ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպայի համալսարանական խաղեր. Գևորգ Բեգլարյանը՝ պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր

Հուլիսի 25, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը դարձել է Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) ծրագրով անցկացվող պարա սեղանի թենիսի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նրան ուղեկցել է մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ավարտված խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 թիմերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։

Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ թենիսիստները հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ և պայքարել են մինչև վերջ։

Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս․ Դեմիրելի համալսարանը և Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ է տարել, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվել են մեկական հաղթանակով։

Ավելի վաղ ՀՖԿՍՊԻ ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:

ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել էր ֆուտզալի մրցումների ղեկավար:

Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցել է 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարն անցկացվել է 20 մարզաձևից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն