ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

Հունիսի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մինչև 2024 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ ԿԳՄՍ նախարարության կողմից պետք է մշակվի և Կառավարության որոշմամբ հաստատվի օրենքի նախագիծը:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի համակարգելու ՀՀ-ում երիտասարդության ոլորտը՝ ստեղծելով պետական վարչարարությունն իրականացնելու մեխանիզմներ, ինչպես նաև կնպաստի ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն: Օրենքը կհանդիսանա շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մասնակցային գործընթաց, որի արդյունքում նախարարի հրամանով ձևավորվել է նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Այն կազմված է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խումբը գործել է հինգ ենթախմբերով, որոնք համակարգել են աշխատանքային խմբի անդամները՝ ըստ ոլորտային դերակատարման համապատասխանության: Նախագծի մշակմանը մասնակցել են նաև հրավիրված փորձագետներ՝ երիտասարդության և իրավական ոլորտներից, ինչպես նաև աջակցել են մի շարք միջազգային գործընկերներ: Խումբն ուսումնասիրել է Լատվիայի և Լիտվայի երիտասարդական քաղաքականության իրավական դաշտը, նախագիծը քննարկվել է ՀՀ բոլոր մարզերում՝ ՏԻՄ երիտասարդության հարցերով զբաղվող պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների հետ (շուրջ 3 տասնյակ քննարկում, շուրջ 1000 մարդ): Նախագիծը լրամշակվել է վերոնշյալ քննարկումների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հետ քննարկման արդյունքում:

Նախագծով սահմանվել են պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ, ինչպիսիք են՝ «Երիտասարդ», «Երիտասարդական աշխատանք», «Երիտասարդական կենտրոն», «Երիտասարդական կազմակերպություն» և այլն, որոնց միջոցով պետությունն իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականություն: «Երիտասարդ» հասկացության սահմանման համար հիմք են հանդիսացել տեսական մոտեցումները՝ երիտասարդական ուսումնասիրությունների տեսամեթոդաբանական հենքը և ՀՀ-ում առկա երիտասարդական աշխատանքի փորձը՝ համադրված միջազգային և, մասնավորապես, Հայաստանի հետ համադրելի ժողովրդագրական պատկեր ունեցող և զարգացման ճանապարհ ընտրած եվրոպական մի շարք երկրների փորձով։

Հիմք ընդունելով Հայաստանում երիտասարդների տարիքային միջակայքը սահմանող իրավական, սոցիալական զարգացմանը միտված պայմանները, ինչպես նաև տեղական պրակտիկան և միջազգային մոտեցումները` որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35-ը: Այս տարիքային տիրույթում են կենտրոնացված հայ հասարակության մեջ երիտասարդների ամբողջական զարգացմանն ու բարեկեցությանն աջակցելուն ուղղված առաջնահերթությունները։

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը:

Նախագծով սահմանվել է նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին հասկացությունը, որը ՀՀ ողջ տարածքում միավորում է երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքներն ազգային ու միջազգային մակարդակներում։

Փաստաթղթով սահմանվել են նաև ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքներն ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունները և գործառույթները, կարգավորվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Այսպիսով՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)