ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 13, 2024
Մշակութային լուրեր

Գորիսում այսօր տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում, իսկ այդ պատվին քիչ գրողներ են արժանանում. «Սա խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության մասին. դրանք ապրում են և մի մասն են մեր իրականության և կյանքի: Սա, թերևս, ամենակարևորն է, որով մենք կարող ենք արժևորել և շարունակել այն կարևոր ուղին, որը սկսել էր և, ցավոք, վաղ տարիքում կիսատ մնաց Բակունցի համար: Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու և մտածելու տեղ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջին հերթին դպրոցում պետք է ամենայն խորությամբ և մանրամասնությամբ ուսումնասիրել մեր կարևոր հեղինակներին, որոնցից մեկն էլ Բակունցն է:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Բակունցի արվեստը և գրական ժառանգությունը, շեշտել է՝ նա նոր գույն է բերել հայկական արձակին, և դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունց. «Բակունցի լեզուն և պատմելու ոճը երևակայական աշխարհներ են բացում. ես ինքս դեռ պատանի տարիքից եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում և դաշտում: Բակունցն ինքը բնության մի կտոր է: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ արդեն ավելի քան մեկ դար Գորիս ասելիս պատկերացնում ենք Բակունցին, իսկ Բակունցի անունը լսելիս մեր աչքի առաջ հառնում է Կյորեսը՝ իր չքնաղ գույներով և արևին ձգտող բնակիչներով:

«Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Կարծում եմ, որ հենց այստեղ բոլորս մտովի խոստանալու ենք ինքներս մեզ՝ ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել և փայփայել այս հողը»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև թանգարանի ենթակառուցվածքային պայմաններին: Վարդան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են ավելի մեծ թվով դպրոցականների և այլ այցելուների ներգրավել՝ ներկայացնելով Բակունցի գրական ժառանգությունն ու ապրած կարճ, սակայն բովանդակալից ու ողբերգական կյանքը:

Քննարկվել են նաև թանգարանի այգում մոդուլային սրահի կառուցման մանրամասները, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սա հնարավորություն կտա միջոցառումները պատշաճ կազմակերպել ոչ միայն ամռանը՝ բակում, այլև ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:

Հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացումներով հանդես են եկել Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի է ունեցել համերգային ծրագիր, հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաև կայացել են ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվել են հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)