ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանկավարժական փորձի շուրջ խորհելու ժամանակը. մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը

Հուլիսի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը:

Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում կրթության ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ բոլոր քննարկումներն ու ելույթները, փորձի փոխանակման ձևաչափերը կատարված աշխատանքի արժևորման ևս մեկ հնարավորություն են: «Աշխատաժողովը կարևոր է ոչ միայն փորձը կիսելու, այլև փորձի շուրջ խորհելու առումով»,- ասել է նա:

Դպրոցում սովորելը երեխաների համար սիրելի դարձնելը՝ առաջնային խնդիր

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ անցնող ուսումնական տարին բարդ էր՝ պայմանավորված մի շարք փոփոխություններով. «Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվեց երեք դասարաններում, փոխվեց դպրոցների ֆինանսավորման մեխանիզմը և այլն: Արագությամբ ընթացող փոփոխությունների պարագայում բարդ է տեղերում աշխատել և արագ կողմնորոշվել՝ պահպանելով արդյունավետությունը և նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Ուսումնական տարվա ընթացքում մեր հանդիպումներն ուսուցչական համայնքի հետ ցույց են տվել, որ չնայած բարդություններին՝ գրանցել ենք դրական արդյունքներ: Թեև դրանք փոքր են կամ միգուցե ոչ այնչափ, որքան ակնկալվում էր ի սկզբանե, բայց, այնուամենայնիվ, ունենք դրական դինամիկա»:

Արաքսիա Սվաջյանը նշել է՝ ցանկացած նոր գործընթաց իր հետ բերում է փորձություններ և բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները հենց այսպիսի աշխատաժողովների ընթացքում է նաև հնարավոր գտնել:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մանկավարժական համայնքն ակտիվ լինի այս գործընթացում, և կիրառման փուլում հենց իրացնողներից ստանանք արձագանք: Կարևոր է, որ չափորոշչի վերաբերյալ արձագանքները դրական են ոչ միայն մանկավարժներից, այլև աշակերտներից, որոնք վստահեցնում են՝ ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական է դարձել, փոխվել է մոտիվացիան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա կարևորել է նաև ծնողական համայնքի արձագանքը, ըստ որի՝ փոփոխություններ են նկատվում թե՛ երեխաների զբաղվածության ու հետաքրքրություններին, թե՛ դպրոցի հետ հետադարձ կապի կազմակերպման հարցերում:

Որպես խնդիր՝ փոխնախարարը մտահոգիչ է համարել երբեմն հնչող կարծիքները, թե երեխաները չեն ուզում սովորել դպրոցում. «Մեզ համար առաջնային է դպրոցում ճիշտ մթնոլորտ ձևավորել՝ կարևորել ամենաառաջին կարողունակությունը՝ սովորեցնել սովորել, որ երեխաները հասկանան՝ ինչու սովորել և սովորելու դեպքում ինչ արդյունքի կհասնեն»,- ասել է նա:

Նոր դասագրքերի մեծ մասը երաշխավորվել է տպագրության

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ առաջիկա ուսումնական տարում ևս 4 դասարանում ներդրվելու է հանրակրթության պետական չափորոշիչը: Դասագրքերն արդեն փորձաքննվել են. մեծ մասն արդեն երաշխավորվել է տպագրության, մի մասն էլ կրկնակի փորձաքննության փուլում է:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի օգոստոսի վերջին տասնօրյակում բոլոր դպրոցներն ապահովված լինեն դասագրքերով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շեշտելով

դասագրքերից օգտվելու ստանդարտ ձևերից հրաժարվելու և դրանք ավելի ճկուն օգտագործելու կարևորությունը:

«Նոր ձևաչափերով դասագրքերը գուցե ուսուցչի համար որոշակի դժվարություն առաջացնեն, բայց մյուս կողմից՝ մանկավարժությունը ստեղծագործական գործընթաց է, և մենք քաջալերում ենք, որ դասերը տարիներ շարունակ կրկնված ձևաչափերից մի փոքր դուրս գան ու դառնան ճկուն ու ստեղծագործ՝ ժամանակին համընթաց: Դա ենթադրում է՝ անել հնարավորը, որ այսօրվա հետաքրքիր, խելացի, ինֆորմացված, ակտիվ սերունդը սիրի սովորելը հենց դպրոցում: Մեր դպրոցները պետք է դարձնենք այն միջավայրը, որ երեխաները ոչ թե ուրախանան արձակուրդ գնալիս, այլ ափսոսան, որ դպրոց չեն հաճախելու»,- իր տեսլականն է ներկայացրել Արաքսիա Սվաջյանը:

Գործարկվելու է դպրոցի տնօրենի հավակնորդների վերապատրաստման ծրագիր

Փոխվել է դպրոցների կառավարման մոդելը. տնօրեններն ազատվել են վարչատնտեսական խնդիրներից, որոնք զբաղեցնում էին նրանց ժամանակի գերակշիռ մասը: Արաքսիա Սվաջյանը նշել է՝ բազմաթիվ դպրոցներում այժմ չկան տնօրեններ. նույնիսկ մի քանի անգամ հայտարարված մրցույթների արդյունքում այդ տեղերը չեն համալրվում:

Այս մտահոգիչ պատկերը խոսում է ոլորտի բացերի մասին՝ օրախնդիր դարձնելով ուսուցչական, կառավարչական համայնքների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը. «Առաջիկայում ունենալու ենք դպրոցների տնօրենների հավակնորդների խորքային վերապատրաստման ծրագիր՝ 7 ամիս տևողությամբ: Այդ ընթացքում նրանք սովորելու են զարգացման ծրագիր գրել՝ լրամշակելով իրենց ներկայացրած զարգացման ծրագրերը՝ փորձագետների աջակցությամբ: Ավարտողներն ունենալու են պատրաստի զարգացման ծրագիր, և հաջողությամբ պաշտպանելու դեպքում կդառնան տնօրենների պոտենցիալ թեկնածուներ: Փորձում ենք դպրոցներին ազատել կրթության որակի հետ ուղիղ կապ չունեցող բոլոր գործընթացներից: Որոշ ծառայությունների համար արտապատվիրակման մեխանիզմն է ներդրվելու. կան կազմակերպություններ, որոնք հստակ գիտեն, թե ինչ է դպրոցի պահպանությունը, գնումների գործընթացը և կկարողանան հաջողությամբ իրականացնել այդ գործառույթները»:

Փոխնախարարը կարևորել է նաև դպրոցներում պատշաճ ենթակառուցվածքների, միջավայրի, անհրաժեշտ գույքի և ուսումնալաբորատոր բազայի ապահովումը: Տավուշի և Արմավիրի մարզերի բոլոր դպրոցներում արդեն առկա են լաբորատորիաներ. մինչև տարեվերջ կհամալրվեն նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզի դպրոցները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)