ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար

Հունիսի 17, 2024
Սպորտային լուրեր

2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, լիարժեք կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին, կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Հիշեցնենք՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝

  • 1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, հրաձգություն, շախմատ, աթլետիկա),
  • 2-րդ խումբ` հեռանկարային (ձյուդո, բասկետբոլ, հեծանվային սպորտ, սուսերամարտ, կարատե, ջրացատկ, գեղասահք, սամբո, վոլեյբոլ, դահուկային սպորտ, լող, թաեքվոնդո, ուշու),
  • 3-րդ խումբ` ծրագրային (հանդբոլ, սեղանի թենիս, թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, բադմինթոն, նետաձգություն, կանոէ, խոտի հոկեյ, առագաստանավային սպորտ, ակրոբատիկա, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, սպորտային պարեր և այլ մարզաձևեր):

Հենակետային մարզաձևերի ֆեդերացիաներին տրամադրվելիք ընդհանուր գումարը կկազմի շուրջ 158 մլն, հեռանկարային մարզաձևերինը՝ 11,38 մլն, իսկ ծրագրային մարզաձևերինը՝ 26 մլն:

Ավելի քան 54 մլն դրամ էլ կհատկացվի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ 2024 թվականի ընթացքում Երևանում կայանալիք աշխարհի նախընտրական փուլի, Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, ինչպես նաև ԱՄՆ-ում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին և միջազգային ընկերական մրցաշարին մասնակցելու, կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար մարզական ֆեդերացիաներին անհրաժեշտ է 249,557.3 հազար դրամ լրացուցիչ գումար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն