ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

Ապրիլի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին:

Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել են 611 զեկույց 4 թեմատիկ ուղղություններով՝

• ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,

• կրթության դերը պետության զարգացման գործում,

• կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,

• կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով համաժողովի նպատակների մասին, կարևորել է Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը. «Առկա է շատ լավ փորձ, և կարևոր է, որ մեր ուսուցիչներն ունենան հարթակներ, որտեղ կարող են կիսվել այդ փորձով, սովորել մեկը մյուսից, ինչի արդյունքում կունենան նոր գաղափարներ և այլ դպրոցների իրենց գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ»:

Նախարարի գնահատմամբ՝ երկխոսության ու համագործակցության ապահովումը հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային նպատակներից է ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների շրջանում: Ըստ նախարարի՝ նմանօրինակ նախաձեռնությունները խթանում են համագործակցային կարողունակությունը: «Հանրակրթության պետական նոր չափորոշչի կարևորագույն մոտեցումն այն է, որ դպրոցը միայն գիտելիք չէ, որ պետք է տա: Դպրոցը նաև պետք է համապատասխան արժեքներ և դիրքորոշումներ ձևավորի: Ընտրված թեման՝ «Կրթության դերը պետության ամրապնդման գործում», ուղղված է արժեհամակարգի ձևավորմանը, մասնավորապես, թե ինչպես ու ինչ մեթոդներով և մոտեցումներով է դպրոցն իրագործում այդ կարևոր անելիքը»:

Ուսուցչական համաժողովի երկրորդ՝ հանրապետական փուլը կանցկացվի մայիսի վերջին՝ Հանրապետության օրվա շրջանակում՝ հաշվի առնելով այն գաղափարը, որ կրթությունը պետության զարգացման կարևորագույն հիմքերից է:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչները կկիսվեն իրենց դիտարկումներով առ այն, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել պետության զարգացմանը, ինչպես է դպրոցներում իրականացվում քաղաքացու կերտումը, ինչպես է դպրոցը նպաստում երեխաների մոտ սեփական պետության և պետության շահերի գիտակցման ձևավորմանը: Համայնքային փուլից հետո կընտրվեն այն զեկույցումները, որոնք կներկայացվեն արդեն հանրապետական փուլին: Լավագույն զեկուցումների հեղինակները կստանան շնորհակալագրեր և պատվոգրեր, ինչպես նաև կապահովվի դրանց հանրայնացումը:

Նախարարի տեղեկացմամբ՝ ուսուցչական երկրորդ համաժողովը՝ նվիրված մանկավարժության և դասավանդման խնդիրներին, կանցկացվի Ուսուցչի օրվան ընդառաջ: Դրա հիմնական գաղափարը մանկավարժության, կրթության ոլորտում նոր մեթոդների ու մոտեցումների վրա կենտրոնանալն է, ինչը ևս, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, շատ կարևոր է՝ կրթության որակի բարձրացման տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նմանօրինակ համաժողովների անցկացմամբ ամեն տարի կձևավորվեն նոր հարթակներ, որոնք ուսուցիչներին սեփական մտքերն ու գաղափարները կիսելու հնարավորություն կտան:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտական ստանդարտները սահմանելիս առանձնացվել են հետազոտող և վերապատրաստող ուսուցիչների ստանդարտները: Այս ստանդարտին հավակնող ուսուցիչների համար կարևոր են նմանօրինակ մասնագիտական համաժողովներին մասնակցությունը, զեկուցումների ներկայացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովների մասնակցությունը, որպես մասնագիտական բնութագրիչ, անպայման հաշվի կառնվի տարակարգի շնորհման գործընթացում՝ հիշեցնելով, որ տարակարգը նաև մինչև 50% հավելավճարի հնարավորություն է ապահովում:

«Այսպիսի գործունեության արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան լրացնելու անհրաժեշտ պահանջներն ու դիմելու տարակարգի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտող և վերապատրաստող ուսուցիչները համապատասխանում են 3-րդ և 4-րդ տարակարգերին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համաժողովից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)