ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուսների համար. Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցներին, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ ուղղությամբ ներկայացնելու համար. «Դուք ցույց եք տվել ձեր վերաբերմունքն այնպիսի կարևոր բարեփոխմանը, ինչպիսին հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես նոր չափորոշչի ներդրումը դպրոցներում դարձնենք ավելի ընդգրկուն և լավագույն փորձը՝ առավել տեսանելի, և այս նախաձեռնությունն այդ նպատակով է արվել»:

Ըստ նախարարի՝ հանրային խոսակցություններն առավելապես կենտրոնանում են եղած խնդիրների շուրջ, որը թեև շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս այս բարդ գործընթացը շարունակաբար բարելավել, սակայն մյուս կողմից էլ մանկավարժների աշխատանքն ու արձանագրված դրական առաջընթացը ստվերում են մնում. «Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուս դպրոցների ուսուցիչների, տնօրենների և աշխատակիցների համար: Այս մեխանիզմը ձեզ թույլ կտա պատմել ձեր աշխատանքի մասին, իսկ մեզ՝ ճանաչել կատարված աշխատանքը: Ձեր արձագանքը շատ բարձր ենք գնահատում, քանի որ երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախություններ, կասկածանքներ և վախեր լինում: Նույնիսկ դրական նախաձեռնություններին հաճախ դժվարությամբ են մասնակցում, հետևաբար կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն եք ցուցաբերել և մասնակցել»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` հրաշալի աշխատանքներ են եղել, և ներկայացված յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ուսումնասիրվել է:

«Կարևոր է, որ նոր չափորոշիչը դպրոցներում կայանա, կարևոր է լավագույն փորձի մասին առավել իրազեկվել՝ միմյանցից սովորելու առումով»,- վստահություն է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչները հնարավորություն ունեն այնուհետ մասնակցելու տարվա լավագույնի մրցույթին, որը ենթադրում է որոշակի պարգևատրում. տվյալ ամսվա ներկայացված հայտերով ուսուցիչիչը դառնում է իրավասու՝ հայտնվելու տարվա լավագույնի ցանկերում»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, թե՛ դրական կողմերի, թե՛ խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև չափորոշչի արդյունքի անկախ գնահատման գործընթացից. «Ուրախ ենք, որ ունենք չափորոշչի ՀԲ անկախ գնահատման արդյունքը, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը չափորոշիչը լուծում է: Դա մեր երեխաներին տրամադրվող կրթության որակի բարձրացումն էր, կրթական առաջընթացի գրանցումը: Տավուշի մարզի արդյունքներով վեց ամսվա կրթական առաջընթացի արդյունք ենք գրանցել, ինչը, ի պատիվ մեր ուսուցիչների, իրականացվելով ամենաբարդ ժամանակահատվածում՝ համավարակի սահմանափակումների, ետպատերազմյան շրջանում, դրական է եղել: Սա առաջին հերթին վկայում է մեր համատեղ աշխատանքի մասին, որը պետք է արժևորել և գնահատել: Մեր հաջողությունների մասին պետք է հաճախ խոսենք, որ դրանք մեզ ոգևորեն եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և շնորհավորել ամսվա լավագույնը լինելու առիթով:

«Նախատեսում էինք, որ բոլոր մարզերից մասնակցություն կունենանք, բայց դեռևս չունենք այդ պատկերը: Դա պայմանավորված է առաջին փորձի բարդությամբ, և դուք եք այն համարձակները, որոնք ուղղորդող են մյուսների համար: Այս ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են՝ ձեզնից լսելու կարևոր խնդիրների կամ հաջողությունների մասին, որոնք թե՛ մտածելու տեղիք են տալիս, թե՛ ոգևորում են: Այդպիսով կհասկանաք ոլորտի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը և տեղակալը պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բուհերի ընդունելության համակարգում կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսուցչի օգնականի, դպրոցների հոգեբանների գործունեությանը, գնահատման նոր համակարգին, ըստ նոր չափորոշչի քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:

Պատասխանելով ավագ դպրոցի կրեդիտներով բուհ ընդունվելու հնարավորության մասին հարցին` նախարարը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրման հիմքում կրթական արդյունքի փոխճանաչումն է, ինչը նշանակում է, որ բուհը պետք է ճանաչի կոնկրետ դպրոցի կրթական արդյունքը:

«Կրեդիտային համակարգի ներդրումը պետք է արվի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո: Այժմ աշխատանքներ են ընթանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նոր նախագծում, հիմք ընդունելով ՀՀ կրթության՝ մինչև 20230 թվականը զարգացման ծրագրի հիմնական պահանջները, բուհերի ընդունելության համակարգի նոր մոտեցումներ են ամրագրվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` հույս հայտնելով, որ հանրային քննարկման փուլում դպրոցներն ակտիվ կլինեն` ներկայացնելով առաջարկներ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման իրենց փորձը: Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով` «Առողջ ապրելակերպ» խմբակի ներդրման սկզբնական շրջանում, երբ ծնողների մոտ տարատեսակ մտահոգություններ և չպարզաբանված հարցեր կային, ծնողների հետ կազմակերպել են հանդիպում` ներկայացնելով խմբակի ուսումնական ծրագիրը և նպատակը. «Մեր մասնագետներին լսելուց և իրենց հուզող հարցերի մասին պարզաբանումներ ստանալուց հետ ծնողների հիմնական մտահոգությունները փարատվեցին»,- պատմել է տնօրենը: Նա նաև նշել է, որ դպրոցում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են սեմինարներ` գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ:

Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանի կարծիքով` նախագծային ուսուցումն աշակերտի կարողունակությունների զարգացման լավագույն մեթոդներից է, և կարելի է որոշ առարկաների դեպքում քննությունը փոխարինել նախագծային աշխատանքով:

Այս առնչությամբ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ նման հնարավորություն այս տարի տրված է Տավուշի մարզի դպրոցներին, որտեղ 9-րդ դասարանի ավարտին սովորողն իր ընտրությամբ կարող է քննություն հանձնել կամ նախագծային աշխատանք իրականացնել:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարն իրազեկել է նաև, որ ակնկալում է լավագույն մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցությունն այս տարի նախատեսվող ուսուցչական երկու համաժողովներին, որտեղ վերջիններս կարող են հանդես գալ նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հաջողված փորձը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)