ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Հուլիսի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:

Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակել է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերությունը:

Գլխավոր հատակագծի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ բուհերի ղեկավարներ, ակադեմիական հանրույթի, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ծրագիրը կարևորելու և ներկա լինելու համար: Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականի վերջնական տարբերակի ներկայացումից հետո կնախանշվեն հաջորդ քայլերը: «Որպեսզի այսօր ներկայացվելիք տեսլականը դառնա իրականություն, միանգամից տարբեր ուղղություններով տարաբնույթ աշխատանքներ պետք է իրականացվեն: Դրանց զգալի մասն արդեն պլանավորված է և նախապատրաստական փուլում է»,- նշել է նախարարը:

Հանրային լսումներ են լինելու. հատակագիծը կներկայացվի նաև բուհերում

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ: «Ուսումնական տարվա սկսվելուն պես նախատեսում ենք գլխավոր հատակագիծն առանձին ներկայացնել նաև բուհերում՝ դասախոսական և ուսանողական կազմերի հետ մանրամասն քննարկելով ծրագիրը: Պլանավորում ենք հնարավորինս լայնամասշտաբ հանրային քննարկումներ, որովհետև այս ծրագիրը հանրությունը վերափոխող ծրագիր է: Եթե խոսում ենք նման նշանակության ծրագրի մասին, ապա առաջնայինը հանրային մասնակցությունն է: Հույս ունեմ, որ ակադեմիական, գիտական շրջանակները կլինեն մեր կողքին, որովհետև մենք այդ աշխատանքը միասին անելու կարիք ունենք»,- ասել է նախարարը:

Հանրությանը վերափոխող ծրագիր

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ակադեմիական քաղաքի նախագիծը նաև հանրությանը վերափոխող ծրագիր է, քանի որ սկսած քաղաքաշինական միջավայրից՝ այն հանրային կյանքի նոր որակ և փորձառություն է բերելու: «Ակադեմիական քաղաքը միայն միջավայրի և ենթակառուցվածքի մասին չէ. բովանդակային աշխատանքը նույնպես պլանավորվող և զուգահեռ ընթացող գործընթաց է՝ միջազգային տարբեր գործընկեր բուհերի ներգրավվածությամբ բարձրագույն կրթության և հետազոտության, դրանք ավելի մրցունակ ու բարձրորակ դարձնելու աշխատանքների շուրջ: Այս բոլոր աշխատանքները սկսելով և շարունակելով՝ ամենակարևորն առաջ գնալու հետևողականությունն է: Պարզ է՝ սա մեկ կամ երկու տարվա ծրագիր չէ, և որպեսզի տեսնենք ցանկալի արդյունքը, համատեղ և սրտացավ աշխատանք պետք է կատարենք: Փոփոխություններին այլընտրանք չունենք, քանի որ բարձրագույն կրթության և գիտության միջավայրի համար զարգացման տանող նոր մոդելը օրախնդիր է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն ունի այդ աշխատանքն անելու պատրաստակամությունն ու հետևողականությունը, որն առկա է նաև մասնագիտական, ակադեմիական և գիտական դաշտում:

Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր առավելությունները՝ նա նշել է՝ ամենակարևորն ակադեմիական միջավայրն է, որը նաև նոր ենթակառուցվածքներ և կրթական հնարավորություններ է ընձեռում: «Ակադեմիական քաղաքը, բացի կրթական միջավայրից, 24/7 ռեժիմով հասանելի կենտրոն է լինելու ոչ միայն գիտնականների և ակադեմիական գործունեություն ծավալող անձանց, այլև, առհասարակ, հասարակության տարբեր շերտերի համար: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաև մշակութային, սպորտային հաստատություններ, առևտրի կենտրոն և հանրային նշանակության այլ կառույցներ»,- ասել է Թոբիաս Քեյլը: Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը և այլն: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին:

Առաջին փուլով նախնական հաշվարկով ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

Կկառուցվի Ազգային ստադիոն

Ակադեմիական քաղաքը կապահովի կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցություն՝ ներառելով վիրտուալ, սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքներ։ Այն կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար: Քաղաքում պլանավորվում է կառուցել Ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչև 35 հազար հանդիսատեսի համար:

Լինելու են հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

Ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր։ Դասախոսական աշխատանքի կառուցվածքը էապես կփոխվի՝ ներառելով օրվա ընթացքում ավելի քիչ դասավանդում և ավելի շատ ուսումնասիրություններով և հետազոտություններով զբաղվելու հնարավորություն։ Կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։

Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն:

Համագործակցություն՝ միջազգային հեղինակավոր կառույցների հետ

Ակադեմիական քաղաքի կառավարման, կազմակերպությունների միավորման, կլաստերների հայեցակարգերի մշակման աշխատանքներում ներգրավված են միջազգային հեղինակավոր կառույցներ։ Արվեստների կլաստերի շուրջ համագործակցություն է ծավալվել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը 6 արվեստի բուհերի միավորման արդյունքում ձևավորված բուհ է: Տեխնոլոգիական կլաստերի մշակման և ակադեմիական քաղաքի կառավարման ուղղությամբ համագործակցություն է սկսվել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ՝ որպես բազմաճյուղ, ստարտափերի ընդգրկուն համակարգ ունեցող կառույց, առաջիկայում պլանավորվում է կրթական կլաստերի շուրջ համագործակցություն մեկնարկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթական ինստիտուտի հետ։ Ծրագրին իրենց խորհրդատվությամբ և առաջարկներով մեծապես աջակցում է սփյուռքահայ գիտնականների ցանցը (ASOF): «Ակադեմիական քաղաք» ծրագրով հատկապես հետաքրքրված են մասնավոր ոլորտի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները, որոնք այնտեղ ունենալու են իրենց գրասենյակները՝ ապահովելով գիտելիքի առևտրայնացման շղթան։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…