ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արմեն Նազարյանն ու Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Մարտի 25, 2024
Սպորտային լուրեր

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ:

Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել սպորտի ոլորտում կատարած մեծ աշխատանքի և հաղթանակների համար. «Ձեր հաղթանակների շնորհիվ մեր հասարակությունն աննկարագրելի էմոցիաներ և ոգևորություն է ապրել: Վստահ եմ՝ ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով: Անկասկած, ձեր սպորտային նվաճումների ու մեդալների կողքին սա ավելի խորհրդանշական նշանակություն կունենա, բայց այն ևս մեկ անգամ ձեր ներդրման արժևորման ու գնահատանքի միջոց է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել անվանի մարզիկների ներդրումն ու ավանդը հայկական ըմբշամարտի զարգացման գործում:

«Արմեն Նազարյանն արդի ժամանակների ամենատիտղոսակիր ու հռչակավոր մարզիկներից մեկն է: Ճիշտ է՝ Արթուր Ալեքսանյանն արդեն գերազանցել է Նազարյանին՝ նվաճած տիտղոսների քանակով, բայց օլիմպիական կրկնակի չեմպիոնությունը դեռևս անգերազանցելի արդյունք է: Արմեն Նազարյանի հետադարձ բռնվածքն ըմբշամարտի աշխարհում շատ հայտնի փաստ էր. բոլոր մրցակիցները փորձում էին պաշտպանվել, բայց ապարդյուն: Վաղինակ Գալուստյանը Պատրասում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ առաջինից մինչև վերջին գոտեմարտ ապահովեց վստահ հաղթանակներ, որոնք ամենատպավորիչն էին. նա մեկ գլուխ բարձր էր բոլորից»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի համար, ընդգծել է՝ Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դրոշը ծածանելն ու հայ ազգի անունը բարձր պահելը մեծ հպարտություն է եղել:

«Երկար տարիներ է՝ Հայաստանում չեմ ապրում, և այս գնահատանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունի ինձ համար: Այս մեդալն էլ իմ մյուս մեդալների կողքին իր տեղը կունենա»,- ասել է Արմեն Նազարյանը:

Լեգենդար մարզիկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այժմ ղեկավարում և համակարգում է Բուլղարիայի երեք տարիքային հավաքականների աշխատանքները, բայց հայրենիքի հետ կապը չի խզել: Նա հաճախ այցելում է Հայաստան և Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականների հետ նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում մեր երկրում: Արմեն Նազարյանը նաև կիսվել է մարզական հարուստ կարիերայի վերաբերյալ հուշերով:

Ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհակալություն է հայտնել վետերան մարզիկներին ուշադրության արժանացնելու համար:

«Հաճելի և պարտավորեցնող է, երբ գնահատվում են նաև նախկինում սպորտային պատմություն ունեցող մարզիկները: Մեծ սպորտում այսօրվա հաղթանակները պատահական չեն. դրանք պետության ուշադրության արդյունք են: Վերջին 3-4 տարիներին մեր մեդալների քանակը լավագույնս վկայում է այդ մասին: Հաճելի է նաև տեսնել երեխաների հոսքը դեպի մարզադպրոցներ, ինչն այժմ նկատելի է: Վերջին տարիներին մեր երկրում անցկացված խոշոր մարզական միջոցառումներն էականորեն նպաստում են երեխաների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Ժամանակին մեզ համար երազանք էր սեփական պատերի ներքո մրցասպարեզ մտնելը. ցավոք, ժամանակին նման հնարավորություն չենք ունեցել: Այժմ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը գեղեցիկ ավանդույթ է դառնում, որը ոգևորիչ է և հաճելի»,- ընդգծել է Վաղինակ Գալուստյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սպորտի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը վերաբերող հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)