ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած հիմնական աշխատանքները ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 2023 թվականին ԿԳՄՍՆ կողմից իրականացվել են 20 ծրագրեր՝ 203 միջոցառումներով, որոնց ապահովման համար պետական ֆինանսավորումը կազմել է 218.8 մլրդ դրամ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարվա արդյունքներով նախարարության աշխատանքների ծավալն էապես աճել է: Մասնավորապես՝ 2023 թվականին շուրջ 9 մլրդ դրամով ավելացել է կապիտալ ծախսերի ծավալը, ինչը վկայում է այս ուղղությամբ որոշակի առաջընթացի մասին, սակայն, այդուհանդերձ, կապիտալ ծրագրերով նախատեսված որոշ աշխատանքներ ամբողջությամբ չեն կատարվել. «Տեղի է ունենում աշխատանքների շարունակական բարելավում: Նախարարության կապիտալ ծախսերն իրենց բնույթով շատ խոշորածավալ են, և դրանցից որոշները միջգերատեսչական աշխատանքի լուրջ ջանքեր են պահանջում: Կարծում եմ՝ այս տարվա ցուցանիշներն ավելի բարելավված կլինեն: Մյուս հիմնական խնդիրը պայմանավորված է եղել անցումային փուլով՝ հատկապես գիտության ոլորտում, քանի որ Գիտության կոմիտեն վերակազմավորվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ձևավորվել է Ակադեմիական քաղաք հիմնադրամը, վերաիմաստավորվել են գիտության որոշ ծրագրեր»:
Սահմանվել են որակական ավելի լուրջ պահանջներ
Նախարարը նաև ընդգծել է՝ սահմանվել են որակական ավելի լուրջ պահանջներ, ինչով պայմանավորված՝ գիտության ոլորտում ներկայացված ոչ բոլոր հայտերն են հաստատվել:
«Ցանկացել ենք ոչ թե պարզապես սպառել ամբողջ բյուջեն, այլ ֆինանսավորել որակյալ և պետության համար կարևոր ուղղությամբ հայտերը: Մյուս ուղղությունն այն ծրագրերն են, որտեղ գրանցել ենք տնտեսումներ: Այստեղ հատկապես պետք է անդրադառնալ նախարարության կողմից գնումների գործընթացում գրանցած բարեփոխումներին, մասնավորապես՝ գնման ձևերի տոկոսային հարաբերակցությանը: Հաճախ են քննարկվում մեկ անձնից գնման եղանակով ձեռք բերվող ծառայություններն ու ապրանքները. նախորդ տարվա մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ գնումների գործընթացի պլանավորման և իրականցման ավելի բարելավված ցուցանիշներ ենք ապահովել»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նախորդ տարվա կատարողականը, որը կազմել է 94%:
Նրա խոսքով՝ եթե 2022 թվականին ԿԳՄՍ նախարարության գնումների գործընթացում 72,44%-ն էր իրականացվել մրցակցային ընթացակարգով, ապա 2023 թվականի տվյալներով այս ցուցանիշը կազմել է 93,5 %: Հրատապ՝ մեկ անձնից գնման ցուցանիշն ամբողջ տարվա համար կազմել է 0,48 %, մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3,43%. «Սա նշանակում է, որ նախարարությունը, չնայած աշխատանքների ծավալների և հատկացվող միջոցների մեծացմանը, կարողանում է աշխատանքները պլանավորել այնպես, որ դրանք իրականացվեն գնումների օրենսդրությանը և ընթացակարգերին համապատասխան: Գրանցվող տնտեսումներն էլ բավականին տրամաբանական են»:
ԿԳՄՍ նախարարությանը հատկացված պետական միջոցների 75 տոկոսը կրթության ծախսերն են
2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված պետական բյուջեի միջոցների ահռելի ծավալը՝ ավելի քան 75 %-ը, ուղղվել է կրթության ոլորտին, որի շրջանակում իրականացվել են կարևորագույն ծրագրեր:
Նախադպրոցական կրթության ոլորտում շարունակվել է պետական չափորոշչի ներդրումը. 190 նախադպրոցական հաստատություններում նոր չափորոշիչն արդեն ներդրված է: Շարունակվել են 2022 թ. առաջին անգամ մեկնարկած նախադպրոցական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագրերը, վերապատրաստվել է շուրջ 1500 մասնագետ: Ներդրվել է մանկապարտեզների մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ՝ տարակարգի տեսքով, որի արդյունքում արդեն կան տարակարգ ունեցող 10 մանկավարժներ։ Տարակարգի շնորհիվ աշխատակիցները ստանում են 30%-ից 50% հավելավճար պետական բյուջեի միջոցներից. այս տարի դիմումների թիվը նկատելիորեն ավելացել է։
Պետությունը ֆինանսավորում է սոցիալական խմբերի նախադպրոցական կրթությունը
ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառման: 2023 թվականի տարեվերջի դրությամբ մանկապարտեզ է հաճախում և անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակցություն ստանում հատուկ կարիք ունեցող 1255 երեխա. նախորդ տարվա համեմատ՝ այսպիսի երեխաների թիվն աճել է ավելի քան 5 անգամ:
Պետությունը ֆինանսավորում է սոցիալական խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը: Հատուկ կարիքով երեխաների, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը ֆինանսավորվում է պետական միջոցներից: 2024 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար նախադպրոցական կրթություն կստանան նաև սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
«Պետության կարևորագույն քաղաքականություններից մեկն ուղղված է ՀՀ բոլոր բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների հասանելիությանը: Այս աշխատանքն իրականացվում է տարբեր եղանակներով: ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ նախադպրոցահասակ երեխաների 85% ընդգրկվածության թիրախն ապահովելու նպատակով շարունակվում է 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագիրը։ Շարունակվում են նաև մոդուլային մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքները: Նախորդ տարի ՀՀ 29 բնակավայրերում ստեղծվել են նախակրթարաններ, 27 բնակավայրերում ներդրվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ, որոնք օգնելու են էապես մեծացնել կրթական այս մակարդակում ընդգրկված երեխաների թիվը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը
Հանրակրթության ոլորտում 2023 թվականը, նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, շատ կարևոր է եղել, քանի որ իրականացվել են միանգամից մի քանի առանցքային բարեփոխումներ: 2023-2024 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ ամենակարևոր անելիքներից մեկն է:
«Խոսքն առաջին հերթին մեր երեխաների կրթության որակի մասին է: Տավուշի մարզում, որտեղ հանրակրթության չափորոշիչը ներդրվել էր ավելի վաղ, գոհացուցիչ արդյունք ունենք՝ երկու տարվա ընթացքում գրանցելով 6 ամսվա կրթական առաջընթաց: Սա նմանօրինակ բարեփոխումների փորձ ունեցող երկրների ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս ցուցանիշը կարողացել ենք ապահովել բազմաթիվ մարտահրավերների՝ համավարակի և հետպատերազմյան շրջանի պայմաններում: Չափորոշչի փորձարկումը, իսկապես, շատ արդյունավետ է իրականացվել: Եթե հետևողական շարունակենք աշխատանքը, կարծում եմ՝ այդ արդյունքը կարող է էապես բարելավվել: Այս օրերին փորձարկվում են նաև ավարտական քննությունների նոր մոտեցումները Տավուշի մարզում, և պետք է ասել՝ առաջին արձագանքները բավական դրական են: Ուսուցիչների հետ քննարկումները փաստում են, որ չափորոշչի ներդրմամբ երեխաների շրջանում էապես փոխվել է սովորելու մոտիվացիան»:
Նոր դասագրքերի և «Արհեստական բանականություն» դասընթացի մասին
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ դասագրքերի ստեղծման գործընթացում այս տարի կբացառվեն ժամանակային խնդիրներն ու ուշացումները: ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ Հայաստանում նախորդ տարի մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը. ընդ որում՝ ՀՀ-ն աշխարհում առաջին երկրներից է, որն արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակում դպրոցների կրեդիտները կճանաչվեն բուհերի կողմից:
Կամավոր ատեստավորման և տարակարգի մասին. 220 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսուցիչների վարձատրության խրախուսման և գիտելիքների ստուգման ծրագրերին: 2023 թվականին շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որին ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել: «Ընդհանուր առմամբ՝ 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ասել է նախարար։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարի գործարկվել է տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա։ «Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հավելավճար գյուղական փոքր դպրոցների և բնագիտական առարկաների ուսուցիչների համար
Նախարարը նաև ներկայացրել է գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար իրականացվելիք ծրագրերը։ «2023 թվականի սեպտեմբերից հավելավճար են ստացել մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք ունեցել են մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն. այս հնարավորության շնորհիվ բարձրացվել է գյուղական դպրոցներում աշխատող շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը: Բնագիտական առարկաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ դասավանդող շուրջ 8420 ուսուցիչ նույնպես աշխատավարձի բարձրացում է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերից՝ 25 տոկոսով»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:
Էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերը նշված նոր ծրագրերն արդեն իսկ էական ազդեցություն են ունենում դպրոցներ մուտք գործող նոր ուսուցիչների ցուցանիշների վրա։ «Հաճախ են խոսակցություններ լինում, որ, օրինակ, ուսուցիչները դժվարանում են աշխատել դպրոցում կամ չեն ցանկանում աշխատել։ Ուրախ եմ հայտնել, որ վիճակագրությունը հակառակ պատկերի մասին է խոսում. էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը։ Ուսուցչի մասնագիտական գրավչությանն ուղղվող մեր քաղաքականությունն ունեցել է իր ազդեցությունը, և մարդիկ արձագանքում են դրան»,- եզրափակել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր աշխատանքներ են արվել նաև դպրոցաշինության և դպրոցների՝ գույքով և լաբորատորիաներով հագեցման ուղղությամբ:
Կամավոր ատեստավորում՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն դասավանդողների համար
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր օրենքի նախագիծը, որն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: «Օրենքը թույլ է տալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ որակական նոր փոփոխություններ և դրանով ապահովել հասարակության և տնտեսության համար կարևոր կադրերի պատրաստումը: Նախորդ տարին կարևոր էր նաև կրթաթոշակային նոր քաղաքականության ներդրման ուղղությամբ արված աշխատանքներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ՄԿՈՒ ոլորտում 2023-2024 ուսումնական տարվա համար պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում (գյուղատնտեսություն, շինարարություն, արդյունաբերություն) առաջին կուրսում տրամադրվել է 50000 դրամի չափով կրթաթոշակ, ինչը նպաստել է ուսանողների թվի ավելացմանը:
Քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները նախորդ տարվա ընթացքում հնարավորություն են ունեցել մասնակցելու կամավոր ատեստավորմանն ու աշխատավարձի բարձրացում ունենալ: Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաև մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների վերապատրաստման և կամավոր ատեստավորման գործընթացը:
«Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ի տարբերություն հանրակրթության՝ ՄԿՈՒ ոլորտում ատեստավորումն իրականացվելու է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքների միջոցով: Մնացած մասնագիտությունների ուղղություններով ևս հաջորդաբար կշարունակենք ատեստավորման գործընթացը»,- նշել է նախարարը:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի առաջիկայում
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության խոշոր ծրագրերից մեկին՝ «Ակադեմիական քաղաք» նախագծին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին:
«Հայեցակարգային աշխատանքներ են իրականացվել «Ակադեմիական քաղաքի» պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք արդեն ունենք առաջին պայմանագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:
Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաքի» նախագծի նախապատրաստական փուլում աշխատանքները կատարվել են բավական որակյալ, որը լուրջ հիմք է այս մեծածավալ ծրագրի արդյունավետ իրականացման համար:
Ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ բարձրագույն կրթության ոլորտում կարևոր տարի է եղել կառուցվածքային վերակազմավորումների և համակարգային բարեփոխումների առումով. «Տարեսկզբին փոխվել է «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, որի համաձայն՝ Գիտության կոմիտեն վերակազմավորվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, որից բխող այլ փոփոխություններ են տեղի ունեցել»:
Ոլորտի բարեփոխումների համատեքստում նախորդ տարի առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչը, նախարարի խոսքով, նվազեցրել է քննական սթրեսն ու լարվածությունը: «Այս տարի ևս տեսնում ենք նոր մոտեցման դրական ազդեցությունը դիմորդների մասնակցության և գրանցած արդյունքների վրա»,- ասել է նա:
Տարկետում ԲՏՃՄ ուղղություններով
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտում կարևոր քաղաքականություն էր տարկետման ծրագրի մեկնարկը ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունների համար, որը հնարավորություն է տվել պետության համար գերակա ուղղություններով ուսանողների թվի աճ գրանցել: «ԲՏՃՄ ուղղություններով ավելացել է պետության կողմից ֆինանսավորվող տեղերի թիվը: Նախորդ տարում այդ ուղղությամբ տեղերի ավելացումը կազմել է 55 տոկոս. այս տարի այդ միտումը պահպանվել է»,- ներկայացրել է նախարարը:
70000 դրամ կրթաթոշակ պետության համար գերակա մասնագիտությունների համար
Բուհերում կրթաթոշակային նոր ծրագիր է մեկնարկել. 70000 դրամ կրթաթոշակ՝ պետության համար գերակա նշանակություն ունեցող բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերի սովորողների համար: Առաջին տարվա համար կրթաթոշակը տրվում է բոլորին, հաջորդ տարիներին՝ կախված առաջադիմությունից՝ մինչև 77000 դրամ ամսական կրթաթոշակ է սահմանված: Հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել է 50000 դրամ կրթաթոշակ, ինչը կարևոր է հատկապես կրթության մատչելիության և ներառականության տեսանկյունից:
Գիտությամբ զբաղվելու գրավչությունը մեծանում է
ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ՝ գիտության ոլորտում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների իրականացման ուղղությամբ, որի համար նախատեսված է եղել շուրջ 4,2 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի առաջին անգամ գործարկվել է կապիտալ ծախսերի իրականացման մեխանիզմը, որի միջոցով իրականացվում են սարքավորումների ձեռքբերման աշխատանքները:
«2023 թվականին երկու անգամ հայտարարվել են սարքավորումների ձեռքբերման մրցույթներ 95 սարքավորման համար, որոնք, ընդհանուր առմամբ, 7,1 մլրդ դրամ արժեք ունեն: Սա ավելին է, քան նույն նպատակով կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված միջոցների հանրագումարը 2013-2022 թթ. համար: 2013-2022 թթ. այս նպատակով տրամադրվել է շուրջ 5,9 մլրդ դրամ, իսկ միայն 2023 թվականի մրցույթներով մենք 7,1 մլրդ դրամի սարքավորումների երաշխավորում ենք կատարել: Սա ցույց է տալիս գիտության ֆինանսավորման ավելացման շարունակական քաղաքականությունը, որը մի քանի անգամ աճել է 2018 թ. համեմատ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը, արտերկրի գիտնականների հետ համագործակցության և բազմաթիվ մրցութային ծրագրերը ստեղծել են մի իրավիճակ, երբ մեր երկրում գիտության ֆինանսավորումը դարձել է միջազգայնորեն մրցունակ: Սա է վկայում այն փաստը, որ ՀՀ մրցույթներին աշխարհի ավելի քան 21 երկրների հեղինակավոր գիտնականների մասնակցություն է ապահովվում:
Հոբելյանական և կրթամշակութային ծրագրերի մասին
Անդրադառնալով կրթամշակութային ծրագրերին՝ նախարարն ընդգծել է՝ դրանք նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ծավալով են իրականացվել. 18 ծրագրի մասնակցել է ավելի քան 21 հազար աշակերտ, այդ թվում՝ ներառական ծրագրերի:
«Բազմաթիվ հոբելյանական ծրագրեր են իրականացվել, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի 120, հայ կինոյի 100-ամյակների շրջանակում: Կապիտալ ներդրումներ են արվել թանգարաններում և թատերահամերգային կազմակերպություններում, և դրանք կազմել են մեր աշխատանքի էական մասը: Միայն թատերահամերգային կազմակերպությունների համար ավելի 500 մլն դրամ է հատկացվել: Վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու գործընթացը, որն ամենակարևոր աշխատանքներից է: Թանգարաններում ներդրվում է էլեկտրոնային տոմսային համակարգը, որը դեռ ընթացքի մեջ է»,- իրազեկել է Ժաննա Անդրեասյանը:
Հուշարձանների վերականգնման մասին
Մշակույթի ոլորտում կատարված հատկացումների համատեքստում նախարարն անդրադարձել է նաև հուշարձանների վերականգնման նպատակով կատարված հատկացումներին. «Հուշարձանների վերականգնման ուղղությամբ թե՛ հատկացվող միջոցները, թե՛ աշխատանքների ծավալներն էականորեն ավելացվել են ոչ միայն նախորդ, այլ այս տարի ևս: Հատկապես ուշադրության կենտրոնում են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները՝ Լոռու, Տավուշի բերդերը, Ամբերդը, Սմբատաբերդը և այլն, որտեղ աշխատանքներ են արվել անցած տարի»:
Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի մասին
Նախարարի տեղեկացմամբ՝ ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելը, որը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապահովել է սեփական եկամուտների աճ շուրջ 17 տոկոսով: Այս տարի նոր թատրոններ են միանալու այդ համակարգին: «Էական փոփոխություններ են կատարվել «Կինոյի մասին» նոր օրենքում, որով ներդրումների մասնակի վերադարձի համակարգ է ներդրվում: Դպրոցականների բաժանորդային ծրագրում ևս բարելավումներ են իրականացվել՝ դրանում ներառելով կրթական բաղադրիչ»,- ասել է նախարարը:
Սպորտի ոլորտում ռեկորդային տարի էր
2023 թվականը սպորտի ոլորտի համար ռեկորդային տարի էր. ՀՀ մարզիկները 445 մեդալ են նվաճել: «Այս տարի սպասում ենք Փարիզի Օլիմպիական խաղերին, որի հետ կապված ակնկալիքներ ունենք. հուսով եմ՝ դրանք կարդարանան»,- ասել է նախարարը՝ հատկապես ընդգծելով հաշմանդամություն ունեցող մարզիկների կողմից 38 մեդալ նվաճելու հանգամանքը:
Նախարարի խոսքով՝ շարունակվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների խրախուսման ծրագրերը. «Ունենք մարզիկներ, որոնք պետական ծրագրերի շրջանակում ամսական 1 մլն և ավելի դրամ խրախուսում են ստանում, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ իրենց մարզավիճակի վրա և ավելի լավ արդյունքներ ցուցաբերել»:
Մեծածավալ աշխատանքներ են արվել մասսայական սպորտի ոլորտում, մասնավորապես՝ «Վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերին ունեցել են ավելի շատ մասնակիցներ: «Վարչապետի գավաթ» մրցաշարերում փոփոխություններ են եղել, և դրանցից 3-ն արդեն դպրոցականների համար են անցկացվում՝ նրանց շրջանում խրախուսելով և մոտիվացնելով սպորտով զբաղվելը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անցկացվել են սպորտլանդիա և սպարտակիադա մրցումները, որոնց մասնակցել է ավելի քան 30 հազար աշակերտ:
Հայաստանում անցկացված խոշոր միջազգային առաջնությունների մասին
Նախարարը կարևորել է նաև 2023 թվականին Երևանում անցկացված խոշոր միջազգային առաջնությունները, որոնք բարձր գնահատականի են արժանացել միջազգային ֆեդերացիաների կողմից: «Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման մակարդակն ու որակը բերել են նրան, որ այժմ մեր երկրին է վերապահվել աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, ինչն աննախադեպ է: Սա մեր շարունակական քաղաքականությունն է. արդեն իսկ բազմաթիվ առաջիկա մրցաշարեր պլանավորված են, որոնցից ամենախոշորը Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերի անցկացումն է Հայաստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մարզերում երիտասարդության կենտրոնների ստեղծման մասին
Երիտասարդության ոլորտին անդրադառնալով՝ նախարարը նշել է՝ երիտասարդական կենտրոնների ձևավորումը մարզերում պետության առանցքային քաղաքականության մաս է: Նախորդ տարի կենտրոններ են բացվել Դիլիջանում և Ապարանում, գործող կենտրոններ կան Իջևանում և Մեղրիում: Կենտրոնների ստեղծումը հաջողված նախաձեռնություն է մարզերում երիտասարդական միջավայրի, ոչ ֆորմալ կրթության, շփման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման տեսանկյունից: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել նաև ոչ ֆորմալ դասընթացների ուղղություններով, որոնք ավելացել են ավելի քան 22 տոկոսով:
Նախարարը կարևորել է սփյուռքին ուղղված ծրագրերը՝ ուսուցիչների վերապատրաստում, դպրոցներին դասագրքերով ապահովում և այլն: Այս ուղղություններով ավելի մեծ ծավալով միջոցներ են հատկացվել, քան պլանավորված էր նախապես:
Նախորդ տարի արտերկրի բուհերում բացվել են ևս երկու հայագիտական կենտրոններ, և այս տարի նախատեսված է համահայկական ընդհանուր համաժողով:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության իրավունքի ապահովման վերաբերյալ Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ շուրջ 17000 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ:
Սեղմ ժամկետում գործարկվել են բուհերի, քոլեջների և ուսումնարանների սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրերը, որոնք հնարավորություն են բռնի տեղահանված ԼՂ հայրենակիցներին Հայաստանում իրացնել կրթության իրավունքը բոլոր մակարդակներում:
«Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված ուսանող: Ֆինանսական աջակցություն է տրվել նաև բռնի տեղահանված ընտանիքների այն ուսանողներին, որոնք Հայաստանի բուհերի, քոլեջների և ուսումնարանների ուսանողներ էին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների համար գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որը նրանց հնարավորություն է տվել արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում: «Այս պահի դրությամբ 353 ուսուցիչ գործուղվել է մարզային բնակավայրերի դպրոցներ. աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են 30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաև լրացուցիչ 50000 դրամ հավելավճար: Որոշ ուսուցիչներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով. ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ, 500 ուսուցիչներ են աշխատում»,- եզրափակել է նախարարը:
Նախարարը կատարողականի հաշվետվության ներկայացումից հետո պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, կապիտալ ծրագրերի իրականացմանը, նոր դասագրքերի ստեղծմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը, կինոյի ոլորտում ներդրումների վերադարձի մեխանիզմների ներդրմանը և ոլորտային այլ ծրագրերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ