ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության նոր հեռանկարներ ՄԿՈւ ոլորտում՝ Գերմանիայի փորձի հիման վրա

Մայիսի 29, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամներին՝ դոկտոր Ստեֆան Բլեխշմիդտի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել պատվիրակության հայաստանյան այցի շրջանակում համագործակցության նոր ծրագրեր և պայմանավորվածություններ արձանագրելու վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը մասնավորապես առանձնացրել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության 3 ուղղություններ, որոնցից առաջինը վերաբերում է ակադեմիական քաղաքի նախագծմանը:

«Մեր ամենառանցքային համագործակցությունն այս պահին գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ է, որը մշակում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Վերջնական տարբերակը շուտով պատրաստ կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Երկրորդ ուղղությունը, ըստ նախարարի, «Մասնագիտական կրթության և ուսուցման» նոր օրենքի մշակման գործընթացն է, որն իրականացվել է նաև գերմանական փորձի հիման վրա: Երրորդ ուղղությունը գերմաներենի ուսուցման և տարածման զարգացումն է ՀՀ-ում, որի իրականացմանը մեծապես նպաստում է «Գյոթե» կենտրոնը: Նախարարը հույս է հայտնել, որ գերմաներենի տարածմանն ուղղված համատեղ ծրագրերը կընդլայնվեն:

Հանդիպմանը Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամները հետքրքրվածություն են հայտնել Հայաստանում միջին մասնագիտական կրթական համակարգի վերաբերյալ և նախանշել Գերմանիայի վերապատրաստման կենտրոնների հետ համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գերմանական կողմի նախաձեռնությունը և ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումներն ու համագործակցության հնարավորությունները:

Նախարարը մասնավորապես անդրադարձել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) օգնությամբ մասնագիտական կրթության կազմակերպմանը դուալ մոդելի շրջանակում: «Դուալ կրթությունը՝ որպես սովորողների կրթական մոդուլի կարևոր բաղադրիչ և աշխատանքի վրա հիմնված ուսուցում, հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա և նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է նախարարը:

Աթլաս ինթերնեյշնլ գրասենյակի ներկայացուցիչը հանդիպման ընթացքում ներկայացրել է «Գերմանական բիզնես առաքելություն Հայաստանում և Վրաստանում» նախագիծը, որը միտված է զեղծարարություններից և կեղծիքից բարձր պաշտպանվածությանը թվային տիրույթում և նպատակ ունի նպաստել գործարարության զարգացմանը արտադրական, լոգիստիկ ծառայությունների լավարկմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել նախագիծը միջին մասնագիտական կրթության համակարգում ներառելու հնարավորությունները և այդ համատեքստում համագործակցության հեռանկարները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն