ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ակնկալում ենք բարձր և ազնիվ արդյունքներ». Կարեն Գիլոյանն Արտաշատի վերակառուցված մարզադաշտում հետևել է աթլետիկայի մրցաշարին

Մայիսի 20, 2024
Սպորտային լուրեր

Արտաշատում մայիսի 19-20-ը 28-րդ անգամ անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը, որին ավելի քան 120 մարզիկ է մասնակցել՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Գյումրիից և Վրաստանից:

Արտաշատի վերակառուցված մարզադաշտում անցկացված մրցումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Գառնիկ Ղուկասյանի մարզական և մարտական ընկերները, նախկին մարզիչներն ու բազմաթիվ մարզասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը պարգևատրել է 3000մ վազքատարածությունում չեմպիոնի կոչումը նվաճած Երվանդ Մկրտչյանին: Հայաստանի առաջատար վազորդը մրցատարածությունը հաղթահարել է 8:25.99 րոպե արդյունքով և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Միմյանց շնորհավորելու ակնկալիքով

Ողջունելով ներկաներին ու Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարի մասնակիցներին՝ Կարեն Գիլոյանը վերհիշել է՝ ժամանակին որպես մարզական լրագրող շուրջ 25 տարի լուսաբանել է այս մրցաշարը, և այն հատուկ նշանակություն ունի իր համար:

«Այս մրցաշարում ձևավորվել են շատ աթլետներ, որոնք հետագայում Հայաստանի պատիվը բարձր են պահել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, զանազան միջազգային մրցաշարերում: Այս անգամ էլ շատ մարզիկների համար մասնակցությունը այս մրցաշարին շատ կարևոր է. միջազգային տեսուչի ներկայությունն այս մրցաշարին ենթադրում է, որ ձեզնից բարձր արդյունքներ են ակնկալում և ուզում են հավաստիանալ, որ այդ արդյունքներն ազնիվ են»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ բոլորին մաղթելով ազնիվ մրցակցություն, բարձր արդյունքներ, իսկ մրցաշարի ավարտից հետո՝ միմյանց շնորհավորելու առիթներ:

Մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ միջազգային մրցաշարի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն հաջորդ տարվանից լիարժեքորեն ընդգրկված կլինի միջազգային օրացույցում՝ դառնալով Հայաստանի եզակի միջազգային մրցաշարերից մեկը:

Մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը. ժամանել էր նաև ամերիկաբնակ վազորդ Ալիսոն Հալվերսոնը:

«Միջազգայինի կարգավիճակից զրկված լինելու պատճառը մրցումային պայմանների բացակայությունն էր. Արտաշատի մարզադաշտը վերակառուցվում էր, և վերջին 10 տարիների ընթացքում այստեղ գրեթե անհնարին էր նորմալ մրցումներ կազմակերպել: Բավականին ընդգրկուն մրցաշար է և լավ ստուգատես մեր հավաքականի մարզիկների համար», - ասել է գլխավոր մարզիչը:

Խոսելով արդեն վերակառուցված մարզադաշտի մասին՝ Գրիգոր Բարսեղյանն ընդգծել է, որ ծածկույթը միջազգային չափանիշներին համապատասխանում է: Դեռևս որոշակի գույքի կարիք կա. առաջիկայում ևս ակնկալվում է գույքային նոր համալրում. «Բոլոր մրցաձևերից կկարողանանք պատշաճ մրցումներ անցկացնել: Հիմա անցկացնում ենք այն մրցաձևերով, որոնք կարող ենք կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջիկայում կունենանք բարձրացատկի հատված, անվտանգության ցանցով սկավառակի և մուրճի նետման հատվածներ», - մանրամասնել է Գրիգոր Բարսեղյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի այս մրցումներին նվազագույնը 5-6 երկիր կմասնակցի:

Այս տարի հուշամրցաշարին մասնակցել են միայն Վրաստանի ներկայացուցիչները. այլ երկրներից մասնակիցներ չունենալը պայմանավորված է եղել մրցաշարի անցկացման ժամանակացույցի փոփոխությամբ:

«Հավաքականի մարզիկների համար սա բավականին պատասխանատու մրցում է, քանի որ ընտրական բնույթ ունի. այստեղ ցուցադրած արդյունքներով որոշելու ենք փոքր երկրների Եվրոպայի առաջնության մասնակիցներին. հանդես կգանք նվազագույնը 16 մարզիկով: Հաջորդ շաբաթ Իզմիրում կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը կմասնակցենք մեր առաջատարների ավելի փոքր խմբով», - հավաքականի առաջիկա ծրագրերը ներկայացնելիս հայտնել է մարզիչը:

Փարիզ կմեկնի ամենաբարձր վարկանիշ ունեցող աթլետը

Անդրադառնալով Փարիզ-2024-ին՝ Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ առնվազն մեկ մարզիկով Հայաստանը ներկայացված կլինի աթլետիկական մրցումներում, բայց հույս է հայտնել, որ մինչև խաղերի մեկնարկը Հայաստանի ներկայացուցիչների թիվը կավելանա. «Փարիզ ամենաբարձր վարկանիշ ունեցող աթլետը կմեկնի: Այս պահին դեռ ունենք 2-3, նույնիսկ 4 թեկնածու, չենք շտապում անուն նշել: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունից հետո կամ մինչև վարկանիշային պատուհանի ավարտը պարզ կդառնա, և այդ թեկնածուներից լավագույնը կմասնակցի Օլիմպիական խաղերին»:

Նոր վազքուղու վրա ավելի լավ արդյունքներ են գրանցվում

Երվանդ Մկրտչյանը, որն առաջին անգամ էր հանդես գալիս վերակառուցված մարզադաշտում, ընդգծել է՝ նոր վազքուղու վրա ավելի լավ արդյունքներ են գրանցվում:

«Այս տարի առաջին անգամ ամառային մրցաշրջանը հենց Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարով մեկնարկեցինք: Մեզ համար կարևոր մրցաշար է, և շատ լավ տպավորություններ ունեմ: Առաջին անգամ հանդես եկա վերակառուցված մարզադաշտում, նախորդ տարիների համեմատ հրաշալի էր. նոր վազքուղու վրա ավելի լավ արդյունքներ են գրանցվում: Նկատելի է, որ մասնակիցների քանակն ավելացել է, ինչն ուրախացնող հանգամանք է», - ասել է Երվանդ Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի արդյունքները կբարելավվեն:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ երազանք է եղել նորմալ մարզադաշտ ունենալը. «Իհարկե, ավելի ուրախ կլինեինք, որ Երևանում լիներ. բոլոր մայրաքաղաքներն առնվազն մեկ աթլետիկական ստադիոն ունեն, բայց թեկուզ Արտաշատում՝ շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանն ու մեր ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ գործադրած ջանքերի համար: Մեզ՝ մարզիկներիս համար, այս ամենը սպասված էր ու հաճելի», - նշել է Երվանդ Մկրտչյանը:

Խոսելով Օլիմպիական խաղերին մասնակցության շանսերից՝ Մկրտչյանը նշել է, որ նախապատրաստական շրջանն արդեն ավարտել է ու այժմ մրցումային ընթացքի մեջ է, պատրաստվում է Իզմիրում կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը. «Այնտեղ, ինչու ոչ՝ Հայաստանի առաջնությունում, ու նաև Եվրոպայի առաջնությունում կփորձեմ արդյունքս բարելավել և ավելի մոտենալ, գուցե նաև նվաճել օլիմպիական վարկանիշ»:

Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարի շրջանակում անցկացվել են նաև կանանց ու տղամարդկանց 100 մետր, 400 մետր և 1500 մետր վազքի, կանանց և տղամարդկանց հեռացատկի ու եռացատկի, ինչպես նաև տղաների գնդի հրման և նիզակի նետման մրցումները, 200 և 800 մետր վազքի մրցումները: Յուրաքանչյուր օրվա մրցաձևերի ավարտին անցկացվել են նաև 4 X 100 և 4 X 400 մետր փոխանցավազքի մրցումները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…