ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Ապրիլի 11, 2024
Սպորտային լուրեր

Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանը 0 էր ստացել, իսկ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից:

Թաիլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն