ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ֆեստիվառ» փառատոնը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը

Հունիսի 11, 2024
Մշակութային լուրեր

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին:

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախաձեռնված ծրագիրն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությանը. «Մշակույթի ռազմավարության կարևոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու համապատասխան միջավայրերի ձևավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը: Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային ակտիվության խրախուսմանը:

«Այդ իմաստով «Ֆեստիվառն» իրոք աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել: Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, և ներառել այն քաղաքները, որոնցում կարևորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը: Որակյալ երաժշտության և ծրագրի առկայությանն առանցքային նշանակություն է տրվում: Փառատոնային այս ձևաչափը նաև հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին նորովի բացահայտել Հայաստանը»,- նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաև այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մարզերում տնտեսական կյանքի զարգացման վրա փառատոնի թողած ազդեցությունը. «Փառատոնի ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև տեղի տնտեսվարողներին հարթակի տրամադրումը՝ իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով: Կարևոր է նաև այն փաստը, որ փառատոնային ծրագրում ակտիվորեն ընդգրկված են մարզերի մշակութային խմբերը և հաստատությունները, որոնք օրվա ընթացքում ելույթներ են ունենում՝ ևս մեկ հնարավորություն ունենալով իրենց ստեղծագործություններն ու կատարումները ներկայացնելու հանրությանը»:

Նախարարը բոլորին սիրով հրավիրել է ներկա գտնվելու, հաղորդակից լինելու և վայելելու փառատոնային միջավայրն ու համերգները, ինչպես նաև պատմամշակութային վայրեր այցելությամբ՝ նորովի բացահայտելու Հայաստանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

«Կարծում եմ՝ կարևոր ուղերձ է, որ մենք մշակույթը տանում ենք մարզեր ու նմանօրինակ խոշոր միջոցառումներ կազմակերպում ենք հենց մարզերում: Հանրային հեռուստաընկերության համար ևս սա կարևոր փորձառություն է, քանի որ ոչ թե պարզապես հեռարձակողի դերում ենք, այլ՝ մի մեծ փառատոնի կազմակերպչի: Կարևոր է, որ միջոցառումն այսուհետ կկրի ամենամյա բնույթ: Նախորդ տարվա փառատոնից հետո տարբեր քաղաքներից առաջարկներ ենք ստացել «Ֆեստիվառն» անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը:

Ներկայացնելով «Ֆեստիվառի» ծրագիրը՝ Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր՝ երկու երկրների տարբեր կատարողների մասնակցությամբ, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը՝ ի թիվս այլ արտիստների:

«Շատ կարևոր է, որ փառատոնին մասնակցեն ոչ միայն նշյալ համայնքների բնակիչները, այլև մեր հայրենակիցները թե՛ Հայաստանի տարբեր հատվածներից, թե՛ սփյուռքից, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ, քանի որ «Ֆեստիվառի» երեք հիմնական ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է: Ապահովվելու է նաև փոխադրամիջոց, որը տեղում հյուրերին ուղեկցելու է տարբեր զբոսաշրջային վայրեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան ծանոթանալ տեսարժան վայրերին»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը և տեղեկացրել՝ արդեն իսկ վերոնշյալ երեք համայնքների և մարզերի համար պատրաստվում են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ:

Մյուս կարևոր բաղադրիչը, ըստ Հովհաննես Մովսիսյանի, տեղական արտադրանքի վաճառքն է. համայնքներում տեղական արտադրողներին տրամադրվում են անվճար վրանային հատվածներ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու և վաճառելու համար:

Հիշեցնենք, որ 2023 թվականին հուլիսի 22-ին Վանաձորում, օգոստոսի 12-ին Գավառում և օգոստոսի 26-ին Սիսիանում կազմակերպվել են մեծամասշտաբ համերգներ, որոնց մասնակցել են 2 տասնյակից ավելի արտիստներ և բենդեր: Համերգներին նախորդել են տեղական արտադրանքի տոնավաճառներ: 3 քաղաքում 91 տնտեսվարող անվճար հնարավորություն է ստացել ներկայացնել սեփական արտադրանքն ու ծառայությունները, մեկ օրում գրանցել ռեկորդային ծավալի վաճառք: Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ յուրաքանչյուր մարզի համար երեք լեզվով տպագրվել են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ: Փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 50 հազարից ավելի մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: «Ֆեստիվառը» տուրիստական մեծ աշխուժություն է հաղորդել համայնքներին. հյուրանոցային և հյուրատնային տնտեսություններն այդ օրերին գրանցել են աննախադեպ թվով այցելուներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)