ԱԺ-ում շարունակվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականին իրականացրել է 20 բյուջետային ծրագիր՝ 233 մլրդ դրամ ծավալով: Ազգային ժողովում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես բյուջետային ծրագրերի հանրային ազդեցություններին:
Նոր չափորոշչի ներդրումը մեծացրել է երեխաների մոտիվացիան
«Հանրակրթության բովանդակության բարեփոխման և նոր չափորոշչի ներդրման շնորհիվ երեխաների համար 2 տարվա կտրվածքով 6 ամսվա հավելյալ կրթական արդյունք է ապահովվել: Այսինքն` երեխաներին արդյունավետ սովորելու 6 ամիս ենք վերադարձրել` կրճատելով կրթության տևողության և սովորելու արդյունքի միջև տարիներ շարունակ գրանցված տարբերությունը: Դպրոցներում պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, տարբեր խմբակները: Որոշ դպրոցներում ուսուցանվում է արհեստական բանականության դասընթացը, աշխատանք է տարվում կրեդիտային համակարգի ներդրման ուղղությամբ: Պետությունը սկսել է ֆինանսավորել երկարօրյա հավելյալ դասեր՝ ցածր առաջադիմությամբ աշակերտների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ նոր չափորոշչի ներդրումը հանգեցրել է սովորելու ուղղությամբ երեխաների մոտիվացիայի և հետաքրքրվածության աճի:
Ակադեմիական քաղաք
ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ամենակարևոր ծրագրերից մեկը «Ակադեմիական քաղաքն» է, որի իրագործումը արմատապես փոխելու է մեր երկրի կրթության մթնոլորտն ու միջավայրը. «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում: Քաղաքի համար տեղորոշված շուրջ 700 հա տարածքում ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով միջազգային լավագույն բուհերի հետ ձեռքբերված համաձայնություններ կան, սկսվել են աշխատանքներ բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահին էլ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման, կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ ակադեմիական քաղաքը դառնալու է հանրությանը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը:
Գործում են ուսուցիչների աշխատավարձի բարձրացման տարբեր ծրագրեր
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձը` մինչև 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է վարձատրությունը, տարակարգի նոր մեխանիզմով ավելի քան 100 ուսուցիչ ևս 50 տոկոս հավելավճար է ստանում:
«Այս մեխանիզմները մեր երկրում իրականություն են դարձրել 300 հազար, 400 հազար դրամ վարձատրությունը հարյուրավոր ուսուցիչների համար: Ունենք մինչև 600 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ, որոնք առաջին հերթին իրենց աշխատանքի և ջանքի արդյունքում օգտվել են Կառավարության ընձեռած հնարավորություններից: Այս ամենի շնորհիվ նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3300 նոր ուսուցիչ: Առաջին հայացքից անհավատալի արդյունք է, որը գրանցել ենք շնորհիվ նրա, որ չնայած քննադատություններին ու թերահավատությանը՝ շարունակաբար ջանք ենք դրել ուսուցչի աշխատանքը գրավիչ ու մրցունակ դարձնելու ուղղությամբ: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ արձագանքում են Կառավարության քաղաքականությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ դպրոց նոր մուտք գործած 3300 ուսուցիչների 16%-ը տղամարդիկ են:
Նախարարը նշել է նաև՝ 3300 ուսուցիչների կեսից ավելին աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում. 32%-ը մինչև 30 տարեկան են, իսկ 39%-ը՝ 31-40 տարեկան, ինչը, նախարարի դիտարկմամբ, նաև սերնդափոխության լավ ցուցանիշ է: Ուսուցիչները հատկապես ակտիվ են ներգրավվել բնագիտական առարկաների, ֆիզկուլտուրայի ուղղությամբ, որտեղ տարիներ շարունակ ուսուցիչների պակասի խնդիր է եղել:
«Ճիշտ ճանապարհին ենք և արդեն իսկ ունենք մի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատանքը դառնում է գրավիչ»,- ասել է նախարարը:
Հետազոտողների թվի աճ գիտության ոլորտում
Նախորդ տարվա արդյունքներով գիտության ոլորտ են մուտք գործել շուրջ 150 նոր հետազոտողներ: Դրանով շարունակվել է 2022 թ. սկսված միտումը, որով տասնամյակներից հետո առաջին անգամ գիտության ոլորտում ոչ թե հետազոտողների թվի նվազում է գրանցվել, այլ՝ աճ: 2 տարվա արդյունքում շուրջ 350 նոր հետազոտող է ընդգրկվել բազային ծրագրերում, որոնց մեծ մասը երիտասարդ գիտնականներ են:
«Այս ամենը շնորհիվ նրա, որ գիտության ոլորտում 2021 թ. սկիզբ դրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը: Գիտնականների աշխատավարձն արդեն 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ աճել է մինչև 267%-ի չափով: Գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 280%-ով: Սա միջազգայնորեն մրցունակ է դարձրել գիտության ֆինանսավորումը, որի վառ ապացույցն են նաև այն թվերը, որոնք ունենք տարբեր երկրների գիտնականների՝ մեր ծրագրերին մասնակցության առումով: Այսօր մենք չունենք միջոցի խնդիր: Ունենք որակի և արդյունավետության խնդիր, որի պատճառով, օրինակ, նախորդ տարի ամբողջ բյուջեն չենք բաշխել՝ որակական հստակ պահանջներ սահմանելով ներկայացված հայտերի համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
Մշակույթ. պետական հոգածություն և ստեղծարար տնտեսություն
Մշակույթի ոլորտում, ըստ նախարարի, կարևորագույն աշխատանք էր «Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության» ընդունումը: Նախարարի խոսքով՝ մշակույթն, իհարկե, պետական և հանրային հոգածության հատուկ կարիք ունի, սակայն այն նաև ժամանակակից, ստեղծարար տնտեսության կարևոր ճյուղ է.
«Պահպանել և զարգացնել, ձևավորել ինքնաբավ, չխեղճացած համակարգ, որը դուրս է գալիս անընդհատ փող խնդրողի ավանդական դերից՝ դառնալով հանրային բարիք ստեղծող և գեներացնող»,- նշել է նախարարը
Այս ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հատկապես թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որով խթանվում է մշակութային ակտիվ գործունեությունը՝ կրկնապատկելով հաստատության գրանցած սեփական եկամուտները պետության կողմից: Նախորդ տարի պիլոտային ծրագիրը ներդրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այս տարի՝ նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում:
«Օպերայի թատրոնում աշխատավարձերի ավելի քան 40% աճ է գրանցվել, խաղացանկում նոր ներկայացումներ են՝ նաև հրավիրված արտիստների և բեմադրիչների մասնակցությամբ: Կինեմատոգրաֆիայի օրենքի փոփոխությամբ ներդրել ենք ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը համատեղ ֆիլմարտադրության պարագայում՝ 10-40% վերադարձի հնարավորությամբ, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարն անդրադարձել է նաև թանգարաններում տոմսերի գնային քաղաքականությանը՝ նվազագույնը 1000 դրամ սակագնով, իսկ մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար դարձնելով: Ընդ որում՝ տոմսերի վաճառքից թանգարանների եկամուտներն ավելացել են շուրջ 50%-ով:
«Ավելի քան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել ենք թանգարանների համալրման բյուջեն, ինչի շնորհիվ թանգարաններն այժմ իրենց հավաքածուները համալրելու հնարավորություն ունեն: Էապես ավելացել է թանգարանների միջազգային համագործակցությունը: Այս տարվա սեպտեմբերին Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն ենք սպասում Հայաստանի պատմության թանգարանում: Քննարկվում է Լուվրի և այլ խոշորագույն թանգարանների հետ համատեղ ցուցադրությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև ներկայացրել է՝ էական միջոցներ են հատկացվել հուշարձանների վերականգնման և ամրակայման աշխատանքների նպատակով. նախորդ տարի այն կազմել է ավելի քան 563 մլն դրամ, որը շուրջ երկու անգամ ավելի է, քան 2022 թվականին:
Արգելոց-թանգարանների շուրջ սկսվել է տեղեկատվական մոդուլային կենտրոնների ձևավորումը: Ավելի քան 20 տարվա դադարից հետո նոր հուշարձան է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցման: Ոչ մշակութային ժառանգության ուղղությամբ կարևոր աշխատանքներ են արվել՝ Գյումրու դարբնության ավանդույթը գրանցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում, թվային շտեմարաններ ստեղծելով ազգային ավանդական ավելի քան 250 ուտեստների համար:
Նախարարի խոսքով՝ աշխատանքի կարևոր ուղղություն է եղել նաև մշակույթի ապակենտրոնացումը, որի շրջանակում իրականացվում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մարզային փառատոնը, այն այսուհետ կկրի ամենամյա բնույթ: Իրականացվում են նաև հոգևոր երաժշտության ամենամյա փառատոնը, ինչպես նաև հեղինակային երգի փառատոն Ջերմուկում, որն այս տարվանից նաև մրցութային կդառնա:
Սպորտ. 10 խոշոր միջազգային առաջնությունների պայմանավորվածություններ կան
Սպորտի ոլորտում շուրջ 10.3 մլրդ դրամի պետական ներդրումներ են իրականացվել, ինչը շուրջ 5 անգամ ավելի է 2018 թ. նույն ցուցանիշից: Նախարարի գնահատմամբ՝ հենց այս շարունակական ջանքերի շնորհիվ է, որ մեր մարզիկները 2023 թ. գրանցել են աննախադեպ արդյունք՝ միջազգային ամենատարբեր հարթակներում նվաճելով 445 մեդալ:
«Նախորդ տարվա դեկտեմբերին հաստատել ենք ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որն այս ոլորտում առաջին նմանօրինակ փաստաթուղթն է: 5 խոշոր միջազգային առաջնություններ ենք անցկացրել՝ նախորդ 30 տարիների հանրագումարի չափով: Դրանց իրականացման բարձր մակարդակը Հայաստանը դարձրել է կարևոր վայր միջազգային սպորտային քարտեզում: Առաջիկա տարիների համար արդեն շուրջ 10 խոշոր միջազգային առաջնությունների պայմանավորվածություններ ունենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Հիմնական ռեսուրսը մարդն է
Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի:
«Մարդն է մեր երկրի հիմնական ռեսուրսը, որը կառավարության տեսլականն է: Այս մոտեցումը հիմնավորվում է շատ պարզ փաստով. համավարակի պայմաններում և դրանից հետո նույնիսկ զարգացած երկրներում կրթության ոլորտին հատկացվող պետական միջոցները նվազեցին միջինում 13%-ով: Չնայած դրան ու նաև այն հանգամանքին, որ, բացի համավարակից, մեր պետության առջև բազմաթիվ այլ մարտահրավերներ են ծառացել, վերջին տարիներին կրթությանը հատկացվող միջոցների աճ ենք գրանցում յուրաքանչյուր տարի: 2024 թ. այդ աճը 2023 թ. նկատմամբ 38% է: Սա է ճանապարհը՝ զարգացման օրակարգը դարձնել գերակայություն և դրան հետևել հետևողական ու առանց հոգնելու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ