի
Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերից ներդրվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը․ սովորողի թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը, էապես ավելացել է կրթության ներառականության ֆինանսավորումը, առանձին ֆինանսավորում է նախատեսվել լաբորատորիաների պահպանման համար, նորմատիվային դաշտ են բերվել առանձին ուղղություններով ֆինանսավորման ծախսերը, որը ևս արդեն տալիս է իր առաջին արդյունքները:
Տնօրենի նշանակման նոր համակարգ. հավակնորդների զարգացման ծրագրերի մոտ 85 տոկոսը չի ստանում դրական եզրակացություն
«Կառավարման համակարգի բարեփոխումը սկսել է աշխատել. իհարկե, դեռ ժամանակ կա, որպեսզի այն գործի բոլոր դպրոցներում, և հընթացս բարելավվեն ընթացակարգերը, սակայն բովանդակային և վարչատնտեսական կառավարման տարանջատման արդյունքում ներդրվել է տնօրենների նշանակման ամբողջական նոր համակարգ: Այս եռափուլ համակարգը՝ հավաստագրում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույց, դեռևս աջակցության կարիք ունի: Իրականում զարգացման ծրագրերի մոտ 85 տոկոսը չի ստանում դրական եզրակացություն, իսկ հարցազրույցի փուլ հասած 15 տոկոս հավանորդներից 63 տոկոսը չի հաղթահարում հարցազրույցի փուլը: Այս պահին սա համակարգի ախտորոշումն է, սակայն մենք նպատակ ունենք ներդնել դասընթացների առանձին ծրագիր, որպեսզի տնօրենների հավակնորդներն ավելի լավ պատկերացնեն կրթության կառավարման համակարգը»,- նշել է նախարարը:
Կամավոր ատեսատավորում. շուրջ 4000 ուսուցչի վարձատրությունն առնվազն կրկնապատկվել է
Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ այս տարի առաջին անգամ գործարկվելու է ուսուցիչների՝ կարիքի գնահատման վրա հիմնված համակարգը. յուրաքանչյուր ուսուցիչ կարողանալու է ստանալ իրեն անհրաժեշտ վերապատրաստումը: Շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը. 2023 թվականին ատեստավորմանը մասնակցել է ավելի քան 4000 ուսուցիչ, դրական արդյունք է գրանցել շուրջ 3000-ը: Երեք տարիների ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցչի վարձատրությունն առնվազն կրկնապատկվել է։ Վերանայվել է ուսուցիչների տարակարգի համակարգը. տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին:
400 հազար դրամ և ավելի աշխատավարձ է արդեն ստանում ավելի քան 220 ուսուցիչ
Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել ավելի քան 100 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր (չորրորդ աստիճանի տարակարգ)՝ 50 % հավելավճարով: Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400 000-ից մինչև 600 000 ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ. 400 000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ է արդեն ստանում ավելի քան 220 ուսուցիչ:
Հավելավճարի նոր ծրագրեր
Սեպտեմբերից մեկնարկել են հավելավճարի տրամադրման նոր ծրագրեր. 25 %-ով բարձրացել է բնագիտական առարկաների և ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը՝ շուրջ 32 000 դրամ աճով։ Ըստ նախարարի՝ այստեղ աճը կարող է տարբեր լինել. եթե ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում, նրա դրույքաչափը հաշվարկվում է 200 հազար դրամի հիման վրա, և 25 տոկոսը համապատասխանաբար է դիտարկվում: Սեպտեմբերից բարձրացել է նաև մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցիչների վարձատրությունը, որոնց դրույքաչափը ավելացել է՝ միջինում 71 700 ՀՀ դրամից հասնելով 115 300 ՀՀ դրամի։ Այս թվերը ևս կամավոր ատեստավորման արդյունքում փոխվում են:
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում
Արվեստի և սպորտի ոլորտներում արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար ներդրվել է կամավոր ատեստավորման մեխանիզմ՝ 60 000, 80 000 և 100 000 ՀՀ դրամ հավելավճարի չափերով։ «Հաշվի առնելով, որ համակարգը ներդրվել է առաջին անգամ, և ատեստավորման ուղղությունները եղել են սահմանափակ՝ ատեստավորվել և այս պահին հավելավճար է ստանում 42 մանկավարժ: Այս օրերին իրականացվում է ատեստավորման նոր փուլի հայտագրման գործընթացը, և ես հույս ունեմ, որ ավելի մեծ թվով մանկավարժներ ակտիվորեն կմասնակցեն դրան, քանի որ ավելացել են ատեստավորման ուղղությունները»,- փաստել է նախարարը:
Կրեդիտային համակարգի փորձարկում՝ ավագ դասարաններում
Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից։ Այս շրջանակում մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է Արհեստական բանականության դասընթացը: Այլևս ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ է իրականացվում ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների 100 000-ից ավելի երեխաների առողջ սննդի ծրագիրը, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում կրթության որակի վրա։ «Հայաստանը միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, և ՀՀ փորձը համարվում է ամենահաջողվածներից մեկն աշխարհում, ընդ որում՝ պետության կողմից դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: Տարբեր հարթակներում մենք ներկայացրել ենք ծրագրի իրականացման հաջողված փորձը և առաջարկել մեր գործընկերներին՝ Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիայի առաջիկա համաժողովներից մեկը կազմակերպել Երևանում»,- ընդգծել է նախարարը:
Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորում. 19 հաստատություն գրանցվել է
2023 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ պարզեցվել է վարչարարությունը տնօրենների հավաստագրման և կառավարման գործընթացներում, բարելավվել են ներառականության ապահովման հնարավորությունները: «Հստակեցվել են նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման պայմանները, որի արդյունքում 2024 թվականի այս մի քանի ամսվա ընթացքում արդեն ունենք մի իրավիճակ, որ շուրջ 2000 երեխաներ և 19 հաստատություններ, այսպես կոչված, ստվերից եկել են գրանցման դաշտ, որը կարևոր է որակի վերահսկողության և երեխաների ընդգրկվածության իրական ցուցանիշներ ունենալու տեսանկյունից: 29 բնակավայրերում ստեղծվել են նախակրթարաններ: Այս հարցում կարևորում եմ այն փաստը, որ կրթության զարգացման պետական ծրագրում որպես թիրախ ամրագրել ենք՝ առնվազն մինչև 2030 թվականը մեր բոլոր երեխաների համար գոնե մեկ տարի նախադպրոցական կրթությունը պետք է լինի պարտադիր, որը կգնի նրանց ավելի լավ նախապատրաստվել դպրոցին»,-շեշտել է նախարարը:
Շարունակվել է նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը: «Հիշեցնեմ, որ մենք բյուջեից ֆինանսավորում էինք հատկացնում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին. նախորդ տարվա համեմատ երեխաների թիվն աճել է ավելի քան 5 անգամ: Սա նշանակում է, որ հարցի զգայունությունը և աշխատանքը տեղերում արդյունք են տալիս: Բացի դրանից՝ պետական բյուջեից ֆինանսավորվում է նաև զինծառայողների երեխաների՝ այս ոլորտի կրթությունը, իսկ այս սեպտեմբերից այն կստանան նաև անապահով ընտանիքների երեխաները»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Մանկապարտեզների մանկավարժները ևս կարող են տարակարգ ստանալ
Շարունակվել են նախադպրոցական մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագրերը. վերապատրաստվել է շուրջ 1 500 մասնագետ: Ներդրվել է մանկապարտեզների մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը՝ տարակարգի տեսքով, որի արդյունքում արդեն կան տարակարգ ունեցող մանկավարժներ, որոնք ստանում են 30 %-ից 50 % հավելավճար։
Շարունակվել է «500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը». 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքում են: Նախադպրոցական ծառայություններ կգործեն նաև բոլոր կրթահամալիրներում։
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրինագիծը քննարկվում է
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախարարն ընդգծել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կարևորությունը, որն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Դուալ ուսուցման մոդելով իրականացվող մասնագիտությունների մասնաբաժինը հասել է 15 %-ի, իսկ ուսումնական հաստատություններինը՝ 18.3 %-ի:
50 հազար դրամ կրթաթոշակ՝ քոլեջների և ուսումնարանների գերակա մասնագիտությունների համար
Վերանայվել է ոլորտում կրթաթոշակային քաղաքականությունը․ տնտեսության համար գերակա ճյուղերի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով գյուղատնտեսություն, արդյունաբերություն և շինարարություն ուղղություններով կրթություն ստացող ուսանողների համար սահմանվել է 50000 դրամ կրթաթոշակ՝ արդեն իսկ բերելով ընդունելության աճի: 13 քոլեջում ընթանում են շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, իսկ 7 քոլեջներ համալրվել են նոր գույքով: «ՄԿՈՒ ոլորտում իրականացվել են օպտիմալացման աշխատանքներ. 5 հաստատություններ միավորվել են: Այս քաղաքականությունը շարունակվելու է, քանի որ այն ՀՀ կառավարության ծրագրի և Կրթության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Շարունակվել է մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությունը, որն առաջիկայում միմիայն ընդլայնվելու է»,- շեշտել է նախարարը:
Մշակվում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը
Բարձրագույն կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ակադեմիական քաղաքին՝ նշելով, որ նախորդ տարին ծրագրի համար եղել առանցքային թե՛ կառուցվածքի, թե՛ ծրագրային բովանդակության առումով: Ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, մշակվել և հաստատվել է ծրագրի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները՝ գերմանական ճարատարապետական ընկերության կողմից: «Զուգահեռ բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին խնդրել էինք մինչև այս տարվա փետրվարի 15-ը հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման և խոշորացման գործընթացի վերաբերյալ: Հուշագիր է կնքվել Լոնդոնի արվեստների համալսարանի և Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ` արվեստների և տեխնոլոգիական կլաստերների շուրջ համագործակցության վերաբերյալ: Մեկնարկի առաջին իսկ օրվանից ծրագիրն ունի մեկ կարևոր սկզբունք՝ այն խիստ մասնակցային է, և ոչինչ տեղի չի ունենում փակ դռների հետևում: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ներառված են այդ ուղղությունների շահառու հաստատությունները, որը քննարկումների այն հարթակն է, որտեղ բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչները կարող են ներկայացնել փաստարկներ և մասնագիտական հիմնավորումներ: Աշխատանքների յուրաքանչյուր փուլում մենք դրանց արդյունքները ներկայացնելու ենք հանրությանը և հրավիրում ենք դառնալու այդ երկար, հետևողական և բազմաշերտ աշխատանքի մասնակիցը»,-փաստել է նախարարը:
Ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այս ոլորտում իրականացված մյուս գործընթացները. առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով՝ նվազեցնելով քննական սթրեսը և լարվածությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով դիմորդներին լավագույնս դրսևորել իրենց կարողությունները: 2023-2024 ուստարում գրանցվել է ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թվի շուրջ 8,4 % աճ: Մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում:
ԲՏՃՄ մանկավարժական ծրագրերով սովորողներին տրվում է բաձր կրթաթոշակ
Գործարկվել է բուհերում կրթաթոշակի նոր մոտեցումը. պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների համար սահմանվել է 70 000–77 000 դրամ կրթաթոշակ՝ նախկինում գործող 5000-6500 դրամի փոխարեն։ Կրթաթոշակի նոր մոտեցումը ներդրվել է ԲՏՃՄ մանկավարժական ծրագրերով սովորողների համար. նախատեսվում է ընդլայնել կրթական ծրագրերի թիվը։ ԲՏՃՄ մասնագիտությունների գծով լրացուցիչ 100 տեղով ավելացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող պետության կողմից ֆինանսավորվող տեղերի թիվը` կազմելով պետական ֆինանսավորմամբ տեղերի ավելի քան 55 %-ը: Նախորդ տարի առաջին անգամ ներդրվել է ԲՏՃՄ ուղղությամբ ՀՀ բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համակարգը, որի շրջանակում տարկետում է ստացել 105 ուսանող: Այդ ուղղություններով պետական պատվերով ընդունելությունն աճել է 17,3 %-ով այն պարագայում, երբ նախկինում տեղերը չէին համալրվում:
Բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը
2023 թվականին գիտության ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ. մասնավորապես՝ մշակվել և ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որով սահմանվել են որակական և քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:
Նախարարը նշել է, որ գիտության ոլորտի (ներառյալ ռազմարդյունաբերությունը) պետության ֆինանսավորումը կազմել է շուրջ 36 մլրդ ՀՀ դրամ, որը 2022 թվականի ֆինանսավորման չափից 6,2 մլրդ ՀՀ դրամով կամ 20,8 %-ով ավելի է: 2018 թվականի 14,3 մլրդ ՀՀ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ ՀՀ դրամով՝ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը. արդեն իսկ գրանցվել է աշխատավարձի ավելացում 75 %-ից մինչև 226 %: Իրականացվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության ամենամյա մրցույթը. ֆինանսավորում տրամադրվել է 15 կարևոր պաշտպանական ծրագրերի։ Հետազոտական ենթակառուցվածքները ժամանակակից գիտական սարքավորումներով համալրելու նպատակով առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել կապիտալ բնույթի ծախսային ծրագրերով՝ շուրջ 4,2 մլրդ ՀՀ դրամի չափով: Հարկ է նշել, որ 2013-2017 թվականների ընթացքում նույն նպատակով տրամադրվել է ընդամենը 961,4 մլն ՀՀ դրամ:
Արտերկրի գիտնականների հետ կապերի սերտացում
Առաջին անգամ իրականացվել է մրցունակ գիտական ստորաբաժանումների հագեցվածությանն ուղղված մրցութային ծրագիր, որի բյուջեն ամբողջությամբ ուղղվել է փոքր և ամենօրյա կիրառություն ունեցող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 60 հայտ: Էապես ավելացել է ոլորտում մրցութային հիմունքներով տրամադրվող ֆինանսավորման մասնաբաժինը․ 2018 թվականին գիտական գործունեության մրցութային ծրագրերով ֆինանսավորման մասնաբաժինը կազմում էր 30 %, իսկ 2023-2024 թվականներին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 60 %։ Արտերկրի գիտնականների հետ կապերի սերտացման շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել ԲՏՃՄ ոլորտի 6 նախագիծ, իսկ հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագրի շրջանակում՝ ԲՏՃՄ ուղղությամբ 11 և հասարակագիտական՝ 4 նախագիծ։ Երիտասարդ գիտնականներին խրախուսելու նպատակով ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 42 ծրագիր։ Կազմակերպվել է 10 ասպիրանտների և հայցորդների նպատակային ուսուցում արտերկրի լավագույն կենտրոններում։
Արտերկրում գործում է 15 հայագիտական կենտրոն
Անդրադառնալով սփյուռքի հետ կապերին՝ նախարարը կարևորել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ օտարերկրյա համալսարաններում հայերենի և այլ հայագիտական առարկաների դասավանդմանը: Նախորդ տարի հայագիտական կենտրոններ են ստեղծվել Թրակիայի Դեմոկրիտ համալսարանում (Հունաստան) և Սինալոայի համալսարանում (Մեքսիկա)՝ այդպիսով հայագիտական կենտրոնների թիվը 12 պետությունում հասցնելով 15-ի։ 20 երկրի սփյուռքի 220 կրթօջախների համար տպագրվել է ավելի քան 38 000 կտոր գրականություն, կայացել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ 18 երկրից 69 ուսուցչի մասնակցությամբ:
Մեծ աշխատանքներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության իրավունքի ապահովման ուղղությամբ թե՛ հանրակրթության, թե՛ ՄԿՈւ և թե՛ բարձրագույն կրթության ոլորտներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ