ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում»․ Ժաննա Անդրեասյան

Հուլիսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։

Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ ազդեցություն) խորագիրը և նպատակ ունի Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել կանանց տաղանդն ու նպաստել նրանց զորեղացմանը, ինչպես նաև կանանց կապել տեխնոլոգիաների հետ՝ խթանելով նրանց շրջանում այս ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունը։ Այս տարի կոնֆերանսի ընդհանուր թեման արհեստական բանականությունն է։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հարթակների զարգացումն ու տարածումը:

«Համոզված եմ՝ մեր աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում: Նմանօրինակ միջավայրերը, որտեղ հնարավորություն կա տեսնելու ուժեղ կանանց, լսելու նրանց հաջողությունների մասին և ստեղծելու համագործակցության հեռանկարներ, վստահ եմ՝ թույլ կտան հաղթահարել սեփական վախերն ու գնալ մեծ երազանքների հետևից: Սա նաև կրթության անելիքն է, որին մենք հանձնառու ենք մեծ պատասխանատվությամբ: Չորս տարի առաջ այս օրերին մենք քննարկում էինք Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ այսօր արդեն խոսում ենք դրա արդյունքների մասին: Հանրակրթության նոր չափորոշիչը, որի հատուկ շեշտադրումն է ԲՏՃՄ ուղղությունների զարգացումը, արդեն փորձարկվել է և այժմ փուլային եղանակով տեղայնացվում է ՀՀ բոլոր դպրոցներում։ Չափորոշչի փորձարկման անկախ գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ այն գենդերազգայուն է և աղջիկներին խրախուսում է սովորել ԲՏՃՄ առարկաները, գրանցել հաջողություններ և շարունակել իրենց ուսումնասիրությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ մասնավորապես կրթական ենթակառուցվածքների բարելավման, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ բոլոր դպրոցներում ստեղծվում են բնագիտական առարկաների լաբորատորիաներ, որոնք, նախարարի դիտարկմամբ, գիտելիքները փորձարկելու և դրանց կիրառությունը տեսնելու հնարավորություն են ապահովում: Նա նաև նշել է՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ: Նախարարն անդրադարձել է նաև բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսման մեխանիզմներին՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվանից մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների հավելավճարի ծրագիրը՝ երիտասարդ ուսուցիչների մուտքը դպրոցներ խրախուսելու համար: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս տարվա արդյունքներով ավելի քան 3000 նոր ուսուցիչներ են սկսել իրենց աշխատանքը հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված ծրագրերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում: Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է ԹՈՒՄՈ կենտրոնի ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնք մեծապես զարգացնում են երեխաների տեխնոլոգիական կրթության հնարավորություններն ու ստեղծագործականությունը: Նախարարը անդրադարձել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաների, ինչպես նաև 16 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրերին:

«Վստահ եմ՝ տեխնոլոգիական կրթության ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի և արդեն իսկ բավական մրցունակ է: FemInno-ն և նմանօրինակ մյուս հարթակներն օգնում են մեր ընդհանուր օրակարգերին: Շատ ոգևորիչ և գոտեպնդող է տեսնել, որ մեծ թվով մարդիկ հավաքվել են լավ գաղափարների քննարկման շուրջ: Սա նշանակում է՝ ամեն ինչ, այդ թվում՝ այսօրվա մարտահրավերները, հաղթահարելի են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

FemInno-ի հիմնադիր Սեդա Պապոյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ կոնֆերանսը նպատակ ունի ցույց տալ, որ Հայաստանի կանայք նորարարության ոլորտում բավարար տաղանդ և ունակություններ ունեն: Միջոցառման շրջանակում հայտարարվել է նաև Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT-ի հետ գործընկերության մեկնարկի մասին:

FemInno երկօրյա տեխնոլոգիական համաժողովում նախատեսվում են մի շարք ելույթներ ու քննարկումներ․ ներկայանալու են խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիա, եվրոպական այլ երկրներ։ FemInno-ն երկու անգլերեն բառերի՝ «Feminine» և «Innovation» (կանացի և նորարարություն) բառերի միացությունն է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)