«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը:
«2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարականերից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում, որն ընդունված է անվանել նաև հիմնական փուլ, բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում մինչև 2024 թ. մայիսի 10-ը՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը: Երկրորդ փուլում բուհը և մասնագիտությունը չեն նշում միայն այն դիմորդները, որոնք դիմելու են ուժային կառույցների կրթական հաստատություններ կամ հեռակա ուսուցման նպատակով»,- իրազեկել է Կարո Նասիբյանը:
Ըստ բանախոսի՝ այս տարվա շուրջ 20 հազար շրջանավարտից առաջին փուլին՝ հունվար ամսվա քննություններին, մասնակցել է մոտ 8000 դիմորդ, որից դեռևս միայն 2000-ն է երկրորդ՝ հիմնական փուլով հայտագրել բուհն ու մասնագիտությունը: Այս փուլին պարտադիր մասնակցելու վերջնաժամկետի մասին ԳԹԿ-ն դիմորդներին տեղեկացնում է նաև անձնական էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակների միջոցով:
Այն դիմորդները, որոնք վաղուց են ավարտել դպրոցը, քննություններին մասնակցելու անձնական համարը կարող են ստանալ ԳԹԿ-ի կողմից ամեն տարի հատուկ ընտրված դպրոցներից՝ իրենց տարածաշրջանում:
Կարո Նասիբյանն իրազեկել է, որ առաջին անգամ այս տարվա ընդունելության քննություններում հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ. այն դիմորդները, որոնք կներկայանան հեռախոսներով կամ այլ սարքավորումներով, չեն շարունակի քննությունը:
Տավուշի մարզի շրջանավարտների փորձնական ծրագիրը
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ այս տարի դպրոցն ավարտում են 2021 թվականից Տավուշի մարզում ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսումնառություն անցած առաջին շրջանավարտները: Քանի որ նոր չափորոշիչը ենթադրում է գիտելիքահեն ուսուցումից անցում դեպի կարողունակահեն ուսուցում, Տավուշի մարզի շրջանավարտների գիտելիքի ստուգումը ևս կլինի նույն տրամաբանության մեջ. «Տավուշի մարզի շրջանավարտները, ի թիվս հանրապետության այլ շրջանավարտների, հունիսին մասնակցելու են միասնական և ավարտական քննությունների, որոնք անցկացվելու են ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ նրանք լրացնելու են ընդհանուր թեստերը: Իսկ հուլիսին կազմակերպվելու են փորձարարական միասնական քննություններ միայն Տավուշի մարզի 12-րդ դասարանցիների համար: Սա նշանակում է, որ վերջիններս պարտադիր պետք է հանձնեն հուլիսի քննությունները, որոնք նրանց համար կլինեն և՛ որպես ավարտական, և՛ որպես միասնական քննություններ, և այն շրջանավարտը, որը հանձնել է միասնական քննություն և՛ հունվար, և՛ հունիս, և՛ հուլիս ամիսներին, իր համար տվյալ առարկայից կհաշվարկվի առավելագույն միավորը»:
Հուլիսի քննությունները կկազմակերպվեն Տավուշի մարզում: Ըստ Թամարա Սարգսյանի՝ տավուշցի շրջանավարտները, բացի գիտելիքը ստուգող քննություններից, պետք է հանձնեն այնպիսի քննություն, որը կստուգի այդ գիտելիքը կոնկրետ իրավիճակներում կիրառելու կարողությունը: Նրանց հուլիսին տրվելու է երրորդ հնարավորություն՝ մասնակցելու պետական չափորոշչի բովանդակությանը համապատասխան կարողունակությունները ստուգող քննության՝ նոր փոփոխված թեստերի միջոցով: Թամարա Սարգսյանի դիտարկմամբ՝ պետության տեսանկյունից դա հնարավորություն է՝ առաջին անգամ շոշափելիորեն գնահատելու չափորոշչի արդյունքները, որոնք ցույց են տալու, թե սովորողները որքանով են յուրացրել վերջնարդյունքները և որքանով են կարողանում կիրառել գիտելիքը:
Ընդունելության համակարգում նախատեսվող փոփոխություններ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այս փոփոխությամբ սկիզբ է դրվում նոր բարեփոխումների, որոնք պետության կողմից սահմանվել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով. մասնավորապես՝ կվերանայվեն բուհերի ընդունելության մեխանիզմները և սկզբունքները:
«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շնորհիվ մենք կարող ենք արդեն 2026թ. ընդունելության նոր ձևաչափ ունենալ: Փորձարկման արդյունքի վերլուծությունը թույլ կտա կայացնել փաստահեն և հիմնավորված որոշում՝ միևնույն ժամանակ ամրագրելով ընդունելության մեխանիզմների և սկզբունքների նախատեսվող էական փոփոխությունները այժմ մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում»,- ասել է Լուսինե Գրիգորյանը։
Ըստ նրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բուհերի ընդունելության մրցույթը վերապահվելու է հենց բուհերին՝ օրենքում ամրագրելով որոշակի սկզբունքներ: Դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր դիմորդ, անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից, պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի իմացության արտաքին գնահատման վկայական, որը որպես ընդունելության մուտքային պահանջ՝ պետք է գործի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:
«Միաժամանակ, քանի որ թե՛ հանրակրթությունը, թե՛ բարձրագույն կրթությունը բարեփոխման փուլում են գտնվում, կարևորվում է կրեդիտային համակարգի ներմուծումն ավագ դպրոցներ: Սա հնարավորություն կտա բուհին ճանաչելու ավագ դպրոցում սովորողի ստացած կրեդիտները՝ որպես ընդունելության մուտքի պահանջ: Դեռևս քննարկման փուլում գտնվող այլ մեխանիզմներից է, օրինակ, ՀՀ բուհերին հնարավորություն տալն աշխարհի լավագույն բուհերի նմանությամբ ինքնուրույն սահմանել իրենց ընդունելության պայմանները՝ հիմնվելով միջազգային թեստերի արդյունքների, սովորողի՝ դպրոցում ուսումնառության միջին որակական գնահատականի վրա: Վերջինս կիրառելի է, օրինակ, արվեստի, սպորտի բուհերի դեպքում, որոնք այսօր էլ ընդունելության քննություններն առանձին են իրականացնում՝ ներբուհական քննությունների ձևաչափով»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:
Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ