ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սալոմե». Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում

Մարտի 25, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։

Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»-ն վերադարձել է ցուցասրահ։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Կարեն Գիլոյանը, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, արվեստի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է․ «Կուզենայի, որ մենք ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության ցուցադրության վերաբացումը տեսնենք մեծ պատկերի մեջ: Իսկ այդ մեծ պատկերը պատկերասրահի վերափոխումն է։ Վերջին տարիներին զգալի վերանորոգման և վերազինման աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվում Հայաստանի ազգային պատկերասրահում և, առհասարակ, թանգարանների ոլորտում։ 2018 թվականից ի վեր պատկերասրահում անցկացվել է օդափոխության ժամանակակից համակարգ, բարեկարգվում են բազմաթիվ սրահներ: Այս տարվա ավարտին նախատեսվում է, որ ամբողջ թանգարանի տարածքի 9 հարկերը վերանորոգված կլինեն։ Կտեղադրվի ժամանակակից անցակետ՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու շրջանակում: Վերականգնվում են կտավներ, որոնց շարքից է «Սալոմեն»»:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև թանգարանային ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի ընդունմանը և «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծմանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի տեղեկացմամբ՝ պատկերասրահում 2021 թվականին մեկնարկել է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում վերականգնվել և ցուցադրությամբ հանրությանն են ներկայացվել 4 գլուխգործոցներ։ Այժմ երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադարձել հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։

«Մշակութային արժեքների վերականգնման ցուցադրությունները վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել են թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում՝ մեկ գործի ցուցադրությամբ, «Սալոմեն» այժմ ներկայացվում է հանրությանը։ Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին»,- ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։

Նշենք, որ 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման և կոնսերվացման» բաժին։ Հինգ տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին այժմ ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ցուցադրության համադրողն է Մարինա Հակոբյանը: Ցուցահանդեսը կգործի մարտի 23-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)