ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը

Մայիսի 24, 2024
Սպորտային լուրեր

ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ պետական ​​քաղաքականությունն իրականացվում է մանկապատանեկան, երիտասարդական և մասսայական սպորտի, մեծահասակների սպորտի, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի նպատակային զարգացմամբ և բարձր արդյունքների համար ֆինանսական խրախուսմամբ։ Ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին։ Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր երկրում ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի հաստատմանը, առողջության խթանմանն ու տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տարատեսակ մրցումներին ներգրավվածության բարձրացմանը։

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում են գործող մանկապատանեկան մարզադպրոցները, կառուցվում են նոր մարզական հաստատություններ՝ իրենց ենթակառուցվածքներով։ Ուշադրություն է դարձվում մանկապատանեկան սպորտի զարգացմանը՝ մարզական ռեզերվ պատրաստելու, ազգային հավաքականները համալրելու և նոր սերնդի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար։

«ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են ամառային, ձմեռային և պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Համաշխարհային ունիվերսիադային և ԱՊՀ երկրների խաղերին, ինչպես նաև տարբեր մարզաձևերից կազմակերպվող այլ միջազգային մրցումների՝ նպաստելով տարբեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ներկայացրել ՀՀ-ում իրականացվող խոշոր մարզական միջոցառումները։

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ մեր երկրում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:

Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…