ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը:
Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազամավարությունից բխող միջոցառումների պլանի կատարմանը:
Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության ընթացքի քննարկում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հարթակը, որտեղ Եվրամիության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մյուս միջազգային գործընկերների հետ ռազմավարական երկխոսության և գործընկերության շրջանակում քննարկվում են կրթության ոլորտում համատեղ աշխատանքներն ու անելիքները:
«Ուրախ եմ, որ կրթական բարեփոխումների երկար ու բարդ ճանապարհին ունենք հուսալի գործընկերներ, որոնց շարունակական աջակցությամբ և համագործակցությամբ կյանքի ենք կոչում փոփոխությունները: Առանց նման համագործակցության՝ չէինք ունենա այն դրական ձեռքբերումները, որոնք արձանագրել ենք համատեղ աշխատանքի արդյունքում: Կրթության ոլորտում քննարկումների ակնկալիքը մեկն է՝ իրականացվող գաղափարներն ու ծրագրերը ևս մեկ անգամ դարձնել քննության առարկա, լսել առաջարկներ և դիտարկումներ, քանի որ կրթության ոլորտն առնչվում է մեր հասարակության տարբեր խմբերին, և գործ ունենք մեծ թվով մարդկանց հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարեփոխումների իրականացումը նաև բավարար ճկունություն է պահանջում՝ ճիշտ արձագանքելու փոփոխությունների ընթացքին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, և այս փուլում կարևոր է լսել, թե ինչպես է ընթացել կրթության ռազմավարության իրականացումը, ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել հանրակրթության, մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության ոլորտներում:
Բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները
«Ռազմավարությունը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթական համակարգ: Կրթության ոլորտի փոփոխություններում չկան առավել կամ պակաս կարևորության հարցեր: Եթե ուզում ենք հասնել որակական փոփոխության, ապա համակարգային բարելավում պետք է ապահովենք կրթության յուրաքանչյուր մակարդակում՝ որպես շղթա, որի ամեն օղակը պիտի շարունակի նախորդին: Հնարավոր չէ փոխել հանրակրթությունը, բայց չփոխել մասնագիտական կրթության համակարգը և այսպես շարունակ»,- ասել է նախարարը:
Կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ
Չնայած բոլոր դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին կրթությանն ուղղված բյուջեն չի չնվազեցրել, այլ հակառակը՝ շարունակաբար կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ է գրանցվում:
«Այս տարի կրթության բյուջեն ավելի է նախորդ տարվանից ավելի քան 38 տոկոսով, ինչը ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում կրթության ոլորտը՝ որպես պետության զարգացման անկյունաքար: Կարևոր է, որ այս ոլորտում գրանցենք որակական փոփոխություն, որը, վստահաբար, բարձրացնելու է մեր պետության դիմակայունությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրեր
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին՝ նշելով, որ Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Նա առանձնացրել է ուսուցիչներին ուղղված աջակցությունը, որի արդյունքում այսօր արդեն ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ ուսումնական հաստատություններում:
«Քայլեր են ձեռնարկվել ուսանողների և աշակերտների կրթության իրավունքի ապահովման ուղղությամբ. Կառավարությունը որոշում է ընդունել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ, և կարիք ունենք քննարկելու դրա հետագա շարունակության հարցը: Բռնի տեղահանված երեխաների դպրոցական կրթությունը, իհարկե, ապահովված է, բայց այստեղ էլ լրացուցիչ սոցիալ- հոգեբանական ծրագրերի, այլ ծառայությունների ուժեղացման կարիք կա: Միջազգային որոշ գործընկերների հետ համատեղ ծրագրեր են նախատեսվում նաև այլ ուղղություններով»,- ասել է նախարարը:
ԵՄ-ն աջակցում է կրթության ռազմավարության իրականացմանը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել Հայաստան-ԵՄ համագործակցությունը. «Կրթության ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին՝ քաղաքականության համապարփակ երկխոսության միջոցով։ Այս ոլորտում մեր պորտֆոլիոն 70 միլիոն եվրոյից ավելի է։ ԵՄ-ն աջակցում է վերջերս հաստատված Կրթության ռազմավարության իրականացմանը, որը ներառում է կարևոր բարեփոխումներ, այդ թվում՝ տարբեր մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծում և ուսումնական ծրագրերի ներդրում, դպրոցաշինություն և դպրոցների կառավարման համակարգի զարգացում, տնօրենների նշանակման սկզբունքների մշակում, մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, կանաչ տնտեսության ուղղությամբ հետազոտություններ և դպրության արդյունքների գնահատում,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան պրն Վասիլիս Մարագոսը և շարունակել,- ԵՄ-ն աջակցում է նաև ոչ ֆորմալ կրթությանը։ Այդ ոլորտում ԹՈՒՄՈ-ի և ՔՕԱՖ-ի միջոցով արդեն շատ ծրագրեր ենք իրականացնում։ Սյունիքում պատրաստվում ենք հիմնադրել երկու ՔՕԱՖ կենտրոններ, որի ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ քսան միլիոն եվրո՝ նպատակ ունենալով ամրապնդել այս մարզի դիմակայունությունը։ Լայն առումով, մարդկային կապիտալի ուղղությամբ ներդրումները էապես կարևոր են Հայաստանի հասարակության մրցունակության և դիմակայունության համար՝ բազմազանեցնելու տնտեսությունը, ինչպես նաև խթանելու հաստատությունների աշխատանքն ու նորարարությունները։ Կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսությունը միավորում է շահագրգիռ կողմերին և գործընկերներին, որպեսզի միասին առավելագույնի հասցնենք համատեղ ջանքերը»։
Երեխաների և դեռահասների որակյալ կրթությունը կարևոր է
«Հայաստանի կրթության բնագավառում աշխատող կազմակերպությունների համար առաջնահերթություն է, որպեսզի երեխաները և դեռահասները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որը նրանց լավագույնս կպատրաստի ապագայի համար։ ՀՀ կառավարությունը բազմիցս ընդգծել և կարևորել է այս առաջնահերթությունը վերջին տարիներին, - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ավելացրել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի, որ այս և հետագա հանդիպումների ընթացքում շահագրգիռ կողմերը պատկերացումներ կտան կրթության վերաբերյալ հիմնավոր քաղաքական երկխոսության համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի, հատկապես առավել խոցելիներին, հասանելի լինի որակյալ կրթությունը»:
Համաժողովում ներկայացված հիմնական զեկույցները վերաբերել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների առաջընթացին, Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման արդյունքներին, ԵՄ բյուջետային աջակցությանը և այլն:
Կրթական համակարգի բարեփոխումները. ընդհանուր անդրադարձ
Համաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացմանը ծրագրի իրականացման զեկույցը՝ ըստ 2023 թվականի արդյունքների:
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրում
Նշվել է, որ կրթության համակարգում փոփոխությունների հիմնական ուղղությունը բովանդակային բարեփոխումներն են առաջին հերթին հանրակրթության ոլորտում: Եվրամիության և Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը 2021 թվականից փորձնական ներդրվել է Տավուշի մարզում, և այս տարի կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ուսումնառության գործընթացն անցել են նոր չափորոշչով: 2022 թվականից փուլային եղանակով այն ներդրվել է բոլոր դպրոցներում, և գործընթացը կավարտվի 2026 թվականին:
Ուսուցիչների մասնագիտական զարգացում
Բարեփոխումների հաջորդ ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և գործունեության գրավչության բարձրացումն է: Հիմնական քաղաքականությունն ուղղված է զարգացման հնարավորությունների ընդլայնմանը և դրա փոխկապակցմանն արժանապատիվ վարձատրության հետ: Առաջինը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն էր. 3800-ից ավելի մանկավարժներ անցել են կամավոր ատեստավորում և ստանում են բարձր աշխատավարձ: Մյուս ուղղությունը տարակարգի շնորհման մեխանիզմի վերանայումն էր, որը հնարավորություն է տալիս ուսուցչին, կախված մասնագիտական ունակություններից, հավակնել ավելի բարձր աշխատավարձի: Նման ուսուցիչների թիվը շուրջ 1600-ն է:
Ֆինանսավորման նոր մեխանիզմներ են ներդրվել մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների և բնագիտական ուսուցիչների համար, որոնք 2023 թվականի սեպտեմբերից ստանում են հավելավճար. ներկայում 16000-ից ավելի ուսուցիչներ ստանում են բարձրացված չափաքանակով աշխատավարձ:
Այս տարվանից կներդրվի կարիքների վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին՝ ընտրելու այն թեմատիկան և կարողությունները, որոնք ավելի առանցքային են մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագիր
Բարեփոխումների հաջորդ ուղղությունը երեխայակենտրոն ապահով միջավայրի ստեղծումն է, որի առանցքը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն է: 2023 թվականին ունեցել ենք ավարտուն վերանորոգված և կառուցված 29 դպրոց և 167 մանկապարտեզ: Այս տարվանից նախատեսվում է դրանց թվի ընդլայնում՝ 264 դպրոց՝ ներառյալ 75 կրթահամալիր, որոնք ընդգրկելու են ինչպես դպրոցական, այնպես էլ նախադպրոցական կրթական ծառայություններ: Այդպիսով՝ կմեղմվի այն համայնքների խնդիրը, որտեղ նախադպրոցական ծառայություններ չկան: Միջավայրերի ստեղծումը նաև լաբորատորիաներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցումն է դպրոցներում: Անցած տարվա դրությամբ 283 դպրոցներ համալրվել են լաբորատորիաներով, և 2024թ. ևս 6 մարզում նախատեսվում է: Բոլոր նորակառույց դպրոցները և մանկապարտեզները կահավորվում են նոր գույքով:
«Դպրոցական սնունդ» ծրագիր
Կարևոր ծրագրերից մեկը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային գրասենյակի աջակցությամբ, «Դպրոցական սնունդ» ծրագիրն է: Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր դպրոցների, բացի Երևանից, 1-4-րդ դասարանների և նախակրթարանների երեխաները օգտվում են ծրագրից: 2025 թվականից նախատեսվում է, որ այն կգործի նաև Երևանում:
Դպրոցի տնօրենի նշանակման նոր համակարգ
Հաջորդ ուղղությունը կառավարման և ֆինանսավորման ոլորտի բարեփոխումներն են: Այստեղ առաջին կարևոր հանգամանքը դպրոցների կառավարման բովանդակային և վարչատնտեսական բաժինների տարանջատումն է: Տնօրենների համար սահմանվել է եռափուլ նշանակման համակարգ, իսկ այս տարվանից կներդրվի նաև տնօրենների ատեստավորման համակարգ: Նախատեսվում է վարչատնտեսական որոշ գործառույթներ արտապատվիրակել, որոնց թվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը և այլն:
Նախադպրոցական կրթության հասանելիություն և մատչելիություն
Նախադպրոցական կրթության համակարգում հիմնական խնդիրներից մեկը մատչելիության ապահովումն է. 200-ից ավելի համայնքներում նախադպրոցական կրթություն չի իրականացվում: 27 այլընտրանքային ծառայություններ են ներդրվել և 29 նախակրթարաններ են հիմնվել տարբեր համայնքներում:
Նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացման հիմնական ուղղություններն են՝ տնօրենների հավաստագրումը, մանկավարժների կանոնավոր վերապատրաստումները, վերանայված նախադպրոցական կրթության չափորոշչի փորձարկումը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2026 թվականից:
2023 թվականից անցում է կատարվել նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականությանը, իսկ մանկավարժների համար ներդրվել է տարակարգի համակարգ:
Կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապ մասնագիտական կրթության ոլորտում
Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում հիմնական խնդիրը կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապի ապահովումն է: Այստեղ առանձնացվել են քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանցից են՝ կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության համապատասխանեցումը տարածքային կարիքներին: Իրականացվել է ՄԿՈւ հաստատությունների և դրանց ծրագրերի քարտեզագրում, վերանայվել են մասնագիտական ցանկերը, դրանց տեղաբաշխման ռազմավարությունը: Նախատեսվում է ոլորտային հաստատությունների ցանցերի զարգացում. մինչև 2030 թվականը 12 կրթահամալիրների ռեսուրսային կենտրոններ կձևավորվեն: Բովանդակային առումով առաջնայինն աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգն է. շուրջ 10 տոկոս մասնագիտություններում այս ծրագիրն արդեն ներդրված է:
Նշված բոլոր ուղղությունների համար հիմնաքարային է լինելու «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ շրջանառվում է Ազգային ժողովում:
Առանձնացվել է նաև կրթաթոշակային նոր քաղաքականությունը, որը գերակա ճանաչված մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու մինչև 50.000 դրամ կրթաթոշակ: Գերակա մասնագիտություններ են սահմանվել արդյունաբերությունը, շինարարությունը և գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները:
«Ակադեմիական քաղաք» ծրագիր
Բարձրագույն կրթության ոլորտում հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, մշակվել է ծրագրի գլխավոր հատակագիծը: Որպես կարևորագույն խնդիր՝ առանձնացված է գիտության և բարձրագույն կրթության միավորումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ