ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովին

Հունիսի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:

Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ անցկացվող համաժողովը կրելու է պարբերական բնույթ՝ անցկացվելով տարին երկու անգամ:

«Մեր շատ ուսուցիչներ հետաքրքիր փորձ են կուտակել, իրականացրել են տարատեսակ ծրագրեր՝ հետաքրքիր գաղափարներով: Հաճախ մենք չունեինք այն միջավայրը, որտեղ կարող էինք կիսել այդ փորձն ու քննարկումներ անցկացնել: Համաժողովը կարող է դառնալ այդ հարթակը։ Ուրախ եմ ձեր կողմից մեծ հետաքրքրության և մասնակցության համար: Սա նշանակում է, որ նմանօրինակ քննարկումների ու խոսակցությունների պահանջը կա: Ձեր ներկայությունը ոգևորիչ է, որովհետև մեր համատեղ աշխատանքի հիմքում առաջին հերթին երեխաներն են»,- ելույթի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` բոլորովին պատահական չէ, որ ուսուցչական համաժողովի անցկացումը համընկել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը կարող է պաշտպանել երեխաներին. «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը սկսելիս ուշադրություն դարձրեցինք մի կարևոր տվյալի վրա, որը ցույց էր տալիս այդ պահի դրությամբ մեր կրթական համակարգի, թերևս, լրջագույն խնդիրներից մեկը: Ըստ կատարված դիտարկումների` կրթական համակարգով ամբողջությամբ անցնելուց հետո մեր երեխաները կարողանում էին իրենց ներուժն իրացնել 57 %-ով, ինչը բավարար ցուցանիշ չէ: Երեխայի պաշտպանության լավագույն ձևը նրա զարգացմանը նպաստելն է: Անհրաժեշտ է, որ նա կարողանա ամբողջությամբ ընկալել, գիտակցել իր կարողությունները, զարգացնել դրանք ու հասկանալ, թե որ իրավիճակում իր որ գիտելիքներն ու հմտություններ են պետք գալու, ինչպես դրանք կիրառել: Անհրաժեշտ է, որ երեխան ունենա արժեքային դիրքորոշումներ, որոնք նրան թույլ կտան իրավիճակներին համարժեք և ճիշտ արձագանքել, լինել իրավատեր քաղաքացի, լավ մարդ: Սա այն խնդիրն է, որ ամեն օր դուք փորձում եք լուծել՝ մուտք գործելով դասարան: Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը: Իրականում, գերպաշտպանությունը նրանց անպաշտպան է դարձնում: Կարիք ունենք մեր երեխաներին, առաջին հերթին, դարձնելու ինքնուրույն, տալու այն միջավայրն ու հնարավորությունները, որոնք երեխաներին կօգնեն ինքնուրույն մտածել, վերլուծել, սխալվել և այդ սխալներից սովորել: Սրանք այն կարևոր խնդիրներն են, որ պետք է դնենք մեր առջև՝ սկսած դպրոցից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ վերահաստատելով մարտահրավերային խնդիրների լուծումները գտնելու կամքն ու դրանցով առաջ շարժվելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով համաժողովի՝ «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կրթական համակարգը պետության զարգացման անկյունաքարերից է, բայց անհրաժեշտ է լիարժեք հասկանալ ու պատկերացնել, թե ինչպես պետք է դպրոցը նպաստի պետության զարգացմանը: Հենց այս գաղափարախոսության համատեքստում ուսուցչական համաժողովի հանրապետական փուլն անցկացվում է Հանրապետության օրվա շրջանակում:

Հաջորդ համաժողովը կանցկացվի արդեն հոկտեմբերի առաջին օրերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ և նվիրված կլինի մանկավարժության մեթոդների քննարկումներին:

«Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել ուսումնական տարում գրանցած արդյունքներին և առկա մարտահրավերներին: Նրա խոսքով՝ hանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների դիտարկումը և վերլուծությունն ուղենշային կլինեն հետագա աշխատանքների համար։

Անդրադառնալով առաջին անգամ անցկացվող ուսուցչական համաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է փորձի փոխանակման նպատակով ուսուցիչների միջև հաղորդակցումը խթանող միջոցառումները․ «Համաժողովի հանրապետական փուլին նախորդել է մարզային փուլը, որին 40-ից ավելի մենթոր դպրոցներում մասնակցել են 700-ից ավելի խոսնակ ուսուցիչներ, իսկ ունկնդիրների թիվն ավելին է եղել։ Հաշվի առնելով, որ այս տարին բարդ էր նոր չափորոշչի ներդրման տեսակետից, բոլոր ուսուցիչներին հնարավորություն է տրվել կիսվելու տարվա ընթացքում իրականացրած իրենց աշխատանքներով, փորձով՝ հասկանալու, թե մյուսներն ինչպես են հաղթահարել դժվարությունները»։

Նրա խոսքով՝ անցնող ուսումնական տարին մարտահրավերային էր մի քանի առումներով. «Նախ հանրապետության բոլոր դպրոցների 3 դասարաններում ներդրվեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի շրջանակում իրականացվեցին ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի տպագրման, գնահատման նոր համակարգի մշակման և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել կատարված ամփոփ աշխատանքը։ Մասնավորապես Տավուշի մարզում, որտեղ չափորոշչի փորձարկման փուլն անցել է, մենք կարողացել ենք գրանցել արդյունքներ»։

Փոխնախարարի խոսքով՝ չափորոշչի փորձարկման փուլում յուրաքանչյուր դասարանի համար ամփոփիչ աշխատանքների արդյունքները գնահատվել են և ըստ անհրաժեշտության՝ խմբագրվել, լրամշակվել։ Ըստ Արաքսիա Սվաջյանի` սա շարունակական գործընթաց է, և միշտ հաշվի են առնվում անհրաժեշտ խմբագրումները՝ ըստ ուսուցիչների առաջարկների։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և հույս հայտնել՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձի և կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերների քննարկումները կտան իրենց դրական արդյունքները:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը կարևորել է ուսուցիչների հետ արդյունավետ համագործակցությունն ու վստահության մթնոլորտը:

«Այն աշխատանքը, որ միասին սկսել ենք, անպայման հաջողությամբ ավարտելու ենք: Այն երեխաները, որոնք Տավուշի մարզում ավարտել են իրենց ուսումը նոր չափորոշչով, բոլորովին ուրիշ մտածողության և կարողությունների տեր մարդիկ են: Նրանք սովորել են մտածել, վերլուծել, ստեղծագործել, անկաշկանդ հայտնել իրենց դիրքորոշումն անգամ ամենակարծր թեմաների վերաբերյալ: Սա շատ կարևոր է և մեծապես կախված է ուսուցչի աշխատանքից»,- նշել է Արտաշես Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:

Համաժողովի շրջանակում ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են աշխատարաններ․ շուրջ 60 խոսնակ ուսուցիչներ զեկույցներ են ներկայացրել 4 թեմատիկ ուղղություններով՝ ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ, կրթության դերը պետության զարգացման գործում, կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան, կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…