ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էլեկտրոնային տոմսային համակարգ, ներդրումների վերադարձ, ստեղծագործողների խրախուսում. 2023 թ. մշակույթի կատարողականը

Մարտի 22, 2024
Մշակութային լուրեր

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի արտահերթ նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի թիվս մյուս ոլորտների, ներկայացրել է նաև մշակույթի ոլորտի հիմնական ցուցանիշները:

Հաստատվել է մշակույթի զարգացման և հանրահռչակման ռազմավարությունը

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը: Դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրով սահմանվում են ոլորտի կառավարման և զարգացման նոր մոտեցումներ և բանաձևեր:

«Ռազմավարության ընդունումը համարում եմ տարվա ամենակարևոր անելիքը, որը օգնեց սահմանել մեր առաջիկա թիրախները և զարգացման ուղղությունները: Բնականաբար, կարևորագույն ուղղություններից է հուշարձանների ոլորտում մեր քաղաքականությունը: Տևական ժամանակահատվածից հետո նախորդ տարի առաջին անգամ այս ոլորտի օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք թույլ տվեցին էապես բարելավել մեր մոտեցումները հատկապես նորահայտ հուշարձանների ճանաչման գործընթացում: Այժմ մենք շատ ավելի թափանցիկ կարգավորման դաշտ ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հուշարձանների վերականգնում և ամրակայում

Նախարարի խոսքով՝ 2023 թ. վերականգնվել է 8 հուշարձան, մշակվել են ևս 3 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և հատկացվել են 3 տեղեկատվական կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այս նպատակներով պետական բյուջեից նախորդ տարի հատկացվել է 563,3 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ սա շուրջ 368 մլն դրամով ավելի է։ Այս տարի նախատեսված են 1.3 միլիարդ դրամի հատկացումներ պետական բյուջեից, ինչը 2 անգամ ավելի է, քան նախորդ տարի»:

«Շարունակվել են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների՝ Լոռու և Տավուշի բերդերի, Ամբերդի ամրոցի, Տափի բերդի, Սմբատաբերդի և այլ հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծման աշխատանքները և նշել է, որ առաջիկայում կներկայացվի նաև «Արտաշատ մայրաքաղաք» պատմական հնավայրի զարգացման հայեցակարգը:

Թանգարաններ. մշակվել է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը

Նախարարի տեղեկացմամբ՝ սահմանվել են թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և էքսկուրսիոն տոմսերի նոր սակագները՝ նվազագույնը 1000 դրամ շեմով, մինչև 12 տարեկան երեխաների մուտքը դարձել է անվճար։ Թանգարանների՝ տոմսերի վաճառքից ստացված եկամուտները նախորդ տարվա նկատմամբ աճել են շուրջ 50 %-ով։

«Մշակվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որը կգործի այս տարվանից: Վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու պետական ծրագիրը, որը չէր գործում ավելի քան 13 տարի։ 6 թանգարաններ համալրվել են 15 մշակութային նոր արժեքներով: Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը: Սա շարունակական քաղաքականություն է, այս տարվա բյուջեում նունպես դրված է և առաջիկայում կլինեն նոր ձեռքբերումներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում

Ձևավորվել է Հայաստանի համայնքներում կիրառվող 250 ազգային ուտեստների շտեմարանը. «Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումը մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է և նաև դիմել ենք ոլորտի հաստատություններին, օրինակ որպեսզի ռեստորաններն իրենց ճաշացանկերում ներառեն այս ուտեստները: Տարբեր հեռուստատեսային խոհանոցային հաղորդումներին նույնպես առաջարկել ենք անդրադառնալ նման ուտեստներին, ինչպես նաև շտեմարանները տրամադրել ենք բոլոր համապատասխան մարմիններին՝ ուտեստների կիրառությունը ապահովելու համար: Գիտական հետազոտության առանձին թեմա ունենք ազգային տոների և ուտեստների ուղղությամբ, որը ներառում է նաև հանրահռչակման և գիտական հրատարակությունների բաղադրիչ»,- ասել է նախարարը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման 11 ծրագրերին մասնակցել են 2 200 այցելուներ Երևանում և մարզերում (10 %-ով ավելի, քան նախորդ տարի):

«Դպրոցական բաժանորդային համակարգ»

Բարելավվել է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը․ այցելությունը թանգարաններ և թատրոններ այլևս իրականացվում է դպրոցական ուսումնական ծրագրի շրջանակում: Սահմանվել է նաև տրանսպորտային փոխհատուցում։ Ծրագրի մասնակիցների թիվը կազմել է ավելի քան 205 000:

Գրադարաններում և թանգարաններում իրականացվել է ավելի քան 1400 կրթամշակութային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 30 000 այցելու:

Փորձարկվում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը

Ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելը, համաձայն որի՝ պետությունը թատերահամերգային կազմակերպությանը յուրաքանչյուր տարի տրամադրում է կազմակերպության կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այս մոտեցման արդյունքում, օրինակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն իսկ գրանցել է սեփական եկամուտների աճ՝ շուրջ 17 %-ով, ինչպես նաև աշխատավարձերի աճ՝ մինչև 40 %:

«Նոր մոդելի շնորհիվ այսօր՝ մարտի 22-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է. տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ոլորտում չեղարկվել են դերասանական կարգերը, ներդրվել է վարձատրության նոր մեխանիզմ՝ հիմնված ստեղծագործական անձնակազմերի ատեստավորման և ելույթավճարների վրա։

Մշակութային հաստատություններում շարունակվել են կապիտալ աշխատանքները․ շուրջ մեկ տասնյակ հաստատությունների տրամադրվել է ավելի քան 500 մլն ՀՀ դրամ՝ անհրաժեշտ հիմնանորոգումներն ու հագեցվածությունն ապահովելու նպատակով:

Խրախուսման նոր մեխանիզմ՝ 300 հազարից 600 հազար դրամ

«Կարևոր փոփոխություն. նախորդ տարի մշակեցինք և այս տարի արդեն հաստատվել է մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոններում նվաճումներ ունեցող արվեստագետներին և ստեղծագործողներին անվանական թոշակ տրամադրելու կարգը, որով նախատեսվում է նրանց համար սահմանել ամսական 300 հազարից 600 հազար ՀՀ դրամ խրախուսման հնարավորություն»,- նշել է նախարարը և հավելել՝ կանխատեսվում է, որ առաջիկայում այս ուղղությամբ կլինեն դիմումներ տարբեր ոլորտներում նվաճումներ ունեցող ստեղծագործողներից:

Մշակույթի ապակենտրոնացման, մարզերում և սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով իրականացված միջոցառումներին մասնակցել է ավելի քան 70 000 մարդ:

Անհատ ստեղծագործողներին և ինքնազբաղ արվեստագետներին օժանդակելու նպատակով Հայաստանում կազմակերպվել է 161 համերգ: Շուրջ 137 անհատ կատարողների և 22 խմբերի՝ 15 երկրներում միջազգային փառատոնների, մրցույթների, բիենալեների և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել։

Հոբելյաններ

«Հայաստանում և արտերկրում մեծ հանդիսավորությամբ նշվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որի շրջանակում 12 երկրում կազմակերպվել է 65 համերգային ծրագիր. «Այս տարի, կարծում եմ, շատ ավելի մեծ ցուցանիշներ կունենանք, որովհետև շատ կարևոր հոբելյաններ արդեն սկսել ենք նշել՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակները: Պետք է ասեմ, որ սա մեր կարևոր ուղղություններից է նաև մշակույթի հանրահռչակման տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Կրթամշակութային ծրագրեր

Իրականացվել են 18 կրթամշակութային ծրագրեր: Ներառականության ապահովման շրջանակում անցկացվել է թիրախային 5 ծրագիր՝ 1800 շահառուների մասնակցությամբ:

Գրահրատարակչություն

Կազմակերպվել է Երևանյան Գրքի միջազգային փառատոնը՝ շուրջ 40 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 15 000 այցելու, վաճառվել է շուրջ 10 000 գիրք։

Կազմակերպվել են 25 միջոցառումներ՝ 6 երկրներից 50-ից ավելի գրողների, քննադատների և թարգմանիչների մասնակցությամբ։ Աջակցություն է տրամադրվել 9 լեզվով թվով 17 գրքի թարգմանությանը:

Կինեմատոգրաֆիա. գործում է ներդրումների մասնակի վերադարձի համակարգը

Անդրադառնալով կինոյի ոլորտում առկա փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ այն իրականացվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին:

«Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստանում այլևս կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Մեծ հետաքրքրություն է առաջացել այս համակարգի շուրջ: Ունենք արդեն իսկ կնքված հուշագրեր և հետաքրքրությունը օրեցօր աճում է: Մշակել և այս օրերին արդեն շրջանառում ենք ենթաօրենսդրական ակտերը, որոնք թույլ կտան 10-40 տոկոս վերադարձ ապահովել մեր երկրում համատեղ կինոարտադրության շրջանակում իրականացվող նախագծերի համար: Այս պահին կնքված հուշագրեր կան օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ»,- նշել է նախարարը։

Շուրջ 74 %-ով աճել է հայկական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Թվով 10 ֆիլմեր մասնակցել են 110 կինոփառատոնների՝ շահելով 28 մրցանակներ։ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ» Ամստերդամի IDFA և նույն փառատոնի FIPRESCI կինոքննադատների և կինոմամուլի մրցանակի: Առաջին անգամ պետական աջակցությամբ նկարահանված «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» կարճ ցուցակում (ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան)։

Բազմակողմ համագործակցություն

«Մեծ աշխատանք ենք տարել մեր մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և պաշտպանելու ուղղությամբ: Ամեն տարի հայտեր են մշակվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնին ներկայացնելու նպատակով: Նախորդ տարի մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն է ներկայացվել Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան տարածքում գտնվող 12 վիշապաքարերի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- նշել է նախարարը։

Մյուս կարևոր համագործակցությունը, ըստ նրա, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ աշխատանքն է. 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանը պաշտոնապես ՖՄԿ-ին է փոխանցել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ հայտը, որը միաձայն բավարարվել է:

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…