ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ «Տարվա իմիջային փիառ» անվանակարգի հաղթող

Հուլիսի 17, 2024
Սպորտային լուրեր

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023 թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցանակը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ բացառիկ բարձր մակարդակով անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը փոխել է Հայաստանի սպորտային իմիջը:

«Հայաստանն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցող երկիր էր, իսկ այսօր արդեն՝ նմանօրինակ առաջնություններ կազմակերպող: Միայն այս առաջնությանը տարբեր հարթակներով հետևել է մի քանի միլիոն մարդ: Միջազգային ֆեդերացիայի նախագահն առաջնությունից հետո հայտարարեց, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել ծանրամարտի աշխարհում, և նաև դրա շնորհիվ ՀՀ-ին վստահվեց 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում սպասվելիք մարզական միջոցառումները և վստահեցրել, որ դրանք ևս անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:

Հիշեցնենք՝ Երևանում 2023 թ. ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցել է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվել է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա PR տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։

Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն